Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Irates.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հունվարին կայացած եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է գտել արտասահմանյան լրատվամիջոցներում։ The Times, Seen and Heard International, BBC Radio, Süddeutsche Zeitung, Planet Hugill, Classic FM… Սա արտասահմանյան լրատվամիջոցների ոչ ամբողջական ցանկն է, որոնք անդրադարձել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերին։

Seen and Heard International պարբերականը մանրամասն ներկայացնում է Ջոն Տեր-Թադևոսյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղին և մասնավորապես՝ Երկրորդ սիմֆոնիայի ստեղծման պատմությունը։ Հեղինակը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին, նկատել է, որ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կոլեկտիվն առասպելական մի երեկո է նվիրել։ Նշվել է, որ 14 տարի առաջ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված նվագախումբը հիանալի մի կոլեկտիվ է՝ չունենալով որևէ թույլ կողմ։ Հոդվածի հեղինակը բարձր է գնահատել նվագախմբի գործիքային բոլոր կազմերի հնչողությունը։

The Times-ը նվագախմբի ելույթն անվանել է մարտական, մուգ երանգներով գունավորված։ Պարբերականը հատկապես առանձնացրել է նվագախմբի փողային կազմի կատարողական արվեստը։ Նշվում է, որ Ջոն Տեր-Թադևոսյանի արվեստն առաջին անգամ է ներկայացվել Եվրոպայում։ Պարբերականը մեծապես արժևորում է նաև ջութակահար Մաքսիմ Վենգերովի ելույթը։

BBC Radio-ին տված հարցազրույցում դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որն ընթացիկ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստն է‚ խոսել են համագործակցության մասին։ Մաեստրո Սմբատյանն անդրադարձել է հայկական երաժշտությանը, սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը։

Իսկ Planet Hugill-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթը Եվրոպայում անվանել է սրտառուչ։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 8-21-ը եվրոպական համերգային շրջագայության շրջանակում ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ ութ ելույթ է ունեցել հինգ երկրի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստանի Դաշնություն) լավագույն համերգասրահներում։ Եվրոպայում առաջին անգամ ներկայացվել է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։

Եվրոպական համերգային շրջագայությունը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։ Հյուրախաղերը կյանքի են կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում