Եվ ահա կրկին ցավոտ մի թախիծ

Եվ ահա կրկին ցավոտ մի թախիծ

Եվ ահա կրկին ցավոտ մի թախիծ
Գալիս է անտես ու ինձ ողողում:
…Եվ կրկին քո սև թավիշի տակից
Սպիտակ ուսդ է քնքշորեն շողում:
Շողում են կրկին աչքերը քո ջինջ,
Որ ասես մոլոր գիշերներ լինեն,
Եվ այդ աչքերից լուռ նայում է ինձ
Մեղավոր ու սուրբ այն Մագդաղինեն:
Դու ո՞ւր ես հիմա… Քայլերդ բեկուն
Որտե՞ղ են երգում մեղեդին այն տաք,
Ո՞ւմ ուսերին ես գլուխդ թեքում,
Իբրև քնքշորեն հոգնած հպատակ:
Եվ քո աչքերը ո՞ւմ են ցոլանում
Մեղավոր ու տաք մի առավոտով,
Եվ ո՞ւմ են այրում մատները քո նուրբ
Իրենց ընտանի ու թաքուն տոթով:
…Ու ես ուզում եմ մինչև վերջ հարբել,
Ու ես ուզում եմ այսօր խենթանալ,
Խանդի մրուրը մինչև վերջ պարպել
Եվ գալ հողմի հետ, քո դուռը բանալ:
Մտնել հոգուդ մեջ, խառնել ամեն ինչ,
Քեզ նորից անել հեզ ու հպատակ,
Եվ արցունք տեսնել աչքերին քո ջինջ,
Եվ արցունք տեսնել ձեռքերին իմ տաք:

1971

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում