Թավջութակահար Հայկ Սուքիասյանն ազատվեց զինվորական ծառայությունից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թավջութակահար Հայկ Սուքիասյանն ազատվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նշենք, որ որոշումը Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում էր։
Հայկ Սուքիասյանը սովորում է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia երաժշտանոցում:
Նրա համար երաշխավորագրեր են ներկայացրել Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Ստեփան Ռոստոմյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Լևոն Չիլինկիրյան, Լևոն Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը:
Հայկ Սուքիասյանի նվաճումներն են`
2013 թվականի հոկտեմբեր ամսին մասնակցել է Գերմանիայում կայանալիք «DR. RICHARD BELLON» պատանի մենակատարների միջազգային մրցույթին գրավելով 3-րդ պատվավոր տեղը: 2017 թվականի հուլիսին Իտալիայում կայացած «Semper Music International Competition 2017» մրցույթ-փառատոնի առային մրցանակակիրն է։
2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած «XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera» մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»,
2019 թվականի հունիս ամսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից:
2017թվականից առ այսօր Հայկ Սուքիասյանն ունի 2 կազմավորված կամերային երաժշտության խմբեր` Trío fundación Mahou San Miguel և Cuarteto Mendelssohn BP, որոնց հետ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում:
Որոշման մեջ ասված է, որ Հայկ Տիգրանի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայկ Սուքիասյանը հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում հանրահռչակելու հնարավորություն կստանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում