«Եթե դեպի Լույսը չես գնում, արդեն խավարինն ես»
Նմանատիպ
«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ՆԱՆԵՆ է:
– Նանե, Ձեր «Վերջին երանին» գրքում ընդգրկված են պատմվածքներ և էսսեներ, որոնց նյութը փիլիսոփայական-վերլուծական շերտեր է բացում: Հենց համանուն պատմվածքի հերոսը՝ Արտավազդ պապը, կյանքի բազում դառնություններ ճաշակելուց հետո կյանքն ամփոփում է ինքն իրեն երանի տալով: Այսինքն՝ մարդն այս աշխարհը լքելուց առաջ, այնուամենայնիվ, հաշտվու՞մ է իր ապրած իրականության հետ:
– Մարդ լինելն այնքան էլ հեշտ չէ. հանկարծ մի օր հայտնվում ենք այս աշխարհում, մի կերպ քիչ առ քիչ հարմարվում կյանքի լավ ու վատին` միաժամանակ մեր ներսում ունենալով ամեն պահ հեռանալու միտքը: Իհարկե, այն հաճախ վտարում ենք, հեռացնում գիտակցականի ոլորտից, մի խուլ, հեռու տեղում թաքցնում, բայց շատ ավելի վատ. այդպես այն, որպես անհասկանալի, հոգին տակնուվրա անող տագնապ, հետզհետե ավելի է ահագնանում, սաստկանում, տանջում: Իսկ դրանից ազատվելը անհնարին է այն պատճառով, որ անհասկանալի է, անբացատրելի: Այնպես որ, իրականության աչքերին պետք է պարզ նայել, փորձել ճանաչել այն, հասկանալ: Այդպես արդեն ինչ-որ բան որոշակիանում է, և ուրեմն հեշտանում, կարելի է անգամ եզրահանգումներ անել, պատասխաններ, ելքեր գտնել, վճիռներ կայացնել, ավելի ճիշտ՝ կյանքի ամենակարևոր ընտրությունն անել… Այդ մտորումների առաջին հանգրվանը «ունայնություն ունայնությանն» է, որն արդեն ոչ թե անհասկանալի, այլ գեթ գիտակցված տագնապի կամ անզոր հաշտության պատճառ կարող է դառնալ: Բայց կա նաև հաջորդ հանգրվանը, երբ հասկանում ես, որ ամեն բան այնքան էլ այնպես չէ, ինչպես կարծեցիր, երբ բացվում է մի այլ տեսողություն՝ քո մարմնային սահմաններից, աշխարհի, նյութի սահմաններից, ունայնության ցանցերից այն կողմ, երբ հայտնաբերում ես մի նոր տարածք՝ ավելի քոնը, քան այս երկու թվերի միջև որպես գծիկ ծվարած անհասկանալի, անհանգիստ կյանքն է, ավելի ամուր, ավելի իրական, ավելի «շոշափելի» ու …. անսահման, անչափելի, անժամանակ: Արտավազդ պապը իր ապրածի ողջ ընթացքում դեռ ընդամենը «ունայնություն ունայնության»-ին էր կարողացել հասնել, ինչպես մարդկանց մեծամասնությունը, ինչպես արևմտյան աշխարհի մաղձոտ, կյանքի վերջում խելագարության խավարում իրենց կորցրած փիլիսոփաները, որոնք կյանք ասածը չհասկացած, փորձում են այլոց «լուսավորել». Արևելքում փիլիսոփաներն ամենայն բան տիեզերական ամբողջության մեջ են քննում, զննում ու ճշմարտությունը քիչ թե շատ «դեմքով են ճանաչում»: Չնայած, չափից դուրս մտքին ապավինելը երբեք չի օգնում մինչև վերջ անթաքույցը բացելուն՝ Արևելքում լինի, թե Արևմուտքում: Այնտեղ, որտեղ մտքից ավելի, մտքից առաջ հոգին չէ առաջնորդողը, տեղ չես հասնի: Եվ ահա Արտավազդ պապի միտքն ու հոգին ցավոտ վերուվարի մեջ են: Այդ վերուվարի ցայտուն սիմվոլիկան է արդեն հանգած պապի կողքին մնացած, «կիսով լիքը և կիսով դատարկ» բաժակը, ինչով էլ հենց պատմվածքը վերջանում է: Այնպես որ, նրա հոգեվիճակն այնքան էլ իրականության հետ հաշտություն չէ: Մեկ այլ՝ «Բարդո» պատմվածքում, որը նույնպես իր փոքրության մեջ մի ամբողջ կյանքի նկարագիր է, և որտեղ էլ նույն «վերուվարը» կա, հերոսը մի քայլ կամ ավելի առաջ է գնում, նա հոգու աչքերով ասես տեսնում է Վերնայինին ու ամուր բռնում երկնքի կապույտ փեշը՝ միայն այդ ժամանակ, ի վերջո, հանգիստ գտնելով:
– Իրականության հետ ներդաշնակության ճանապարհը, ըստ Ձեր «Կյանքի երկու նժարները» պատմվածքի, աղոթքն է: Դյուրի՞ն է դեպի աղոթք տանող ճանապարհը, հասանելի՞ է ամենքին:
– Գրքում տեղ գտած պատմվածքներից մի քանիսն իրական հենք ունեն. «Կյանքի երկու նժարները» դրանցից մեկն է: Միայն վերջում փորձել եմ կնոջն այլ ճանապարհով տանել, քան նա ընտրել էր իր կյանքում: Պատմվածքի հերոսուհին իրականում այդպես էլ ելք չի գտնում իր դաժան վիճակից և կյանքն ավարտում է հոգեբուժարանում՝ մթագնած մտքով և հոգով: Բայց ելքը կար, ելքը մեկն էր և այնքան պարզ: Պատմվածքը ես այդ հուշումով եմ ավարտել: Չէ՞ որ կյանքում շատերն են նմանատիպ հոգեվիճակում հայտնվում, պարտադիր չէ, որ դա կլինիկական փորձառություն լինի. հաճախ է մարդ՝ ներքին բացված տեսողությամբ, հանկարծ զգում իր ընթացքի խղճալի վիճակը և ծվատվում ելքերի փնտրտուքի, ընտրության դժվարին տարուբերման մեջ: Մեզ ազատ կամք է տրված, բայց դեպի աղոթք տանող ճանապարհն այնքան էլ դյուրին չէ: Իհարկե, այն հասանելի է բոլորին, Երկնային Դուռը բոլորի առաջ է բաց և բոլորին է կանչում: Հարցն այստեղ դեպի այն քայլ գցելու, լույսի և խավարի միջև ընտրություն կատարելու կամ չկատարելու մեջ է: Որովհետև ընտրություն չկատարելն էլ է ինչ-որ տեղ ընտրություն: Այս հարցում երրորդը չկա, միջին չկա, սահմանը հատու է, եթե դեպի Լույսը չես գնում, արդեն խավարինն ես. այսպիսի խոսք կա. «Չարի ուժը նրան չհավատալու մեջ է»: Եվ ահա այդպես՝ հեքիաթի տեղ դնելով հոգու, հոգևորի մասին ամեն բան, ապրելով «Մի կյանք է, վայելենք, որքան կարող ենք» նշանաբանով, պարզ է, թե սահմանի որ կողմում կարող ես հայտնվել՝ ուզես, թե ոչ:
– «Շիրիմ հայրենիքում» պատմվածքի միստիկ նյութը (ամերիկյան ծանրոցում գտնվող աճյունափոշին մարդիկ ուտում են՝ իբրև մանանա) հանգեցնում է իրական դաժանության խոր մտածումին՝ հայաստանցիները հայրենիքն ընկալում են որպես գերեզմանոց: Այս իրականության ընթացքը մեզանում անվե՞րջ է, թե՞ միայն տևական:
– Ճիշտն ասած, պատմվածքի նյութը բոլորովին էլ միստիկա չէ, այլ միանգամայն իրական պատմություն: Այնպես որ, երկրից հեռացողները թող նման հնարավոր հեռանկարն էլ «աչքի առաջ» ունենան: Իսկ հեռանում են՝ ընդամենը ինչ-որ երանելի կյանքի տեսիլն աչքերի առաջ պահած, դրան ստորադասելով հայրենի հողը, մարմնի պահանջներից ավելի բարձր՝ հոգու պահանջները՝ արյան գենի մեջ քիչ կամ շատ, սակայն անպայման ներկա ձգտումը սեփական հող ու հայրենիքի: Հետո, արդեն ինչ-որ տեղ՝ ամերիկաներում, եվրոպաներում, ավստրալիաներում, նիգերիաներում, ով գիտե՝ էլ որտեղ, իրենց մի քիչ իբրև թե կայացած ապրուստով կյանքի վերջում, երբ նյութի իմաստն ու ձգողականությունը մի փոքր պակասում են, արյան ձայնն է ականջներին հասնում: ՈՒ գալիս են, հիմա էլ վայելելու այն, ինչի համար ոչինչ չեն արել:
Վստահ եմ՝ այս հողի գրկում նրանք այնքան հանգիստ չեն վայելում իրենց նինջը, որքան այդ հողին իր քրտինքը, արյունը, հույզերը խառնած իսկական զավակը: Որովհետև Հողն էլ է կենդանի, նա էլ է լքման ցավ, զավակների ոտնահետքերի կարոտ զգում:
Ազգն իր հոգեբանությունն ունի, որի ամեն մի նրբերանգն ինչ-որ ակունք ունի՝ ի վերուստ տրված կամ պատմության, փորձությունների արդյունքում ձևավորված: Դրանց մեջ կան մեզ խանգարողները, և երկիրը հեշտ թողնելն ու «Որտեղ հաց, էնտեղ կաց»-ի հոգեբանությամբ ապրելը դրանցից մեկն է: Միայն թե ազգը ևս կարելի է դաստիարակել, սխալների շտկումներ անել: Մինչդեռ մենք առայժմ հակառակն ենք անում: Եթերով մշտապես «գովազդվում է» արտագաղթը՝ այս կամ այն երկրում կայացած, հարուստ հայերի մասին հաղորդաշարերով, որով հրապուրված գնում են ու լրացնում վաղուց արդեն դրսում անելք, ստորացուցիչ, նպաստների կամ գողության հույսին մնացածների շարքերը: Եվ հետո, այստեղ հատուկ հարգանքի և ուշադրության ենք արժանացնում դրսի հայերին, հայրենիքը լքածներին, իսկ իր չարքաշ, կիսաքաղց կյանքով անգամ հողին հավատարիմ մնացողը, սահմանին իր դժվար ծառայությամբ երկիր պահողը հետին պլանում է: Օտարամոլությունը ևս մեր նկարագրի ոչ ընդունելի հատկանիշներից է. և այստեղ էլ, երևի թե, հենց դա է արտահայտվում: Չնայած, տվյալ դեպքում, օտարամոլություն ասելն այնքան էլ տեղին չէ, երևի թե սփյուռքամոլություն անվանենք: Իսկ ամեն մի մոլություն շեղում է նորմայից: Դա շատ հեռու է սիրո զգացողությունից, դրա մեջ մի քիչ քծնանք կա, մի քիչ վախկոտի փոքրություն, մի քիչ անհասկանալի հարգանք «զոռբայության», «տաք տեղից եկածի» ինքնաբավ կերպարի նկատմամբ:
– Ամուլսարի ճակատագրով Ձեր տրոփուն մտահոգությանը ծանոթ ենք բոլորս: Այդ մտահոգության հանգուցալուծումը նշմարո՞ւմ եք:
– Ամուր/լ/սարով ամեն հայ մարդ պետք է մտահոգ լինի:
Երկիրը երբեք մի խմբի սեփականություն չի կարող լինել, որն իր ոսկին անգամ հայրենիքի երակներից է պատրաստ դուրս կորզելու, առանց հետևանքների մասին մտածելու։ Հայրենիքը հայր է, մայր է, և ժողովրդի հետ նրա ծնող-զավակի հարաբերություններն են միայն ընդունելի այդ հարցերում: Բայց դե, աշխարհն էն գլխից «ծուռ» է ու չի փայլում իր արդարությամբ։ Հոգի կորցրածները, սեփական քթից, «ես»-ից, շահերից այն կողմ ոչինչ չտեսնողներն ամենաճարպիկներն են, և հաճախ ենք նմանների խաբեության կամ բռնության ծուղակն ընկնում ազգով ու հայրենիքով: Հետո որքան դժվար է այդ անհայրենիք, անազգ մարդկանցից և նրանց հաստատած ստրկությունից ազատվելը:
Ընդհանրապես հանքահանությունը մեր երկրի համար մեծ խնդիր է։ Մեր փոքր երկրում այդ պոչամբարները, բաց, թե փակ հանքերը ավելի մեծ պատուհաս են, քան անգամ բացճակատ կռիվը թշնամու դեմ. վերջինիս ժամանակ փրկության հույսը մեծ է, մեր ձեռքին է, իսկ հանքահանությունը մարմնի մեջ քիչ-քիչ ճանկերը զորացնող քաղցկեղի պես դեպի դանդաղ կործանում է տանում:
Մեր ժողովուրդն արդեն իր առողջության վատթարացմամբ վճարում է պաշտոնյաների ագահության դիմաց:
Ջերմուկը մեր երկրի մաքրամաքուր մարգարիտներից է, որը ոչ թե զբոսաշրջիկների, այլ հենց մեզ համար ամեն գնով պահպանել է պետք:
Եվ հեղափոխությունն ունակ էր վերջապես երկիրը ժողովրդինը դարձնելու, ունակ էր հանելու մեզ արդեն տասնամյակներ տևող սթրեսային վիճակից, գերհարուստների՝ այսուհետև էլ աճող «մեծությունից», օրվա հացը ոչ ամեն օր սեղանին տեսնող, անզորությունից ավելի ու ավելի կծկվող ու հուսահատվող գյուղացու կողքին, ունակ էր մեկընդմիշտ մեզ ազատելու «նախորդների» անամոթության բոլոր սահմաններն անցած եթերային «շոուներից», ունակ էր շատ բանի…
Միայն թե այն բարձր ալիքը, որի թափի տակ շատ հարցեր կարող էին հենց հեղափոխական կանոնների տրամաբանությամբ լուծում ստանալ, բաց թողնվեց: Դանդաղել պետք չէր, բայց դանդաղեցինք…
Ամեն դեպքում հուսանք, որ և՛ Ամուլսարի խնդիրը և՛ մյուսները, որքան էլ դանդաղ, ձգձգումներով, բայց այնուամենայնիվ, ճիշտ լուծում կգտնեն, որովհետև հակառակը մեր գոյատևության հետ անհարիրն է, հակառակը պարզապես անթույլատրելի է…
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ