Նոնա Պողոսյան. «Ճոճվող կարոտներ»
Նմանատիպ
Իմ աշունները երկարել են…
Քո ստվերները նորից ձգվում են իմ ու իմ միջև…
Ջրափոսերին ճոճվող կարոտում ձայնս փշրվել է…
Իմ աշունները դարձել են անհատնում…
Մեր ձմեռների փեշերի տակ, ասա, այդ ի՞նչ ես պահել,
Որ ես չեմ գտնում…
Հիմա սանրում եմ ծամերն առավոտի…
Ու հուշիկ հյուսում հիշողությունը,
Որ ցրտե մի օր տանեմ, հագցնեմ ձմռան բառերին…
Իմ աշունների ետնաբեմերում
Ափսոսանքների պարահանդես է…
Ու դու ես այնտեղ արքայազնը միակ,
Իսկ ես ձմռան կոշիկներով տիկնիկ եմ սառցե…
Իմ աշունները երկարել են…
Քո ստվերները նորից ձգվում իմ ու իմ միջև…
Մեր հովիտներում ձյունը ծաղկել է…
* * *
Մի օր, մի ցուրտ օր
Մի անասելի մութ գիշերի միջով
Մի անհարմար ու սայթաքուն ոտնամաններով
Մի աննկարագրելի խաղաղ ու երազախառն ջրերի վրայով
Մի անբացատրելի խռովք պահած իր հոգու կարմիր մոլորակում
Հեռացավ կարոտը, որ աշունը դառնա տանիքներից կախված չարագույժ լռություն…
* * *
Քայլերս երկինք են գրում,
Թևերս` թռիչքի ճիչեր,
Թե լռեմ ես մի օր աններում,
Ինձ այսպես, հենց այսպես հիշեք…
Ինձ հիշեք օրերում դժնի,
Սերերում հազարգույն, հազարհանգ,
Կարոտեք անպատեհ մի ժամի,
Հանդիպեք ինչ որ տեղ չսպասված…
Խշխշան բառերով ինձ զարդեք`
Թող ձեզնից մի աշուն ինձ մնա…
Իմ խիղճը ձեր հոգուն ավետեք
Թող նորից լուսանամ անխնա..
Քայլերս երկինք են գրում,
Թևերս`թռիչքի ճիչեր…
Թե մի օր լռեմ ձեր բառերում
Ինձ այսպես, հենց այսպես հիշեք…
* * *
Երբ միայնությունը թմբկում է ականջներիդ մեջ
Անգլիական լռության նոտաներով,
Դու իջեցնում ես ծանր վարագույրը,
Որ գիշերը հանկարծ չմտնի ծոցդ…
Դու իջեցնում ես ծանր վարագույրը,
Որ Թագուհու երկիրը չռած աչքերով
Հանկարծ չնայի քեզ…
Հետո փակում ես ամեն դուռ ու երդիկ,
Որովհետև ուզում ես բացել լռությունը
Ու երկար մտածել այն երկնքի մասին,
Որ քեզ հիշեցնում է քմահաճ կնոջ…
Դու ուզում ես մի քիչ արև քամել բարձիդ,
Բայց հանկարծ լուսնի գինին ես խմում…
Հետո մտածում ես այն ծառերի մասին,
Որոնց աշունները համարակալված են…
…Դու ուզում ես նորից վերադառնալ այնտեղ,
Ուր բոլոր ծառերն իրենց անուն ունեն
Ու մեռնում են երկնքի փեշին աշնանացեղ…
…Ուզում ես անվերջ փախչե՜լ ու փախչե՜լ,
Հեռանալ բարձրադիր իրողությունից,
Որ էլ չտեսնես այն, ինչը քոնը չէ,
Չի եղել ու էլ չի լինելու երբեք…
…Հետո անզորությունից
Սկսում ես հանկարծ
Սահմանել Անսահմանելին,
Գրել` Անգրելին,
Լռել` Անլռելին…
Հետո մտքիդ մեջ համարակալում ես քեզ,
Ու գիշերով գնում տխրությանը լրտես…
* * *
…Երբ կարոտներս հագա մատներիս`
հին ու փայլփլուն,
Ասես ջերմացան իմ զղջումները`
ափսոսանքներից,
Դուրս եկա փողոց`
գիշերածաղկի ձայնը լսելու.
Տեսա իմ բախտն է նորից սվսվում
քամու բերանին…
…Շողշողում էին իմ կարոտները`
զարդեր Ծիր Կաթնի,
Ես ծաղկել էի ջահել օրերի
լույս պարանոցին,
Ու աստղերն իջել, երկինք էին խաչում
ամեն մի քայլիս,
Որ ես հասնեի իմ կարոտների
իրիկնահացին…
…Բայց գիշերացոլք զղջումները իմ`
Բառեր սուտակե,
Կարկամել էին հին կարոտների
Ցավերի հանգույն…
Ու ես ձեռնունայն` առանց մի երգի,
Շապիկով մոխրե
Ջրերի վրա բախտ գլորելով
Վերադարձա տուն…
…Ներս մտա`այնքա՜ն անխռով, անքեն
Ձեր հայացքներում տեղավորվեցի.
Իմ կարոտները դուք էիք գտել
Ու ես իմ բախտը ձեզ մոտ թողեցի…
* * *
Մի որբացած գիշեր իմ պատուհանից
Կախվել, ճոճվում է`
Թողնեմ, թող ներս գա…
Նստենք երկուսով`
Մի ամբողջ աշուն իրար անծանոթ`
Աստղեր հեկեկանք…
Հետո ես գրկեմ ուսերը նրա,
Սառն լուսնահաչը լցվի ծոցիս մեջ,
Հետո զարմանամ, որ այդպես խաղաղ
Մենք փոթորկել ենք բառերից անքեն…
…Ես նրան պատմեմ կարոտի մասին,
Ու լուսնաշապիկ վերադարձների,
Ու մեկ էլ տեսնեմ` ննջել է ուսիս
Աշխարհը թողած մթան կամրջին…
Հետո կամացուկ դուրս գամ ինձանից,
Կորցրած աշունը աչքիցս թափ տամ,
Ասեղնագործվեմ տաք անձրևներին
Ու քամու թևին`թողնեմ, հեռանամ…
…Մի որբացած գիշեր իմ պատուհանով
Սահեց, հեռացավ`
Բախտս էր ասես…
Ու ես աշունը կապեցի քամու մեջքին սվսվան`
Լուսանամ գուցե…
* * *
Չկարդա´ս հեքիաթը…
…Որովհետև տարածությունը
Չի մայրացել ինձնով,
Ու հոսում են դեռ սպասումները
Ծեր հորիզոնի աչքերի միջով…
Որովհետև որբացել է լռությունը,
Որին դեռ երեկ գուրգուրում էինք…
Ու լերդացել են այն ապրումները
Որ մեր երակներում երանաբույր էին …
Չկարդա´ս հեքիաթը…
…Որովհետև կիրճերը
Անդունդների ողորմությունն են,
Գետերը`զարմանքը երկնքի,
Որովհետև հովիտները
Ծովերի որբությունն են,
Ու խոտերն անտառներ են`
Առանց կրքի…
Չկարդաս հեքիաթը…
Որովհետև տարածությունը
Չի մայրացել ինձնով…
* * *
Ես կծկվեցի ձեր թևերի տակ`
Ինձ ձեր երկի՜նքն էր պետք…
Ձեր աչքերի մեջ դարձա նախերգանք`
Ինձ ձեր խորու՜նկն էր պետք…
Պաղ բառերի տակ ափս պահեցի`
Խի՜ղճս էր քամվում…
Կռիվ էր… Ես ձեզ նորից գրվեցի`
Չե՜մ փլատակվում…
* * *
Ես քո աչքերի երջանկությունը
Փշրեցի գիշերվա երակների մեջ
Ու շրջիկ բախտի հետ երկար քայլեցի
Մինչ կգտնեմ քո ցոլքը սուտակե…
…Հետո առավոտվա արծաթե լաթով
Սրբեցի գիշերն իմ պատուհանից
Ու գնացի նորից անմիտ ապրելու`
Հանգիստ սպասելով մոլորությանը…
* * *
Այս սառույցներում ջրեր են ծաղկում`
Զուլալ ու տաք ջրեր…
Այս սառույցների մեջ ես ծերացա երեկ…
Այսօր բախտ եմ փնտրում…
Երանի նրան, ով կգտնի ինձ վաղվա
անփշալար մարգագետիններում…
* * *
Հիմա, երբ հնչում է
Գիշերային լռության շեփորականչը,
Ու ես մոտենում եմ`
Ընդունելու վախերի շքահանդեսը,
Երբ հավասարակշռում եմ
Վաղվա օրն ապրելու ներքին բնազդը`
Չծռելով մեջքս, որ ժամանակն այս
Հաղթել կարողանամ…
Հանկարծ լռության պարիսպներից այն կողմ`
Երջանկության հին զոհասեղանին,
Տեսնում եմ շորթված երազներն իմ հազար,
Որ սին խոստումների հոլովույթից պոկվել
Եկել, սպասում են դատաստանի…
…է՜յ, ով կա այդտեղ`կանգնեցրե՛ք նրանց,
Խաբվածներն արդեն վերադառնում են…