Սիրելը մարդ արարածի կոչումն է

Սիրելը մարդ արարածի կոչումն է

ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ

Երբ մենք դիմում ենք Հիսուսին և գնում ենք Նրան ընդառաջ ու ներկայանում այնպիսին, ինչպիսին ենք առանց կեղծելու, Նա ընդունում է մեզ և պատրաստ է ներելու մեզ ու փոխելու մեր կյանքը, եթե, իհարկե, մենք ցանկանում ենք փոխվել: Փոխել մեզ առանց մեր ցանկության Հիսուս Քրիստոսը չի ուզում, որովհետև մեր կամքի վրա Նա չի ուզում բռնանալ, այլ ուզում է մեր համաձայնությունը: Իսկ ինչպե՞ս կարող է Հիսուսը փոխել մեզ. իհարկե մեզ հետ աշխատելով: Նա մեզ հետ աշխատում է ավետարանով, օր առ օր մեր մեջ սերմանելով ու ամրապնդելով սերը բարու, խաղաղության, հեզության, բարոյական սկզբունքների, աշխատասիրության, ողջախոհության, ազնվության հանդեպ և հեռացնելով մեզ չարի սերմանած պտուղներից, որոնք են՝ հպարտություն, նախանձ, ծուլություն, բարկություն, բղջախոհություն, ագահություն, որկրամոլություն:

Ինչպե՞ս փոխվել, և արդյո՞ք ամեն մարդ կարող է ինքնուրույն գտնել դեպի կատարելություն գնացող ճանապարհը, թե՞ ամեն մեկի մոտ տարբեր են առաջընթացի հասնելու պարագաները և պայմանները: Ինչի՞ց սկսել. ահա մի հարց, որն անհրաժեշտ է, որ ամեն մեկս տա ինքն իրեն: Առաջին հերթին պետք է հիշենք, որ մեզ Աստծուց տրված է մի թանկագին նվեր կյանք, որը սակայն երկրի վրա հավերժ չէ, այլ անմիջական կախման մեջ է գտնվում ժամանակից: Ժամանակն է ձևավորում մեզ: Ժամանակից է կախված մեր փրկությունը: Եթե մենք չենք աշխատում իմաստավորել մեր ամեն օրն ու ժամը, ուրեմն մենք իմաստազրկում ենք մեզ տրված մի ամբողջ կյանք: Այսօր կան շատ անօգտակար զբաղմունքներ, որոնք մեզ վարժեցնում են վայելքների ու հաճույքների և աննպատակ դեգերումների։ Սակայն Աստվածաշունչը մեզ սովորեցնում է՝ «Ինչպես վարժեցնենք մեզ Աստվածպաշտության» (1 Տիմ. 4.7): Ամենօրյա կանոնակարգ, որն իր մեջ կկրի ընթերցումներ Սուրբ գրքից, աղոթք համապատասխան ժամերի (Դավիթ թագավորն օրը յոթ անգամ խոսում էր Աստծո հետ, այդ պատճառով ավանդական եկեղեցին սահմանել է ամենօրյա յոթ ժամերգություն), աշխատանք, օգտակար հանգիստ: Այս կանոնակարգին պետք է հետևել բծախնդրորեն, քանի որ ամեն ինչ ձեռք է բերվում մեծ ջանքերով, իսկ մեր հոգու փրկությունն էլ ձեռք կբերվի նույնպես ոչ հեշտ: Առավել ևս, մենք գիտենք, որ բարու դեմ միշտ էլ պայքարում է չարը: Ամենից առաջ մեր հոգևոր առաջադիմության դեմ կհակառակվեն մեր իսկ ինքնասիրությունն ու ծուլությունը:

Լինե՛նք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ զինվորը։ Իմանանք՝ մեր դիրքը հասարակության մեջ, մեր երջանկությունը, մեր ապագան ամբողջովին կախված են մեզնից, եթե մենք մեր կամքի ուժով կարողանանք պայքարել մեր թուլությունների դեմ: Ամեն ինչ, որ մենք պետք է անենք, պետք է արվի ի սրտե. և՛ աղոթքը, և՛ հանգիստը, և՛ ուսումը, և՛ նույնիսկ աշխատանքը չպետք է լինեն մեզ համար պարտադրություն, այլ պետք է դառնան հաճույք: Ինչքան վաղ հասակից սկսենք մեզ վարժեցնել ճիշտ ապրելուն, այնքան ավելի երջանիկ կլինի մեր ապագան: Միայն երջանիկ մարդը կարող է երջանկացնել իր հարազատներին և նույնիսկ նրանց, ովքեր գեթ մեկ անգամ կվայելեն նրա ներկայությունը:

Մեր, որպես քրիստոնյայի կարևորագույն պարտականությունն է հոգ տանել նրանց մասին, ովքեր դեգերում են խավարում և չեն տեսնում փրկության ճանապարհը, որը մեզ է առաջարկում Աստված: Հետևենք Հիսուսին, եթե անգամ այսօր դա մեզ թվում է անհավանական ու կասկածելի, բայց եթե խուսափենք պատասխանատվությունից, չենք կարողանա վայելել փառքի պսակը, որը տրվելու է ընտրյալներին:

ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ

Ո՞րն է ամենաթանկագին նվերը ինձ, քեզ և համայն մարդկությանը, որը մենք կուզենայինք ստանալ: Իհարկե, մենք դեմ չէինք լինի նյութական թանկագին նվերներ ստանալուն, բայց այսօր դեռ կլինեն մարդիկ, ովքեր կմտածեն, որ կան նաև հոգևոր պարգևներ, որոնք մեզ առավել անհրաժեշտ են:

Պետք չէ այսօր փակել աչքերն ու ձևանալ, իբր տեղյակ չենք, թե ինչ է կատարվում Արևմուտքում: Այնտեղ վաղուց մարդիկ ավելի շատ մտահոգված են իրենց կարիերայով, նրանց համար նյութական արժեքներից ավելի կարևոր բան թերևս չկա, իսկ բարի գործեր կատարելը, միմյանց անշահախնդրորեն վերաբերվելը և պատվի մասին մտածելը երևի թե հիշատակի արժանի չեն նրանց համար: Այսօր հաճախորդի, հիվանդի, քաղաքացու հոգեվիճակը, բարօրությունը չէ, որ հետաքրքրում են մասնագետին, այլ նույն հաճախորդի, հիվանդի, քաղաքացու փողերը: Քո ընկերը դառնում է նա, ով շատ դրամ ունի, իսկ հայրենիքը այնտեղ է, որտեղ քեզ ավելի շատ են վճարում: Եվ մենք անգամ չենք նկատում, ինչպես ենք սկսում մտածել այդպես և սահել մեր հոգևոր բարձրությունից ներքև:

Ամենակարևոր հարցը, որն այսօր պետք է տա ինքն իրեն ամեն անհատ, մեկն է՝ ինչո՞ւ ենք ապրում: Ճիշտ պատասխանը թերևս այս է՝ ապրում ենք, որ մի օր հանդիպենք Աստծուն, Ով մեզ ստեղծել է: Եթե ուզում ենք ապրել ու թագավորել Հիսուսի հետ, պետք է դառնանք Նրա որթատունկի վրա պատվաստված ճյուղերից մեկը. «Ես եմ ճշմարիտ որթը, ով Իմ վրա հաստատված է, նա պտուղ կբերի, ով Իմ վրա հաստատված չէ, նա նման է չորացած ճյուղի, որը կկտրվի և դուրս կնետվի» (Հովհ. 15.4-6): Եթե մենք չպատվաստվենք խաղողի որթատունկին՝ Հիսուսին, չենք կարողանա ապրել Նրա հետ, իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր բաժանված են Հիսուսից մեղքով, առավել ևս, որ իր մահվան օրը ոչ ոք չգիտի։

Ո՞վ է մեզ միացնում Հիսուս Քրիստոսի՝ որթատունկի հետ, եթե ոչ Եկեղեցին: Եկեղեցին աստվածային ամենամեծ պարգևն է, որը մեզ տրվեց Աստծո կողմից: Եկեղեցին է, որ մատակարարում է մեզ Աստծո խոսքը, խորհուրդները (մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, հիվանդաց օծում, քահանայաց ձեռնադրություն, պսակ) և մեզ միավորում ու ամրապնդում է Քրիստոսի՝ որթատունկի վրա:
Շատ հաճախ երիտասարդներին թվում է, թե անկախ լինելու համար պետք է ունենան իրենց ուրույն մտածելակերպը և իրենց սեփական հայացքները, և կարևոր չէ, որ դրանք տարբերվում են դարեր շարունակ ընդունված ուսուցումներից, կարևորն այն է, որ իրենցը իրավունք կտա իրենց ինքնահաստատվելու յուրովի: Սակայն երբ կտրվում ենք որթատունկից, դառնում ենք կոտրված ճյուղ, որն առանց արմատների կչորանա: «Լայն են դռները, որոնք դեպի կորուստ են տանում: Նեղ են դռները, որոնք դեպի կյանք են տանում» (Մատթ. 7. 13-14):

Այսօր երիտասարդներն այնքան շատ են կարևորություն տալիս նյութական արժեքներին, թվացյալ առողջությանը, հանգստին, սուր զգացողություններին, համացանցում աննպատակ դեգերումներին և ոչինչ չեն անում իրենց հոգու փրկության համար։ Չեն էլ մտահոգվում, թե ինչ նպատակ ուներ Աստված, երբ թույլ տվեց մեզ ծնվել: Ինչո՞ւ է մեզ տրված մեր կյանքը, արդյո՞ք մենք այն ապրում ենք արժանավայել, որպեսզի մեր երկրային կյանքի ավարտից հետո վայելենք հանդիպումը Աստծո՝ սիրո, գեղեցկության, իմաստության աղբյուրի հետ:

Ով լուրջ է վերաբերվում իր փրկությանը, նրա համար մեզ Աստծո տված թանկագին նվերը միշտ կմնա Եկեղեցին՝ իր բոլոր վեհ դրսևորումներով հանդերձ:

Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում