Համո Սահյան․ Երազիս մեջ

Համո Սահյան․ Երազիս մեջ

Երազիս մեջ ես ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի։
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի։

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ,
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ,
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ,
Թե ես ինչպե՞ս համբերեցի երազիս մեջ։

Երազիս մեջ համբերեցի։ Բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել…
Ես մեկն էի, ինչպե՞ս է, որ երկու դարձա.
Միտք եմ անում… ու չեմ կարող լուսաբանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում