Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է»

Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է իր 14-ամյակը։ Այս տարիների ընթացքում նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մեծ ներդրում է ունեցել հայկական երաժշտության, կատարողական արվեստի պահպանման ու զարգացման գործում։ Նվագախումբը մշտապես հանդես է գալիս նոր գաղափարներով, հետաքրքիր ու բացառիկ նախագծերով։ 2019 թվականին նման նախագծերից էր «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որը մեծ արձագանք ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան այս նախաձեռնությանը՝ նշելով վերջինիս մեծ դերը համաշխարհային երաժշտական կյանքում։

«Ժամանակակից դասականներ» փառատոնի երեկոներից մեկը նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի արվեստին։ Ինչպես նշում է կոմպոզիտորը‚ փառատոնի շրջանակներում Լեհաստանը ներկայացրեց Քշիշտոֆ Պենդերեցկին, Միացյալ Թագավորությունը՝ Կառլ Ջենկինսը, Ռուսաստանը՝ Ալեքսանդր Չայկովսկին, վրացական դասական երաժշտությունը՝ վաղամեռիկ Գիա Կանչելիի արվեստը եւ այլն։ «Պետք է հիշենք նաեւ մեծանուն մենակատարներին, որ հյուրընկալվեցին մեզ. Գիդոն Կրեմերի, Յուրի Բաշմետի ներկայությունը մեր երաժշտական իրականության մեջ աչքի ընկնող երեւույթ է։ Ինձ համար առանձնահատուկ ուրախություն է այն, որ փառատոնին մասնակցեց իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոն, որը կատարեց իմ Թավջութակի կոնցերտը։ Այս անունները, անշուշտ, հարստացնում են մեր երաժշտական կյանքը։ Փառատոնի հետ կապված տպավորությունները երկար ժամանակ ապրելու են մեզ հետ։ Ես լավ տեղյակ չեմ միջազգային երաժշտական փառատոների ծրագրերից, սակայն կարծում եմ՝ նման փառատոների թիվը, որտեղ ներկայացվում են տարբեր երկրների նշանավոր հեղինակներ, մեծ չէ աշխարհում։ Մեր երաժշտական կյանքի համար դա շքեղ մի իրադարձություն էր»։

Խոսելով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շարունակականության մասին՝ մաեստրո Մանսուրյանն այս նախաձեռնությանը մաղթեց ստեղծագործական թռիչք եւ արժանավայել կազմակերպչական աշխատանք. «Պետք է ասեմ, որ փառատոնի հյուրերի շարքում նշանակալի անունների թիվը մեծ էր։ Երբ այսպիսի երաժիշտների հավաք է տեղի ունենում մեր մայրաքաղաքում, լավ կլինի, որ նրանց ներկայությունը կարողանանք առավելաբար օգտակար դարձնել․ համերգներին զուգահեռ լինեն նաև հանդիպումներ բուհական ուսանողության, երաժշտական դպրոցների և տարբեր մշակութային օջախների հետ։ Գիտենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ աշխատանք է կատարում երիտասարդության շրջանում դասական երաժշտությունը տարածելու ուղղությամբ։ Լավ էր, որ այս հյուրընկալված երաժիշտներից մի քանիսը նույնպես հանդիպումներ ունեցան հանրակրթական դպրոցների աշակերտության հետ։ Ենթադրում եմ, որ այն կապերը, որոնք ստեղծվում են հայ երաժշտական կյանքի եւ կոմպոզիտորական բարձր չափանիշներով ներկայացող հեղինակների համագործակցության արդյունքում, իրենց մեջ կարող են ծնել մեծ թվով նոր նախաձեռնողական մտքեր, ծրագրեր։ Մասնավորապես, ցանկալի կլիներ, որ մեր օրերի առաջատար հեղինակները ստեղծագործություններ գրեին հատուկ այս փառատոնի համար»։

Տիգրան Մանսուրյանը բարձր է գնահատում այն փաստը, որ դասական երաժշտությունը հովանավորվում է ինչպես պետության, այնպես էլ առանձին կազմակերպությունների կամ անհատների կողմից։ «Կազմակերպական նման բարձր հմտություն եւ ֆինանսներ պահանջող փառատոնը, անշուշտ, ունի իր աջակիցները։ Եվ փառք Աստծո, առաջինը փառատոնին իր բոլոր հնարավոր միջոցներով աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Հատուկ շնորհակալության է արժանի նաեւ հայազգի երաժշտական կազմակերպիչ, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ՝ Կոնստանտին Իշխանովը։ Ինչպես փաստեց այս փառատոնի ընթացքը, նրա կարողությունները մեծ են, եւ նա նվիրված է հայկական երաժշտությանն ու արժանի է ամենամեծ գնահատանքի ու շնորհակալության։ Այսպիսով՝ մեր երկու խոշոր հովանավորները կայացրին այս փառատոնը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ գործող մեր հրաշալի նվագախմբի ուժերով։ Առանձին գնահատանքի է արժանի ամբողջ նվագախումբը, նրա կատարողական կազմը, կազմակերպական խումբը, նաեւ Սերգեյ Սմբատյանը, ով նորից ու նորից երեւան հանեց կազմակերպչի, դիրիժորի իր ունակությունները՝ դառնալով ամբողջ փառատոնի առանցքային դեմքը։ Մաղթում եմ, որ այս փառատոնը շարունակական լինի, եւ նորանոր էջեր բացվեն հայ երաժշտության զարգացման, ինչպես նաեւ միջազգային երաժշտական հարաբերությունների հարստացման և ամրապնդման ուղղությամբ»,- ամփոփեց մաեստրո Մանսուրյանը՝ ավելացնելով, որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է։

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում