Իմն է վրեժխնդրությունը, և Ե՛ս կհատուցեմ
Նմանատիպ
Պատժվու՞մ է արդյոք չարը այսօր և ինչպե՞ս: Ո՞րն է ելքը բարու հաղթանակի:
Այսօր հաճախ հնչող հարցը առօրյա կյանքում չարի անպատժելիության մասին է: Ոմանք մատնացույց են անում մարդկանց և վկայում նրանց անօրեն ընթացքը, մարդկանց դառնություններ պատճառելը, անհիմն չարախոսելն ու ստահոդ լուրեր տարածելը, շատերի համար որոգայթ լարելն ու հաջողելը, վերադասներին կաշառելու միջոցով իրենից առավել նվիրյալներին աշխատանքից հեռացնելը և զանազան չարիքներ պատճառող այդ անօրեն մարդկանց ոչինչ չպատահելը, թեպետ դա ժամանակավոր բնույթ է կրում, և նրանք, ովքեր այդպիսի բաներ են անում ու չեն պատժվում, շատ ավելի ողորմելի ու դժբախտ մարդիկ են, քանզի ինչպես Սիրաք իմաստունն է ասում. «Մեղավորների ճանապարհները հարթ են՝ քարերից մաքրված, բայց վերջը դժոխքի խորխորատն է» (Սիրաքի իմ. 22; 11):
Նմանատիպ երևույթների մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր, և շատերը թերահավատության պատճառով լցվում են ոխակալությամբ, ատելությամբ և փորձում են նույնկերպ պատասխանել նրանց` այդպիսով ոչնչով չտարբերվելով նրանցից, մինչդեռ սաղմոսերգու Դավիթ մարգարեն ասում է. «Փոս փորողն իր փորած փոսի մեջ կընկնի» (Սաղմոս 7; 16)։ ՈՒղղակի փոքր-ինչ համբերություն է պետք, և ամեն մեկը կստանա այն, ինչին արժանի է:
Աշխարհային հորձանուտը բթացրել է մարդու միտքը և նետել փորձության հուրը, ովքեր հավատքի մեջ հաստատված լինեն, հաղթանակած դուրս կգան` որպես լույսի որդիներ, ովքեր ո՛չ` կայրվեն ու կոչնչանան, քանզի սևամաղձությամբ վարակվածը, ախտի բորբոքման ժամանակ կարծելով, թե ուրիշներին է սպանում, իրեն է մեռցնում: Այս կերպ նաև դառն նախանձով ախտահարվածն է կարծում, թե ուրիշներին տուգանքի, տանջանքի կամ մահվան է մատնում, բայց մատնվածը, տառապանքներին համբերելով, իր հոգին ապրեցնում է, իսկ մատնիչն իսկույն կորստյան է մատնվում: Մանավանդ, քանի որ ով մեկին ինչ-որ չարիքի է մատնում, նույն չարիքի մեջ և ինքն է ընկնում, «Հայրը ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. 5; 22): Կարիճը, կրակի մեջ ընկնելով ինքն իրեն է խայթում, այդպիսին են նենգամիտ մարդիկ:
Եթե քրիստոնյա ես և քեզ Քրիստոսի զինվորն ու Խոսքի կրողն ես համարում, և քո մեջ Աստված է բնակվում, ապա քեզ չարիք պատճառողներին ոչ թե չարությամբ պետք է պատասխանել, այլ խղճալով աղոթել նրանց համար, քանզի այդպիսիների վախճանը մահն է, դատաստանը` դժոխքը:
Տիրոջ աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Արդարև Աստծո բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության և անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում» (Հռոմ. 1;18)։ Ապա Տիրոջ առաքյալը շարունակում է. «Քանզի գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծում ես, թե ազատվելու՞ ես Աստծո դատաստանից: Թե՞ արհամարհում ես նրա բարության առատությունը և ներողամտությունն ու համբերությունը, չգիտե՞ս, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում: Եվ քո խստասրտությամբ ու անզեղջ սրտով քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա և Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար, Աստծո, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. հավիտենական կյանք` նրանց, որ բարի գործերի մեջ, իրենց հարատև համբերությամբ, փնտրում են փառք, պատիվ և անմահություն, իսկ նրանց, որ հակառակողներ են և ճշմարտության դեմ ապստամբողներ ու անիրավության հետևից գնացողներ` բարկություն և զայրույթ, նեղություն և անձկություն` ամեն մարդու, որ չարիք է գործում» (Հռոմ. 2; 2-9):
Մեծն Կոստանդիանոսի եղբորորդին՝ Հուլիանոսը, Բյուզանդիաjի կայսրն էր 330-360 թթ։ Կայսերական գահին բազմելուց հետո սկսեց կամաց-կամաց հեռանալ Քրիստոսից և նույնիսկ հալածել քրիստոնյաներին, այդ պատճառով ստացավ Հուլիանոս ՈՒրացող անունը։
Հուլիանոսը պարսիկների դեմ իր մղած պատերազմի ընթացքում մահացու վիրավորվեց։
Նրա բանակի մեջ կային և քրիստոնյա, և հեթանոս զինվորներ։ Մի օր հեթանոս զինվորներից մեկը քրիստոնյա մի զինվորի հարցրեց. «ՈՒ՞ր է հիմա քո Ատաղձագործը»։ Քրիստոնյան սրամիտ կերպով պատասխանեց. «Նա քո կայսրի դագաղը շինելով է զբաղված»։
Բոլոր դատողները, ոխակալները, չարության մեջ խավարածները, ուրացողներն իրենց գերեզմանն են փորում` անօրինության գերեզմանը արդար դատաստանի օրվա համար:
«Հիշի՛ր վախճանի օրվա ցասումը և վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզնից կշրջի իր երեսը» (Սիրաք 18; 24)։
«Մարդ կա, որ կորցնում է իր շնորհները, որպեսզի երևան հանի արդարությունը, խորամանկ էլ կա, որ քայլում է խոնարհ և գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգությամբ:
Նա դեմքով խոնարհ է և խուլ է ձևանում, բայց քեզ կսպասի այնտեղ, ուր չես էլ կարծում:
Եվ եթե ուժի պակասությունը նրան արգելք հանդիսանա վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կպատճառի, երբ պահը գտնի»: (Սիրաքի իմաստ. 19; 23-26)։
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում