«Փաստ»․ Ավտոմեքենաների շուկայի փլուզում տեղի կունենա՞, թե պետությունը կմիջամտի

«Փաստ»․ Ավտոմեքենաների շուկայի փլուզում տեղի կունենա՞, թե պետությունը կմիջամտի

«Վերջին շրջանում վարչապետը և իշխանության տարբեր ներկայացուցիչներ շատ են թմբկահարում, թե իրենց աշխատանքի շնորհիվ է, որ պետական բյուջեում հավելյալ հարկային մուտքեր են գրանցվել։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճի և բյուջե մուտքագրվող գումարների ավելացման հարցում մեծ դերակատարություն է ունեցել երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման գործընթացը, որը չենք կարող համարել ներկայիս իշխանությունների աշխատանքի արդյունք։

Ուշագրավ է, որ միայն մեքենաների ներմուծման շնորհիվ բյուջե է մտել մոտ 94 մլրդ դրամ հավելյալ գումար:

Բայց բյուջեի եկամուտների գերակատարումը պայմանավորված էր նրանով, որ 2019-ին Հայաստան է ներմուծվել աննախադեպ քանակությամբ՝ ըստ որոշ հաշվարկների՝ մինչև 200 հազար ավտոմեքենա, քանի որ ավարտվում էր նախկին մաքսատուրքերով ներմուծելու այն արտոնությունը, որ Հայաստանը ձեռք էր բերել դեռևս նախկին իշխանությունների օրոք՝ 2015 թվականին ԵԱՏՄ մտնելիս:

Եվ ահա, երբ այս տարվանից ԵԱՏՄ նոր դրույքաչափերը սկսել են գործել, երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծումը փաստացի կանգ է առել: Սակայն խնդիրն ամենևին սրանով չի սահմանափակվում։

Շատ ավտոներկրողներ նույնիսկ վարկեր են վերցրել և մեծ թվով ավտոմեքենաներ ներկրել, որպեսզի կարողանան «թանկացումից» հետո վաճառել և շահույթ ստանալ։ Լուրջ սպասումներ կային, թե ավտոմեքենաների գների մեծ աճ է գրանցվելու։

Սակայն անցած տարվա ընթացքում Հայաստան ներկրված ավտոմեքենաները վաճառելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ Ղազախստանում ավտոներկրողների համար սահմանափակումներ են կիրառվել, որը նախատեսում է ԵԱՏՄ-ից ներմուծված ու Ղազախստանում հաշվառված ավտոմեքենաները իրենց երկրում համարել անօրինական։

Այս որոշման արդյունքում արդեն երկու շաբաթ է՝ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում։

Պետք է նկատի ունենալ, որ Ղազախստանի կողմից իր երկիր ներկրված ավտոմեքենաների շահագործման նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրությանը, քանի որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ միության անդամ երկրների քաղաքացիները կարող են գնել մեքենա անդամ երկրներից որևէ մեկից և առանց մաքսազերծման անարգել շահագործել դրանք իրենց երկրներում։

Այս ֆոնին հայ ավտոներկրողները մտահոգություններ ունեն, որ չեն կարողանալու վաճառել Հայաստան ներկրված մեծ քանակությամբ մեքենաները»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում