Արամ Ա կաթողիկոսը Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն. Ս. O. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը եւ Իրանի Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդական Այոթալլահ Ղուլան Ալի Ապատին հունիսի 25-ին հանդիպում են ունեցել:

Հանդիպման ընթացքում քննարկել են Լիբանանի, Սիրայի եւ տարածաշրջանում առկա իրավիճակին առնչվող տարբեր հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից’ Այոթալլահ Ղուլան Ալի Ապատին ներկայացրել է Այաթոլլա Խամենեի բարեմաղթանքները եւ յուրահատուկ գնահատանքով անդրադարձել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի եւ Իրանի Իսլամական հանրապետության միջեւ հարաբերություններին, իրանահայերի գործունեությանը:

Վեհափառ հայրապետը, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի եւ Իրանի Իսլամական հանրապետության միջեւ առկա են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ եւ երկխոսություն:

Վեհափառն իր գնահատանքն է հայտնել այն հանգամանքի առթիվ, որ Իրանը յուրահատուկ նախանձախնդրություն է ցուցաբերել հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց Ցեղասպանության հարցերի հանդեպ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում