Պարույր Սևակ․ Ամպոտ եղանակ

Պարույր Սևակ․ Ամպոտ եղանակ

Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իսկ դրսում ցուրտ է,
Դրսում` ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՛յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշտրուքը անօգ ծառերի`
Շնչառությա՛ն պես,
Հևոցի՜ նման`
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՛ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխս եմ հանում ես` լոտոսի պես.
Մինչև կզակըս արդեն ջրասույզ`
Չեմ խեղդվում դարձյալ:
Իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում-դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես,
Ու թուրքի՜ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաև իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրևով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը` արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ`
Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման,
Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն
Ու մորեխի պես միևնույն թուրքի՛:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ո՛չ հալած խելքի,
Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված`
Արդեն ավերվա՛ծ,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին`
Նո՛ւյն Չինգիզ խանը,
Նո՛ւյն Լենկ Թեմուրը,
Միևնույն թո՜ւրքը:

Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի…

08,19.XII.1962թ.
Երևան

«Եղիցի լույս» շարքից

Հետևեք մեզ նաև Telegram-ում