Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվեց Բալթյան երկրների հայոց թեմը: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված է.
«ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ,
ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
Գոհութիւն ենք յայտնում Ամենակալն Աստծուն, որ մեր Սուրբ Եկեղեցին իր դարաւոր առաքելութեան արդիւնաւորմամբ այսօր նոր ձեռքբերումներով է զարդարում իր սպասաւորութիւնը հաւատաւոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփիւռս՝ առաջնորդելով իր զաւակներին փրկութեան Տէրունաշնորհ ճանապարհով:
Ուրախութիւն է Հայրապետիս համար, որ աշխարհի տարբեր երկրներում հաստատուած մեր համայնքներում հիմնադրուում են նաև նոր ծուխեր, որոնք նպաստում են հոգևոր-եկեղեցական կեանքի զօրացմանն ու առաջընթացին:
Գոհունակութեամբ ենք անդրադառնում, որ Բալթեան երկրների հայկական ծուխերն ու համայնքները տարիներ շարունակ եղել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր խնամքի ու հոգածութեան ներքոյ, և շնորհիւ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի ներդրած գովելի ջանքերի՝ բարեզարդուել է տեղի հայութեան հոգևոր-եկեղեցական կեանքը։
Հայրապետական այսու Կոնդակով գոհունակ սրտով Լատուիայի, Լիտուայի և Էստոնիայի Հանրապետութեանց հայկական եկեղեցական համայնքների միաւորումով հաստատում ենք Բալթեան երկրների հայոց թեմը՝ առաջնորդանիստ կենտրոն ունենալով Ռիգա քաղաքը: Բալթեան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանին։
Հայրաբար յորդորում ենք Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակներին, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինեն Թեմակալ Առաջնորդին` ի շինութիւն և ի պայծառութիւն նորաստեղծ թեմի: Վստահ ենք, որ միասնական իրագործումներով, նոր յաջողութիւններով, եկեղեցականաց և նրանց լծակից Մեր եկեղեցանուէր հայորդեաց եռանդուն գործունէութեամբ պիտի բարգաւաճի նորահաստատ թեմը, զօրանա հոգևոր խնամքը Մեր սիրելի զաւակների և պայծառանայ նրանց ազգային ու եկեղեցական կեանքը:
Թեմի հաստատման այս ուրախ առիթով շնորհաւորում և Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում թեմի հոգևոր դասին, եկեղեցական վարչութեանց բարեջան անդամներին և բարեպաշտ հ աւատացեալներին:
Աղoթում ենք առ Ամենակալն Աստուած, որ միշտ շէն ու բարօր պահի Բալթեան երկրների Հայոց թեմը և յաւէտ պայծառ ու անսասան՝ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:
«Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ սէրն Աստուծոյ ընդ ձեզ ամենեսին»:
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 24-ն Յունուարի
յամի Տեառն 2020 և ի թուին հայոց ՌՆԿԹ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 1001»:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում