ՌԴ-ն, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը համաձայնեցրել են սիրիական խնդրի շուրջ համաժողովի ձևաչափը
Նմանատիպ
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Սիրիայի հարցով միջազգային համաժողովի նախապատրաստական հանդիպմանը կարողացել են համաձայնության հասնել «Ժնև-2»-ի ձևաչափի հարցում, սակայն բազմաթիվ հարցեր դեռևս մնում են անպատասխան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը: «Բազմաթիվ հարցերի շուրջ մեզ հաջողվել է պայմանավորվել, որոնք, մասնավորապես, կապված են այդ համաժողովի ձևաչափի հետ: Մի քանի հարցեր դեռ լրացուցիչ համաձայնության կարիք ունեն: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպման արդյունքները կներկայացնենք մեր երկրների մայրաքաղաքներում: Հետագա որոշումներն արդեն կընդունեն մեր երկրների նախարարները»,- ասել է Գատիլովը:
Այսօր Ժնևում կայացած բանակցությունները տևել են մի քանի ժամ, սակայն կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնեցնել «Ժնև-2»-ի ժամկետերը:
Սիրիայի հարցով կոնֆերանսի անցկացման նախաձեռնողներն ԱՄՆ-ն ու ՌԴ-ն են: Նման ձևաչափով սա երկրորդ հանդիպումն է: Նախորդ բանակցություններն անցկացվել էին հունիսի 5-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում