Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի
Նմանատիպ
Չորրորդ հնդուհավի գլուխն էլ առաջին երեքի նման Արշակը պիտի գցեր հարևան Արամի շան առաջ, եթե հենց գլխատման պահին բակ չմտներ անծանոթ մի հայորդի: Քրտնած էր մարդը, քրտինքը թրջել էր վերնաշապկի թևատակերը, սպիտակ շալվարի նստատեղը, ճակատից, հոնքերից կաթիլներ էին ծորել ակնոցի փոշոտ, լայնեզր գլխարկի ստվերից մթնած ապակիներին, որ այլևս թափանցիկ չէին, համենայն դեպս, Արշակին չհաջողվեց տեսնել եկվորի աչքերը:
– Աստծու բարին, – բարևն առավ Արշակը, ուզեց գուշակել, թե ով է այս մարդը և ինչու է հայտնվել իր բակում:
Երբ բաժանում էին թաղի հողերը, Արշակը ուշ էր վրա հասել՝ մշակված սևահողերը այլևս չկային: Անմշակ քարքարուտներ, աղուտներ՝ ինչքան աչքդ կտրում է: Ուզում ես՝ սա է, չես ուզում՝ սա է: Արշակը վերցրել էր քարքարուտը: Նրա հողամասով վերջանում էր թաղը, որովհետև, թեև էլի ուշացողներ էին հայտնվել, բայց և ոչ մեկը նրանցից չէր հավատացել, թե քարքարուտը կարելի է դարձնել բերրի հողակտոր, ուր եթե սերմ գցես՝ ծիլ կտա, ծառ տնկես՝ պտուղ կտա: Իսկ առանց հավատի ո՞վ ձեռքը կառնի լինգը ու կմտնի քարքարուտ:
Արշակի տունը թաղի վերջին տունն էր, ու եթե անծանոթը կտրել-անցել էր թաղը, հասել էր վերջին տանը, նշանակում է գործը կամ իր՝ Արշակի հետ էր, կամ… Ի՞նչ «կամ», աղուտներում ի՞նչ գործ ունի խելքը գլխին մարդը:
– Ջուր ունե՞ք, ջուր, – խնդրեց անծանոթը, և Արշակին այնպես թվաց, որ եթե քիչ ուշացնի ջուրը, ապա եկվորը ափ հանած ձկան պես շունչը կփչի: Նա ցած գցեց արնոտ դանակը, հնդուհավի գլուխը, մի անգամ էլ նայեց վերջին ջղաձգումներով մարող թռչունին ու մոտեցավ ջրհորին: Դույլի մեջ քիչ ջուր կար՝ արևի տակ էր, եռում էր: Տաք ջրով լվաց մատները, դույլը հորը գցեց: Թեթև ճնկըլ էր, փետուր էր, խցան, նախկինն ափսոս չէ՞ր, – ծանր ոնց որ թուջե, – հենց գցում էիր, բլդբլդալով հասնում էր հատակը ու ձիգ պարանի միջով վեր էր վազում ավազների խշրտոցը:
– Էլ հոգս չունեինք, հա՞, – ինքն իրեն դժգոհեց Արշակը, և այնպես դուրս եկավ, թե մորն է բողոքում: Պաղ ջուր խմելու ախորժակով տնից ելած պառավը եկել-տնկվել էր որդու կողքին:
– Ցամաքե՞լ է, Արշակ, – վախեցավ պառավը, բայց հավատը չէր գալիս ու, թեև աչքերը միայն լույսն ու մութն էին ջոկում, կռացավ, գլուխը կոխեց ջրհորի բերանը՝ ստուգելու կասկածը: – Տարին չորային է, – ձայնը խոնավ պատերին քսվելով իջավ, – անցած գիշեր չիմացա՞ր, առուներից ելել, փախչում էին գորտերը:
– Ո՞ւր էին փախչում, – անծանոթին մոռացած՝ հարցրեց Արշակը:
– Հա, դու քնած էիր, հարբել-քնել էիր, իսկ նրանք առուներից ելել, կռկռալով փախչում էին:
Թոկը թափ տուր, Արշակ… Մարդ որ փախչում է, գիտե՞ ուր է փախչում: Մարդ որ փախչում է, վտանգից է փախչում: Գորտն էլ մարդու պես: Ճանապարհին թե ջուր, ճահիճ հանդիպեց, կապրեն, թե չհանդիպեց՝ կսատկեն:
– Թող սատկեն կամ թող մողես դառնան: Հրեն, աղուտներում առանց ջուր ո՞նց է ապրում մողեսը, – Արշակը շտկեց թիկունքը, և ջրից պոկված դույլի ճլփոցն ընկավ պառավի ականջը:
– Առավոտ կանուխ բերանը չար խոսքով չեն բացի, բալա, – պառավը խռոված ետ քաշվեց, նստեց թթենու կոճղին: – Հորը լիքը ջուր է, – փնթփնթաց, – ասում է՝ ցամաքել է:
– Բաղդադում էլ խուրմա շատ կա, – չարացավ Արշակը, – ուտո՞ւմ ես: Քանի անգամ եմ ասել, այ մեր, ջրհորից ջուր մի քաշիր: Տղա ունես, թոռ ունես: Կռներումդ ուժ չկա, պարանը հորի պռնկին քսելով ես քաշում: Պարան չէ, պողպատ էլ լինի՝ քսվելով, քսվելով, քսվելով կմաշվի:
Կես դույլ ջուր հանեց, մոտ կանչեց անծանոթին, սա ձեռքերը բուռ արած քիչ կորվեց, մոռացավ լվացվելուց առաջ հանի ակնոցը:
– Ջրհորն ո՞վ փորեց, Արշակ, – ձայն տվեց պառավը:
– Եթիմը:
– Կանչիր, թող հանի դույլը: Համ կհանի, համ էլ ջրհորը կմաքրի: Աչքերը լցված կլինեն:
Ծարավ էր անծանոթը, բուռ-բուռ ջուրը բերանն էր լցնում, – գետնին կաթիլ չէր ընկնում, – հետո ներողություն խնդրեց, հանեց վերնաշապիկը, շփեց կուրծքը, թևատակերը: Լվացքի լարից ցամքոց էր կախված՝ Արշակը մատնացույց արեց, բայց մարդը թաց-թաց մարմնի վրա հագավ շապիկն ու ձեռքը մեկնեց Արշակին:
– Սամսոն:
– Արշակ, – ներկայացավ տանտերը, – կոճղին նստածն էլ մերս է, թախտին պառկածը՝ տղաս, Դերենիկը, – կամեցավ շարունակել, թե այսպես ու այսպես, ինչպես տեսնում ես, կինս չկա, մեռավ Դերենիկին ծնելիս, և, ուրեմն, մայրս և’ ինձ է պահել, և’ թոռանը, ինձ՝ իր կաթով, թոռանը՝ կովի, իսկ թաղում հնարել են, թե, իբր, հարսին հողին հանձնելու մյուս օրը Շողերը, այսինքն՝ մայրս, արմանք-զարմանքով նկատել է, որ կաթով լցվում-ուռչում է չորացած կուրծքը… Կամեցավ ասել նաև, որ մորթածն էլ հնդուհավ է, որ այդ հնդուհավը, ինչպես և առաջին երեքը, մորթել է մոր հորդորով՝ մատաղի նման մի բան, քանի որ այդ փքվող անասունների մեղքով է հարևան Արամի շան ատամների տակ ընկել Դերենիկը:
Չորս հնդուհավ էին, հարևան Արամինը՝ հինգն են: Հինգ հնդուհավերը չորսին իրենց բակն էին տանում, ու Դերենիկի գործը իրիկունները դրանց տուն բերելն էր: Թալինցի մի քուրդ ձմեռնամուտին շունը բերում, պահ էր տալիս հարևան Արամին, գարնան գլխին գալիս տանում էր սարը: Շան ձմեռելու վարձը կարագ էր, բուրդ, պանիր, մի խոսքով՝ ինչ իջնում է սարից: Անցած գարուն քուրդը չեկավ: Անհանգստացած Արամը մեքենա վարձեց, Թալին գնաց՝ գտնելու շնատիրոջը, բայց չգտավ, որովհետև նրա հարցուփորձին քրդի ազգականներից մեկը պատասխանել էր, որ շնատերն այլևս չկա: Շունը մնաց Արամին:
Գելխեղդ շուն էր, խոշոր, Դերենիկի հասակին, շղթայի օղակներից մե՞կն էր թուլացել, թե կապն էր վզից գլխին անցել, գլխից դուրս պրծել, այդպես էլ չիմացան, քննություն հո չէի՞ն անելու, դատաստան հո չէ՞ր, շուն էր, հարևանի շուն, կծել էր Դերենիկի ձեռքը, ոտքը: Ձեռքի վերքը թեթև էր, ոտքինը՝ ծնկից քիչ վեր, խորն էր, լայն, ամենախոշոր լոբահատն էլ ներս էր խցկվում: Այսքանը լեզվին եկավ, բայց որովհետև չասաց, շփոթվեց, որովհետև Սամսոնն էլ լռում էր, ավելի շփոթվեց ու մի բան ասելու համար վերցրեց հնդուհավի արնոտ գլուխը, որ տանի, գցի հարևան Արամի շան առաջ:
– Ո՞ր ես տանում, – հարցրեց Սամսոնը:
– Հարևանը շուն ունի, – կմկմաց Արշակը:
– Շունը լափ էլ կուտի:
– Ո՞վ է, Արշակ, – անծանոթ ձայնից գլուխ չհանելով՝ հարցրեց պառավը:
– Մերս չի տեսնում, – բացատրեց Արշակը: – Ուզո՞ւմ ես՝ չգցեմ շան առաջ, բայց ի՞նչ անեմ:
– Խորովեք, ու թող ուտի, Դերենիկ էր, չէ՞, անունը, ու թող ուտի Դերենիկը:
Շունն էլ հեռվից առել էր հնդուհավի արյան հոտը՝ կլանչում էր, ատամներով կտրատում շղթայի մետաղը:
– Ես մի ծանոթ ունեմ, ավելի ճիշտ՝ հարևան, – խոսեց Սամսոնը, – աշխատում է քաղաքին կպած թռչնաբուծական տնտեսության սպանդանոցում: Օրական, ի՞նչ եք կարծում, քանի՞ հավ ու հնդուհավ են մորթում այնտեղ: Եթե ձեզ ասեմ տասը հազար հատ, չեք հավատա, ես էլ այնքան չեմ հավատում, բայց հարևանս տասը հազարից պակաս թիվ չի ասում ու ցույց է տալիս պայուսակով տուն բերած հնդուհավերի գլուխները: Իհարկե, ոչ տասը հազար հատ: Ամենաշատը բերում է երեսուն, քառասուն գլուխ: Նրա կինը, տիկին
Աշխենը…
– Աշխե՞նը, – ճչաց պառավը:
– Ճանաչո՞ւմ եք տիկին Աշխենին, – ուրախացավ Սամսոնը:
– Ի՞նչ է անում այդ… տիկինը, – Արշակը աչքով արեց Սամսոնին, որ շարունակի պատմությունը, թեև բոլորովին էլ պետքը չէր, թե ինչ է անում կամ ասում տիկին Աշխենը, գաղթի ճանապարհին կորած մորաքրոջ անվանակիցը:
– Որպեսզի երեխաները չզզվեն, – շարունակեց Սամսոնը, – հարևանուհիս ամեն օր նոր ճաշատեսակ է դնում սեղանին. արգանակ, խորոված, բորշչ, տոլմա, կոտլետ, ինչ ասես կարելի է պատրաստել հնդուհավի գլխից, իսկ դուք տալիս եք շանը:
Սամսոնը կարծես վրեժ էր լուծում առաջին պահերի լռության համար, և Արշակը մտածեց, որ բախտն այսպես ամեն ինչում չի բերում: Որտեղից լույս ընկավ այս շատախոսը, որից չգիտես թե ինչպես պիտի հոգիդ ազատես: Նա դիտավորյալ ոչ զարմանք էր արտահայտում, ոչ հիացմունք, ոչ հետաքրքրություն, որպեսզի անկոչ ու շատախոս հյուրն ավարտի ասելիքը, պարզի գալու նպատակը ու վերջապես գնա իր գործին, թե չէ որ շոգ է, նշանակում է ամբողջ կիրակին պիտի պարապ զրույցո՞վ մթնեցնես:
– Ո՞վ է, Արշակ, – հարցը կրկնեց պառավը, բայց Արշակը չհասցրեց պատասխանել, ու ճիշտն ասած չգիտեր էլ, թե ինչ պատասխանի: Ասի՝ Սամսո՞նն է: Սամսոնն ո՞վ է:
– Դու քանի՞ տարեկան ես, մայրիկ, – պառավի ոտքերի մոտ ծնկեց Սամսոնը, – յոթանասունհի՞նգ, ութսո՞ւն:
– Յոթանասուներկու, – հառաչեց պառավը:
– Քսանութ տարի անց կլինես հարյուր տարեկան: Եթե ամեն մայր ապրի հարյուր տարի, ու նրա ծնած երեխաները էլի հարյուր տարի, ուրեմն, ասա, մայրիկ, Մարիամից սկսած քանի՞ մայրություն է եղել, մինչև ծնվել է, այ, մեր Դերենիկը:
– Բոլորը հարյուր տարի կապրե՞ն, բալա:
– Դժբախտությունն էլ դա է, որ չեն ապրում: Բայց եթե ապրեն… եթե ապրեն, ուրեմն Մարիամից մինչև Դերենիկի ծնունդը տասնինը, քսան մայրություն է եղել: Ձեռքդ երկարեցնես՝ կդիպչի Քրիստոսի օրորոցին:
– Դիպչես որ ի՞նչ, – այլևս չդիմացավ Արշակը, հազիվ զսպելով վզակոթին տալով անկոչ հյուրին վռնդելու ցանկությունը:
– Ասենք՝ երկար, երկար ճանապարհ ես գնում, – պառավի համար շարունակեց Սամսոնը, – որ հասնես մի տեղ, ուր պիտի հասնեիր, և հանկարծ ճանապարհի կեսին նկատում ես, որ շատ փոքրիկ, չնչին մի բան կորցրել ես, չկա: Հոգնած ես, ետ դառնալու ուժ չունես, ու հոգնությունից ներսումդ մեծանում է կասկածը, որ եթե ետ էլ դառնաս, միևնույն է, ճանապարհի փոշու մեջ դժվար թե գտնես կորցրածդ: Ու դու շարունակում ես ճանապարհդ: Մարդիկ հաճախ են մոռանում, մայրիկ, որ իրերը, առարկաները, ամեն-ամեն ինչ կապված են իրար հետ անտեսանելի, բայց ամուր թելերով: Կորցրել էիր մի բան, հիմա արդեն ինքդ ես շպրտում, որովհետև առանց այն առաջինի, չնչինի, ավելորդ են և սրանք: Ու գնում ես, քայլում դատարկվելով, թեթևանալով… Ի վերջո այնքան ես թեթևանում, որ պատահական քամին էլ քեզ ճամփից կշեղի: Ու շեղում է: Եվ քո պետքը չէ:
Ո՞ւր ես հասնելու՝ այլևս պետքդ չէ: Մանր-մունր բաներ կորցնելով դու կորցրել ես ամենակարևորը՝ ճանապարհ ելնելու նպատակդ: Բայց դու դեռ գնում ես…
– Հա, բալա, – տնքաց պառավը, – շատ ենք կորցրել…
Սամսոնը ոտքի ելավ, թափ տվեց շալվարի ծնկամասերը ու կարծես գոհ էր, որ կարողացավ պառավին հուշերի գիրկը գցել:
– Դու մեզնից ի՞նչ ես ուզում, – բղավեց Արշակը՝ հայացքը Սամսոնի պսպղուն ակնոցին, աշխատելով չթարթել աչքերը, թեև դա անհնար էր, որովհետև ակնոցի ապակիներից թռչող շողիկները, ասեղների նման ծակծկում էին բիբերը:
«Թող ասի՝ ի՞նչ է իր ուզածը, – ինքն իր առաջ արդարացավ Արշակը: Նրան թվում էր, թե իր տան գլխին ահավոր վտանգ է կախվում, և էլ ուրիշ ո՞վ, եթե ոչ ինքը պիտի հեռացնի: – Եկավ ջուր խնդրեց՝ տվեցինք, խոսել էր ուզում՝ լսեցինք, հիմա թող ասի՝ ի՞նչ է շինում մեր տանը…»:
– Ինձ ցցեր են պետք, – Սամսոնը սարքովի ժպտաց, – վրան եմ խփելու այնտեղ, – մատը տնկեց աղուտների կողմը: – Կես մետրանոց ցցեր թե տաք, շնորհակալ կլինեմ: Չորս հատ:
Արշակը ցախատուն մտավ ու, մինչև աչքերը կվարժվեին ներսի կիսամութին, կանգնել մտածում էր, թե այս կրակ շոգին աղուտներում ինչո՞ւ պիտի մարդը վրան խփի, եթե խենթ չէ:
«Խենթ է, – վճռեց նա, – խև ճաղրիկ: Այս ազգից խենթերն անպակաս են, էլի…»:
Ցախատան տախտակները չորացել-հեռացել էին մեկմեկուց մատնաչափ, ավելին: Արշակը հարմար ճղակ գտավ, քիթը հպեց անտաշ, փշփշոտ փայտին, դուրս նայեց՝ տեսնելու ինչ է կատարվում բակում: Պառավը կոճղին նստած մրմնջում էր, – շրթները նկատելի շարժվում էին, – Սամսոնը մոտեցել էր Դերենիկի թախտին ու տղայի առաջ խաղաքարտերի մեծության նկարներ էր փռել:
«Անեծք քեզ, չար սատանա, – մռթմռթաց Արշակը, – հիմա էլ երեխին է խելքից հանում»:
– Աղուտներում խաղացած կլինես, – լսեց Արշակը Սամսոնի ձայնը, – այսպիսի որդեր չե՞ս տեսել: Ուշադիր նայիր, տղաս, սրանք սովորական որդեր չեն, սրանք կորած, բայց շատ կարևոր որդեր են:
– Չէ, չեմ տեսել, – խոստովանեց Դերենիկը:
Արշակը ամոթով հանկարծ զգաց, որ ուզում է դուրս գալ ցախատնից, տեսնել, թե ինչ կերպարանք ունեն այդ կորած, բայց կարևոր որդերը:
– Գուցե տեսե՞լ ես ու չե՞ս հիշում, գուցե և տրորել ես, չիմանալով, թե ինչ ես տրորում…
Նրանք մանր են, նկարում խոշոր են երևում, բայց մանր են…
– Չէ, չեմ տեսել, – կրկնեց Դերենիկը:
– Սրանցից ժամանակին կարմիր ներկ էին շինում…
Արշակը աչքերով փնտրեց, գտավ ցախատան այն անկյունը, ուր սովորաբար ցցերը, հենափայտերն էր շարում, մի քանի ցից խտիտը առավ, դուրս եկավ ցախատնից ու ձայն տվեց Սամսոնին.
– Սրանք հարմա՞ր են:
Սամսոնը շտապ-շտապ գրպանը խոթեց նկարները, համարյա վազքով մոտ եկավ, գիրկն առավ ցցերը: Արշակին թվաց, թե ցցերի ծանրությունից Սամսոնը կծալվի, կծնկի, վտիտ, չորուկ մարդ էր, շալվարի ծափ-ծափ զարկող տոտերի մեջ թաքնված ոտքերը պիտի որ ցցերից բարակ լինեին:
– Շնորհակալ եմ, հայրենակից, իհարկե, հարմար են, – Սամսոնի շնչառությունը արդեն խաղաղ չէր: – Արձակուրդս ավարտվի, ցցերն անվնաս ետ կբերեմ:
Արշակն ուղեկցեց հյուրին մինչև դարպաբը, ուր մեծ ուսապարկ էր ընկած, օգնեց, որ Սամսոնն ուսն առնի պարկը, հետո նստեց շեմին տեսնելու, թե ինչպես է բեռնավորված խենթը կոխկրտելու անապատի շիկացած հողը: Չգիտես ինչու՝ համոզված սպասում է, որ Սամսոնը երկար չի գնա, ահա-ահա ետ կդառնա, կփախչի իր քաղաքը, հնդուհավի գլուխ ուտող հարևանի մոտ, իսկ նրա քայլերից ելնող փոշին էլի վար կիջնի, կծածկի խելառ ոտնահետքերը, գուցե և կորած, բայց կարևոր որդերին, որոնցից ժամանակին կարմիր ներկ էին շինում:
Բայց Սամսոնը քայլում էր, հա քայլում, նույնիսկ չէր շրջվում, և Արշակը հոգնեց սպասելուց ու երբ հոգնեց, զարմացավ, որ բարկանալու փոխարեն հրճվում է, որ չարության փոխարեն կաթիլ առ կաթիլ սեր է կուտակվում ներսում: Իսկ երբ պուպրիկի չափսերին հասած Սամսոնը վայր նետեց ուսապարկը, ցցերը, Արշակը բակ մտավ, մորն ու որդուն չնայելով քայլեց դեպի բացբերան ջրհորը, ձեռքն առավ դույլը, փորձեց արձակել կանթի վրա ուռած հանգույցը: Մատներն անօգուտ պլստացին քարկապ հանգույցի վրայով, ատամները՝ նույնպես, ու ցավող ատամները կրճտացնելով, Արշակը համարյա ճչաց.
– Դանա՜կ…
Դեռ չէր հասցրել մի կարգին թքել բերանում հավաքված թաց պարանի մուզը, պառավն արդեն բերել էր դանակը:
– Ա’յ մեր, – ասաց Արշակը, – դու ոնց որ խաբում ես, թե չես տեսնում: Շատ լավ էլ տեսնում ես:
– Ի՜հհ, – սրտնեղեց պառավը, – դանակն ի՞նչ ես անում:
– Բա ո՞նց գտար դանակը:
– Դանակը իր տեղում էր, տղա…
Հանգույցից վեր կտրեց պարանը, դույլը գցեց ոտքերի տակ ու արհամարհանքով բզեց. դույլը զարկվեց հավաբնի ժանգոտած ցանցին, վախեցրեց շոգից շշմած, նառերին տափ-տափ արած հավերին:
«Շոգ չլիներ, – մտածեց Արշակը, – բանտարկված չլինեին, թե աքլորը չալարեր՝ քսաներեքն էլ կածեին… Ասա… Ուտողդ ո՞վ է, Արշակ… Հրեն, հինգ-վեց հավկիթն էլ օր օրի հավաքվում են, փչանում…»:
– Քաշիր, – մոր ափը խոթելով պարանի կտրած ծայրը, ասաց Արշակը, – քաշիր, հասցրու կոճղին:
Տասը ձվից եղձու էր ուտում Դերենիկը, իսկ որ փոքր էր՝ կճեպներն էլ առանձին էր ուտում:
Հում-հում էլ էր խմում: Լուցկու հատիկով խառնում էր սպիտակուցն ու դեղնուցը, անհաց, անաղ կուլ էր տալիս: Մի օր բնկալն էր ձեռքն ընկել: Ձու չէր, թույն էր, գարշահոտություն:
Ործկում էր Դերենիկը, ներսում ինչ ուներ՝ դուրս տվեց: Զզվեց Դերենիկը ձվից, իսկ պառավը կարծում էր՝ թունավորել են թոռանը:
Երբ մայրը հասավ կոճղին, Արշակը պարանի մյուս ծայրը ջրհորը նետեց: Խաղաղված ջուրն ալիքվեց էլի, ու Արշակն ուրախացավ, որ պարանի երկարությունը ճիշտ այնքան է, որքան պետք է իրեն: Նա մոր ձեռքից խլեց կտրած ծայրն ու փաթաթեց կոճղին, կապ գցեց:
– Նստիր, – ասաց, – ոտքդ դիր կապին:
– Դու ես մտնո՞ւմ, – գլխի ընկավ պառավը: – Եթիմին կանչեիր…
– Եթիմ կա՞, որ կանչեմ: Վերջին ջրհորը փուլ չեկա՞վ Եթիմի գլխին:
– Օղորմի, – խաչ քաշեց պառավը, – բա հիմա ո՞վ է ջրհորներ փորում:
– Աշխարհը կործանվե՞ց, – հոխորտաց Արշակը, – մեքենան է փորում: Եթիմից էլ լավ է փորում:
Թիկունքով դեպի մայրը դարձավ Արշակը, աչքով արեց պլշած Դերենիկին՝ մոր կտորն է, – ասաց մտքում, – թե հարց տաս՝ կպատասխանի, թե չխոսեցնես՝ կլռի, կլռի, այսքան լռել կլինի՞, – հանեց շալվարը, քշտեց շապիկի թևքերը, ու որպեսզի հապաղելուց չմեծանա վախը, ոտքերն իսկույն ջրհորը կախեց, կոշտ բթամատերով պատերի վրա ոտնատեղերի փոսիկներն էր փնտրում:
– Իջա՞ր, Արշակ, – վերից լսվեց մոր ձայնը:
Առաջին պահ Արշակը չհասկացավ, թե ինչու ճմլվեց սիրտը, երբ մոր ձայնը լսվեց վերևից:
Նա փորձեց հիշել, էլի չի՞ եղել նման դեպք, էլի չի՞ լսել մոր՝ վերևից եկող ձայնը: Քանի՜-քանի անգամ է մայրը ելել կտուր՝ ճխլված ծիրանը փռելու, չիրը շուռ տալու ու այնտեղից բղավել՝ Արշա՜կ, սանդուղքը բռնի, վար եմ իջնում: Ու ինքը գլուխը քարշ մոտեցել, ամուր հենվել է կտուր տանող սանդուղքի ստորին մատներին ու վեր չի նայել, որ և աչքերը փոշի չառնեն, և չտեսնի մոր տակի շորերը: Կտուրից երբ ձայն էր տալիս, գիտեր, որ կտրանն է, բարձրում, ու ձայնը ներքև էր հղում: Իսկ հիմա նստած է կոճղին ու ձայն տվեց սովորականի պես՝ ներքևից վերև: Իսկ Արշակն այդ պահին այնտեղ չէր, ուր ուղղված էր մոր ձայնը, ներքևում էր, մինչև կոկորդը խրված հորի մեջ, և միայն գլուխն էր կաղամբի նման դուրս ցցված: Արշակը խղճաց մորը: Նա պատկերացրեց, թե ինչպես է մայրը ձեռքերն առաջ մեկնած տուն մտնում, կանգնում ճիշտ այնտեղ, որտեղ սեղանը պիտի լինի, և մատներով շոշափում սեղանի հարթ երեսը՝ գտնելու այն անկյունը, ուր դանակը պիտի ընկած լինի: Իսկ դանակը չկա: Մայրն իր քարտեզը ունի. մահճակալն այստեղ է, դանակն այստեղ է, բնկալն այստեղ է, ամեն ինչ իր տեղն ունի, նշանակում է՝ պետք էլ չեն աչքերը, նշանակում է՝ տեսնում են աչքերը: Եվ ահա չկա դանակը, սեղանին չէ, իր տեղում չէ: Ո՞ր կողմը շրջվի՝ աջ, ձախ, ո՞ւր գնա, որ գտնի դանակը: Դանակն անպայման գրավել է մեկ ուրիշի տեղը: Ուրեմն խաթարվել է քարտեզը, ուրեմն պետք են աչքերը, ուրեմն չեն տեսնում աչքերը:
– Սուրբ Մարիամ Աստվածածին, – աղոթեց պառավը, – դու պահիր, պահպանիր իմ մինուճարին: – Նա մի ոտքին չվստահեց, մյուսով էլ սեղմեց կապը. հարմար լիներ, կկռանար, ձեռքերով էլ կբռներ: Հարմար չէր, կոճղը բարձր էր, – սղոցը վարից չբռնեց, վերևից կտրեցին չորացած թթենին, – պառավի եղունգներն իզուր ճանկռեցին կոճղի կնճռապատ կեղևը:
Արշակը մտածեց, որ եթե այս պարանը չլիներ, ո՞նց էր հենվելու զույգ ոտնաթաթերին: Ոտնաթաթերին էլ չէ, բթամատերին: Եթիմի ոտքերը խոշոր էին, տոհմիկ լեռնցու ոտքեր, ոտքը գրկող փոսիկները նույնպես պետք է խոշոր լինեին, քսան տարին ի՞նչ էր արել, որ հիմա փորվածքներում չղջիկի ձագն էլ հազիվ թե տեղավորվեր:
Ոտքն անակնկալ խուտուտ եկավ. թաց, ճկուն, օձանման մի բան խրվեց մատների արանքը ու չէր ուզում պոկ գալ: Ոտքն ասես անջատվեց մարմնից, խրտնեց, փախավ:
Մյուսն էլ գայթեց, կախվեց օդում: Ոտքերի անիմաստ թափահարումից Արշակը պտտվեց պարանի շուրջ, կորցրեց կողմնորոշումը: Ո՞ւր են Եթիմի ոտնատեղերը, ինքը ցած սահե՞ց, թե սարսափից մի երկու ափաչափ մագլցեց: Երկնքին նայելու տենչով բռնված՝ նա գլուխը հենեց ուսին, տեսավ ջրհորի վրա կախված Սամսոնի ակնոցավոր դեմքը: Ճպպացրեց աչքերը՝ Սամսոնը չքվեց: Ջրհոր հորդող լույսի հեղեղը խելացնոր արագությամբ պտտվելով, դարձավ լույսի սյուն, որի մեջ իբրև շաղախ քարանում էր Արշակը: Նա ոտքերով փաթաթվեց պարանին, այրվող ափերը հովացան, գլխապտույտն անցավ:
«Թթենու մզեխից վախեցա, – հասկացավ Արշակը, – տես, է, ինչ արմատներ է գցել: Ծառը վաղուց չկա, իսկ սրանք դեռ ջուր են խմում…»:
Նա մի ձեռքով կառչեց պարանից, մյուսով շոշափեց ցեխոտ պատը, գտավ մզեխը, ձիգ տվեց վրեժով, թափվող հողից, քարերից ծեծվեց ջուրը, ցփոններ թռան, թրջեցին Արշակի բոբիկ ոտքերը: Մզեխը ռետինի նման ձգվեց, ոլորվեց, դուրս պրծավ խեղդող մատների աքցանից ու թաց մտրակ դարձած շրխկաց Արշակի դեմքին: Լարումից պլոկվեց ափի մաշկը, մրմռաց, դաղված շերտն էլ, թվաց, ուռչում է, ուռչում է և ուր որ է պիտի պայթի:
Նա ջուրն ընկավ ու ընկղմվեց: Գազազած արյունը, որ քլթքլթում էր երակներում, քունքերում գոլացավ, հանդարտվեց, մրմուռը, կսկիծը պաղ ջուրը տարավ, ու հատակի խրտնած ավազահատիկները փափլիկ շերեփուկների նման խուտուտեցին նրա մարմինը:
Աչքերը գոց, բորբոքված կոպերի միայն կարմիրը, արյան կարմիրն ունենալով, նա ջրի մեջ շարժեց ձեռքերը և, մինչև մատները կդիպչեին կորած դույլի ողորկ պատերին, մտածեց.
«Տեսնես Սամսոնը խփե՞ց վրանը: Տեսնես ուտելիք ունի՞ մարդը…»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում