Կասկածներ ունենք, որ Քոչարյանին կալանավորելու որոշումը կայացնելիս` դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցել է այլ դատավորի հետ

Կասկածներ ունենք, որ Քոչարյանին կալանավորելու որոշումը կայացնելիս` դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցել է այլ դատավորի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ինձ մոտ կասկածներ են առաջացել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կայացնելիս՝ Դուք կա՛մ խորհրդակցել եք, կա՛մ Ձեզ օգնել է Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, կա՛մ այդ ակտը կայացնելիս՝ վերջինս այն հեղինակել կամ համահեղինակել է:

Այս մասին ՀՀ վերաքննիչ դատարանում, դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը:

«Ընդ որում ասեմ, որ նշված հանագամանքներն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում են մեր դատական համակարգում: Այն դատական ակտը, որ ստորագրվել է Ձեր կողմից, չի համապատասխանում Ձեր ոճային շարադրանքին»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ քանի դեռ հակառակը չի ապացուցվել, Արմեն Դանիելյանը չի կարող լինել անկողմնակալ և անաչառ:

Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին:

Նրանք հիշատակեցին, մասնավորապես, այն դատական նիստը, որի ժամանակ Արմեն Դանիելյանը Ռ․ Քոչարյանին ու նրա Փաստաբանական թիմի անդամներին թույլ չի տվել ելույթ ունենալ։

Պաշտպանները մեջբերեցին նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքերը, որը «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում ասել էր․ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»։

Նշենք, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, պահանջելով տրամադրել «Մարտի 1-ի» մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1-ի» մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 25-ին Արմեն Դանիելյանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու մասին որոշումները:

Դատարանը, լսելով երկու կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 10։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում