«Հանցագործը հնարավոր է փախչի մարդկային դատաստանից, բայց ոչ երբեք՝ խղճից»
Նմանատիպ
Խիղճը հոգու ուժն է, որ մարդուն մղում է դեպի բարին՝ հեռու պահելով չարից: Այն Աստծո ձայնն է մարդու սրտում: Որքան վտանգավոր է խղճի տանջանքներին զոհ դառնալը, նույնքան էլ անհրաժեշտ է ժամանակին լսել խղճի փրկարար ձայնը: Խղճի բարոյական օրենքի պահանջները համապատասխանում են սուրբգրային օրենքի պահանջներին. ինչ ուսուցանում և թելադրում է Աստծո օրենքը, նույնը ուսուցանում և ներշնչում է խիղճը:
Աստծո օրենքը թելադրում է հավատալ ու սիրել Աստծուն, միայն Նրան պաշտել ու հնազանդվել՝ որպես աշխարհի Արարչի, երկյուղել Նրանից՝ որպես արդար Դատավորից, գոհանալ Նրանից՝ որպես առատաձեռն Բարերարից, հուսալ Նրան՝ որպես Ամենակարողի, նույնը և ներշնչում է խիղճը: Հարկ է ուշադրությամբ ականջալուր լինել խղճի ձայնին, որն, ըստ հայրաբանության, ճշմարիտ ուսուցիչ է և նրան ականջալուր լինողը չի ենթարկվի փորձության: Խիղճը՝ որպես կանթեղ, կատարելապես ցույց է տալիս բոլոր՝ թե՛ բարի և թե՛ չար գործերը: Խիղճը մարդու սրտում ոչ միայն բարին է արթնացնում և հեռու պահում չարից, այլ նաև՝ որպես անողոք դատավոր, դատում է մարդուն ամեն մի գործած չարիքի համար: Ս. Գրիգոր Նազիանզացին ասել է, որ հանցագործը հնարավոր է փախչի մարդկային դատաստանից, բայց երբեք չի կարող փախչել իր խղճից: Խիղճը համապատասխան գնահատական է տալիս յուրաքանչյուր մտքին ու գործին՝ չարիքի համար պատժում է անհանգստությամբ, վախով, ամոթով, խղճի խայթով ու տրտմությամբ, բարիքի համար պարգևատրում է խաղաղությամբ և հոգևոր ուրախությամբ: Ի՞նչն է ստիպում ծանր հանցանք գործողին խոստովանել իր հանցանքը՝ իմանալով, որ իրեն սպասում է մարդկային դատաստանի պատիժը, ինչո՞ւ է գողին ու մարդասպանին վախը, իսկ անառակին ամոթը տիրում, երբ մութ գիշերով բոլորի աչքից հեռու իրենց կողմից չարիք է գործվում. խիղճն է, որ մերկացնում է, հալածում ու հանգիստ չի տալիս: Երբեմն էլ անուղղելի հանցագործները, որ առանց վախի ու շփոթմունքի բազմաթիվ հանցանքներ են գործում, վերջ ի վերջո ինքնասպանության են դիմում՝ չդիմանալով խղճի դեմ պայքարին, նրա մերկացումներին և խայթոցներին: Նման վիճակում հայտնվեց նաև մատնիչ Հուդան, ով, տառապելով իր մեջ արթնացած խղճից, խոնարհաբար առ Աստված դառնալու փոխարեն ինքնասպան եղավ:
Ըստ հայրաբանության՝ կան մարդիկ, որոնց խիղճը ո՛չ դատում է, ո՛չ մերկացնում և ո՛չ էլ տանջում. այդ մարդիկ կա՛մ առաքինության բարձրագույն աստիճանին հասած մարդիկ են, կա՛մ մեղքի անդունդն ընկածները: Արդարի խիղճը ո՛չ մերկացնում է և ո՛չ էլ խայթում, իսկ խիղճը, որ աղտոտված է մեղքերով, և մեծ մեղքերն էլ տեսանելի չեն, նման է մրոտված հայելու, որտեղ նայողը ո՛չ իր դեմքը և ո՛չ էլ իր թերություններն է տեսնում:
Մեղավորի հոգին, որ չի մերկացվում խղճի կողմից, ծովի նման է, որ արտաքինից է միայն խաղաղ: Այդ թվացյալ ու կեղծ հանգստությունը նման է փոթորկին նախորդող խաղաղությանը, քանի որ մեղավորի կողմից խլացված խղճի ձայնը վաղ թե ուշ հնչելու է ահարկու ուժգնությամբ՝ ցնցելով նրա ողջ էությունը: Շատ հաճախ մեղքի անդունդն ընկածը նման ցնցումների է ենթարկվում, երբ մերձ է մահվանը, երբ նրա առջև հստակորեն երևում է իր ողջ կյանքը և հանդերձյալ կյանքում խղճի խայթոցը մեղավորի համար դառնալու է կրծող որդ և անշեջ կրակ, որոնց մասին գրված է Ավետարանում (Մարկ. 9:48):
Ուստի անհրաժեշտ է ապրել Աստծո օրենքի և խղճի համաձայն, որպեսզի խիղճը մարդու համար դառնա ոչ թե դատավոր, այլ՝ մխիթարիչ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում