Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում երեկ բավականին թեժ էր:
Նրա խոսքով, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանի հետ քննարկեցինք Ամուլսարի և հարակից տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների փրկության և պահպանության հարցերը:
«Ամուլսարի ազդեցության գոտում գտնվող 81 դամբարաններից այս պահին պեղված է 46-ը և առնվազն զարմանալի է, որ մշակույթի նախկին նախարարությունը, ով ոլորտի լիազոր մարմինն էր, մինչ այժմ չի վկայագրել հայտնաբերված հուշարձանները: Մեր օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով այն պահին, երբ հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ, տեղանքում ցանկացած աշխատանք դադարեցվում է և անմիջապես իրազեկվում է լիազոր մարմնին:
Առ այս պահը ոչ միայն չի արվել հայտնաբերված հուշարձանների վկայագրում, այլ նաև չկա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը ՝ արդյո՞ք Ամուլսարի շահագործումը չի ավիրելու մեր մշակութային ժառանգությունը:
Ասեմ, որ էս հարցում հետևողական ենք լինելու ու եթե պարզվի, որ Ամուլսարի հետագա շահագործումը ջնջելու է այդ տարածքում առկա հնագիտական մեր ժառանգությունը, դրան էլ գումարած ՝ հանքի շահագործման բնապահպանական կատաստրոֆիկ ռիսկերը, սրանք երկաթյա արգումենտներ են իշխանության ձեռքին՝ միջազգային ցանկացած արբիտրաժում Ամուլսարի գործը շահելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ն.Զոհրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում