Վահագն Դավթյան․ Ես Հայաստան, ես քարե․․․

Վահագն Դավթյան․ Ես Հայաստան, ես քարե․․․

Ազատի ջրամբար

Իմ լեռները աստղամերձ խենթ խոյանքներ են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կապույտում քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս.
Ուր դարերով ցասումիս հեղեղներն են շառաչել։

Հազար կայծակ իր շեղբով իմ գոյությունն է հերքել.
Ու Եփրատն իմ սանձակոծ դուրս է եկել իր ափից…
Տաղերգուներն իմ նստած այնքան եղեռն են երգել,
Որ մագաղաթը անգամ դժգունել է սարսափից:

Բայց, Արարա՛տ, կատարիդ ցոլցլանքներն այն մաքուր
Իմ հույսերն են դարավոր, որ չեն մարել երբևէ,
Եվ դարերի խավարից սեգ արծիվներն իմ հոգու
Վերացել են ու դեպի այդ ցոլանքներն են թևել։

Ու ես ապրել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր,
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել
Եվ օրորել սրտիս մեջ Սևանա լիճն իմ կապույտ,
Որպես հույսի ու լույսի նվիրական առասպել։

Եվ դարերով տառապած ու կործանված, ու ավեր
Վերջին եղեռն եմ տեսել ես աչքերով դեռ իմ թաց,
Երբ իմ բախտի երկնքում լուսնի մահիկն էր կախվել,
Որպես ջարդի յաթաղան, որպես անեծք շիկացած։

Բայց լեռներն իմ աստղամերձ խենթ խոյանքներն են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կամքի պես քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս,
Որ նորածին լույսերի օրորոցներ են դարձել։

Ու ես ելել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր,
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել…
Ես՝ Հայաստան, ես՝ քարե, ես՝ հրագույն, ես՝ կապույտ,
Ես՝ հարության առեղծված, հավերժության առասպել

Հետևեք մեզ նաև Telegram-ում