Զինվորական նվագախումբը բարձր մակարդակով է ներկայանում՝ ամենուր թողնելով իր հետքը. Արմեն Պողոսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը, որը պատվով է ներկայացնում մեր երկիրը՝ փայլուն ելույթներ ունենալով ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում կազմակերպված հանդիսավոր արարողություններին, համերգներին, փառատոներին, կազմավորումից ի վեր շարունակում է նորանոր բարձունքներ նվաճել:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր դիրիժոր, գնդապետ Արմեն Պողոսյանի հետ:
Պողոսյանի խոսքով՝ նվագախումբը, որը կազմավորվել է 1992 թվականին, տարիների ընթացքում զարգացում է ապրել, չի նահանջել և նորանոր հաղթանակներ է ունեցել, հաջողությունների հասել՝ հաստատակամ առաջ գնալով:
«Դա ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Նվագախմբում ընդգրկված երաժիշտների մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբից բացի կարևորում եմ նաև Երևանի կայազորի զինվորական նվագախմբի գործունեությունը, որն իր որակական հատկանիշներով գրեթե չի զիջում գլխավոր նվագախմբին»,-շեշտեց Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը պարբերաբար համալրվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, տարբեր երաժշտական ուսումնական հաստատությունների լավագույն երաժիշտներով՝ լսումների, քննությունների միջոցով: «Տղաներն ընդգրկվում են կամ մեր, կամ զորամասերի նվագախմբերում: Նշեմ, որ նվագախումբը հաճախ հաղորդակցվում է այլ նվագախմբերի հետ: Փորձի փոխանակման մեծ հնարավորություններ ունենք, քանի որ հաճախ ենք մեկնում հյուրախաղերի, մասնակցում զինվորական նվագախմբերի միջազգային փառատոների, մենք ենք համերգներ նախաձեռնում Հայաստանում՝ մասնակցելով պետական և այլ միջոցառումների: Նվագախումբը տեղում չի դոփում, նորանոր ստեղծագործություններով է ներկայանում»,-ընդգծեց դիրիժորը:
Պողոսյանը հպարտությամբ նշեց, որ արտասահմանյան բոլոր ելույթները մեծ ուրախությամբ են ընդունվում, արժանանում բուռն ծափողջյունների: «Նվագախումբը բարձր մակարդակով է ներկայանում մշտապես՝ ամենուր թողնելով իր հետքը: Կարծում եմ՝ մեր հաջողության գրավականներից մեկն այն է, որ գրեթե միշտ հանդես ենք գալիս հայկական, ազգային ստեղծագործություններով: Զինվորական միջոցառումներին գերիշխում են զինվորական գործերը, բայց երբեմն ջազային և էստրադային կատարումներ են լինում: Համերգներին, պետական միջոցառումներին նվագում ենք ստեղծագործություններ, որոնք հաճելի կլինեն տվյալ ունկնդրին»,-ներկայացրեց Արմեն Պողոսյանը:
Շնորհավորելով զինվորներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ՝ Պողոսյանը ուսման մեջ մեծ հաջողություններ մաղթեց նրանց: «Ցանկանում եմ, որ մեր զինվորներն իրենց հմտությունները ցույց տալու անհրաժեշտություն ունենան միայն զորավարժությունների ժամանակ: Թող լինի խաղաղ երկինք, թող մեր զինվորը միշտ լինի ուժեղ, կրթված և պատրաստ յուրաքանչյուր պահի պաշտպանելու մեր հայրենիքը»,-եզրափակեց Արմեն Պողոսյանը:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում