Պետք է սկսելու ցանկություն ունենալ

Պետք է սկսելու ցանկություն ունենալ

– Հա՛յր, անփութությունն ինձ որտեղի՞ց:

– Անփութությո՞ւնը: Նրանից, որ մեջդ… մեղր* չկա: Երևում է՝ չգիտես, թե հոգևոր քաղցրությունն ինչ է:

– Իսկ անփութության շրջանից հետո անհրաժեշտ է աստիճանաբա՞ր հունի մեջ մտնել: Առաջին օրը մեկ անգամ տերողորմյայով աղոթել, երկրորդ օրը՝ երկու և այդպես շարունա՞կ:

– Անհրաժեշտ է սկսելու ցանկություն ունենալ, քեզ հարկադրել՝ սկիզբը դնելու: Նույնիսկ երբ մարդը հոգնել է, եթե իրեն մի փոքր հարկադրում է, ապա հոգնածությունն անցնում է, և նա իրեն լավ է զգում: Այդ ոչ մեծ հարկադրանքը մեծ նշանակություն ունի, որովհետև Աստծուն մեր ցանկությունն է անհրաժեշտ միջամտելու համար, և մեզ հենց Աստվածային միջամտությունը կփրկի:

– Հա՛յր, նույնիսկ երբ ժամանակ ունեմ, հոգևոր գործունեությամբ զբաղվելու ցանկություն չկա:

– Այո, երբեմն պատահում է, որ ախորժակ չի լինում, և այդ ժամանակ որոշակի հարկադրանք է պահանջվում: Երբ մարդն անառողջ է, նա ախորժակ չունի, սակայն իրեն ստիպում է՝ ուտելու: Ախորժակ կա-չկա, նա նախ ինչ-որ թեթև բան է ուտում, որովհետև ստամոքսը չի ընդունում, իսկ այնուհետև ախորժակն աստիճանաբար գալիս է: Եթե չուտի, ինչպե՞ս ոտքի կկանգնի: Այդպես էլ դու, չպետք է քեզ քամահրանքով վերաբերվես, որովհետև կվնասվես: Պետք է թեթև հոգևոր սնունդ ընդունես, մինչև աստիճանաբար ուշքի կգաս: Պետք է մի քիչ ջանալ, սկսել:

– Իրականում ինձ համար սկսելն է դժվար՝ հոգևոր գործունեությանը վերադառնալը:

– Որովհետև ձեթդ մնացել-ծանրացել է: Մի քիչ երկրպագություն արա, մի քիչ կարդա, մի քիչ տերողորմյայով աղոթիր, որպեսզի սիրտդ ջերմանա: Ասա՛. «Ընդամենը հինգ երկրպագություն կանեմ»: Եթե շարժիչը գործի ընկնի, հետո չես կարողանա կանգնեցնել, արգելակի անհրաժեշտություն կզգացվի:

* Հունարենում «անփութություն» բառը հնչում է «ամելիա» (ἀμέλια), իսկ «մեղր»-ը՝ «մելի» (μέλι), նշանակում է՝ «ամելիա»-ն կարելի է բացատրել որպես մեղրի բացակայություն (խմբ.):

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում