Ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ
Նմանատիպ
Այն, ինչ զգում է սիրտը, բառերն անզոր են արտահայտել: Ճշմարիտ ու կատարյալ սիրո դեմ բոլոր գործարկվող միջոցներն անզոր են, և այդ է պատճառը, որ շատերը, փորձելով բնութագրել կամ սահմանել իրական սերը, պարզապես լռում են՝ անզոր գտնելով բոլոր բառերը: Սիրո սահմանումներից, թերևս, դրա բնույթին ամենամոտ տարբերակը հետևյալն է՝ Աստված սեր է: Հետևապես և Աստծո Խոսքը՝ քրիստոնեությունը՝ սիրո քարոզ է՝ ուղղված համայն մարդկությանը: «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16): Առաջին պատվիրանը, որ տրվեց մարդկությանն Աստծո կողմից, հետևյալն է՝ «Սիրի՛ր քո տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով», և երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Մատթեոս 22:37-39):
Պողոս առաքյալը, սիրո մասին խոսելով, գրում է. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթացիներ 13:4-7): Եկեղեցու հայրերից Սուրբ Հովհան Ոսկեբերանն էլ հաստատում է` սերը պինդ է պատից, ամուր է պողպատից, և եթե դու ուրիշ ամուր նյութ ցույց տայի՛ր, սիրո ամրությունը կգերազանցեր նաև դրան:
Անդրադառնալով մարդկային սիրուն` հարկ է նախ ասել, որ նրա մեջ հաճախ ես-ը գերազանցում է ամեն տեսակ զգացմունքի, հաճախ այնտեղ բացակայում է Աստծո, մենք-ի գաղափարը, որովհետև մարդկային սերը փոխադարձության է ձգտում, իսկ եթե չկա փոխադարձ զգացում, նրանցից մեկը, տառապում է անպատասխան սիրո պատճառով: Հենց սա է մարդկային և աստվածային սիրո տարբերությունը՝ մեկը շարունակ ձգտում է փոխադարձության, իսկ մյուսը տալիս է ամեն արժեքավորը՝ չակնկալելով ոչինչ:
Ո՞րն է ավելի կարևոր, սիրե՞լ, թե՞ լինել սիրված: Մարդիկ հաճախ, ընկնելով փառասիրության մեջ, կարծում են, որ սիրվելն է ամենաէականը, մինչդեռ երջանկություն գտնում են այն դեպքերում, երբ նվիրվում են ամբողջապես, իրենք են սիրում, ծառայում, հոգ տանում սիրելիի նկատմամբ: Այսպես է, քանի որ նման գործերով նրանք մոտենում են աստվածային սիրուն՝ իջնելով՝ բարձրացնելու համար:
Սերը, այո, չի մրցակցում, չի զրպարտում, այլ օգնում է ազատվել սխալներից և քայլել ճիշտ ուղով: Սերը հաշտ է ինքն իր հետ, պատրաստ ամեն տեսակ դժվարությունների միջով անցնելուն և ոչ թե այլոց դժվարությունների մեջ մենակ թողնելուն: Եվ երբ ասում ենք՝ Աստված սեր է, չենք սխալվում, քանզի ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ:
Աղբուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում