Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը ողորմության մասին
Նմանատիպ
Եղբայրներ, օրհնե՛նք ողորմած Աստծուն, որն Իր ծոցից առաքեց Միածին Որդուն, ով եկավ ու փրկեց մեզ: Բարձունքից ծագեց Արեգակը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ով հույսն է բոլոր քրիստոնյաների և հարությունը բոլոր հավատացյալ ննջեցյալների: Միաբանությա՛մբ ասենք՝ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությու՜ն բարձունքներում: Գոհացե՛ք Տիրոջից ամենքդ, քանի որ քաղցր է, քանի որ հավիտյան է նրա ողորմությունը» (Սաղմ. ՂԹ 5): Աստված մարմնացավ և Իր մարմնի մեջ սպանեց մեր մեղքերը: Ինքը մեզ համար մեռավ և մեր մեռելությունը կենդանության վերափոխեց: Խավարից ի լույս դարձանք, մահվանից՝ դեպի կյանք, քանի որ Աստված բնակվեց մարդկանց մեջ, ինչպես որ ասվում էլ է՝ «կբնակվեմ նրանց մեջ և կքայլեմ նրանց մեջ և կլինեմ նրանց համար Աստված և նրանք կլինեն ինձ ժողովուրդ, իմ ծառաներին կկոչեմ Իմ անունով և կօրհնեմ երկրի վրա նրանց ընթացքը» (Ղևտ. ԻԶ 12): Եվ արդ, քրիստոնյաները օրհնյալ են երկրի վրա: Տե՛ս, սիրելիս, Աստծո երախտիքներն ու մարդկանց հանդեպ ունեցած Նրա սերը: Տե՛ս և միշտ մտքումդ ունեցի՛ր այդ ու հավիտյան փառաբանի՛ր Նրա անունը, քանի որ Երկնքից երկիր խոնարհվեց և երկրավորներիս երկնայիններ դարձրեց Նա: Հագավ մեր մարմինն ու փրկեց մեզ և Իր հայրենի սերը տնկեց մեր սրտերում, որպեսզի աղաղակենք՝ «Աբբա, Հայր»: Մահին հնազանդվեց և վերացրեց մահվան զորությունը, որով երկնայիններ դարձրեց և Երկնքի արքայությունը խոստացավ մեզ: Այսուհետև, սիրելիք իմ, պար պիտի բռնենք երկնայինների հետ, քանի որ հրեշտակներին հավասար և Աստծո որդիներ դարձրեց մեզ, լույսի ու տվնջյան որդիներ. ուրեմն գիշերվա և խավարի մեջ չենք այլևս: Արդ, եթե Նա այդչափ սիրեց մեզ, մենք էլ պարտավորված ենք կատարել Նրա հրամանները: Եթե Նա այդպես ողորմեց մեզ, պարտ է և մեզ ողորմություն տալ աղքատներին: Քանի որ Աստված առավել շատ է սիրում ողորմած մարդուն, և սուրբ Ավետարանն էլ հրամայում է, թե «Երանի՜ ողորմածներին, քանի որ նրանք ողորմություն պիտի գտնեն»: Որտե՞ղ կամ որտեղի՞ց. ահավոր դատաստանի օրը՝ սոսկալի ատյանի առաջ, Հիսուս Քրիստոսի ողորմությունից «ողորմություն պիտի գտնեն»: Երբ մեկը ձեռք է մեկնում աղքատին ողորմություն տալու համար, փրկում է իր անձը մահվանից և նմանվում է Աստծուն ու իր գանձերն է կուտակում Երկնքում, որտեղ ոչ ցեցն ու ուտիճն են ապականում և ոչ էլ գողերն են գողանում: Եվ ով ողորմում է աղքատին ու տնանկին, նրան չար օրվանից փրկում է Տերը և թույլ է տալիս, որ օրհնյալ լինի նրա ողջ վաստակը: Չէ՞ որ այսպես է ասում Քրիստոս. «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ». դու ողորմությամբ ինձ պտուղ տվեցիր, և Ես պիտի մաքրեմ քեզ քո մեղքերից: Քո ձեռքը մեկնեցիր երկրի վրա ապրող աղքատին ու այդպիսով մերձավոր դարձար Աստծուն, ողորմելով տնանկին՝ փոխ տվեցիր Աստծուն՝ երկնքում: Քանի որ կենդանի սերմը սերմանեցիր, կկանչվես երկինք և չես զրկվի անմահական պտղից: Ողորմությա՛մբ խոնարհիր անձդ թե՛ գիշեր ու թե՛ ցերեկ, և բարեկամ կլինես Աստծուն:
Մեծ զորություն և ուժ ունի ողորմությունը, քանի որ վերացնում է բոլոր չարիքները, ջլատում է մեղքերի զորությունն ու համարձակություն է շնորհում առ Աստված: Օրհնյալ կլինի ողորմած մարդու զավակը և չեն խարխլվի նրա հիմքերը, քանի որ ողորմությամբ են հաստատված: «Եթե ողորմություն եք տալիս,- ասում է,- ուրեմն սուրբ է ձեր ողջ ունեցվածքը», քանի որ աղքատները դաստառակ են, որոնցով պիտի մաքրենք մեր հոգիների աղտերը: Եթե աղքատներին քո տանն ընդունես, կջնջես քո մեղքերը՝ տնանկների հանդեպ ունեցած քո գթության և ողորմության շնորհիվ: Մենք, որ մեղքերով աղտեղի դարձրինք ինքներս մեզ, ողորմությա՛մբ է, որ պիտի սրբվենք: Քանի որ ինչպես մեղքերն են պղծում հոգին ու մարմինը և բարկացնում Աստծուն, նույնպես ողորմությունը սրբում է և՛ հոգին, և՛ մարմինն ու հաշտեցնում Աստծո հետ, ուրախացնում Նրան: Դու անցողիկ ինչքով ես ողորմություն անում, իսկ Աստված անապականով է ողորմում ու պահպանում քեզ, պսակում Իր ողորմությամբ և գթությամբ: Չէ՞ որ Աստված մեզ ողորմության շնորհիվ դեպի ճշմարտության գիտությունը դարձրեց: Հեթանոսներն անգամ Աստծո ողորմածության համար փառավորում են Նրան: Աստված կամենում է, որ մենք ողորմած լինենք, որպեսզի Ինքն էլ Իր ողորմությունը շնորհի մեզ: Ո՞վ է ի զորու բարբառել Տիրոջ անսահման զորության մասին կամ ի՞նչ կա առավել մեծ այն բարությունից, որով Աստված չարչարվեց մարդկանց համար, որպեսզի նրանց երկնավորներ դարձնի: Ո՞վ կարող է պատմել այն երախտիքները, ըստ որոնց Աստված մարդկանց համար երկրի վրա երևաց, շրջեց աշխարհում և սեր քարոզեց ոսոխների մեջ ու ոչնչացրեց թշնամության բռնությունը: Խաղաղություն հաստատեց Իր Խաչով, այսինքն՝ չարչարանքներով, քանի որ Խաչը Քրիստոսի չարչարանքներն է ի հայտ բերում: Չէ՞ որ չարչարվեց Տերը մեզ համար և Իրեն որպես կերակուր շնորհեց մեզ, ինչպես որ ասում է. «Ես եմ Երկնքից իջած կյանքի կենդանի հացը և ամենքին կենդանացնողը»: Արդ՝ «ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ» (Հովհ. Զ 57): Իսրայելացիների մասին մարգարեն ասում է. «Մարդիկ հրեշտակների հացը կերան» (Սաղմ. ՀԷ 25): Մարգարեն զարմանում է, քանի որ մեծ են երախտիքներն Աստծո. իրապես մեծ էին, սակայն ոչ այժմյան պարգևների չափ, քանի որ մանանայի փոխարեն Իր մարմինը տվեց որպես կերակուր և վեմից բխող ջրի փոխարեն տվեց Իր սուրբ արյունը, որը Կյանք է տալիս նրանց, ովքեր հավատով ճաշակում են այն: Լսի՜ր, թե ինչ է ասում Փրկիչը հրեաներին. «Ձեր հայրերը,- ասում է,- կերան մանանան անապատում և մեռան», քանի որ հավիտենական կյանքի համար չէր, որ իջավ մանանան, այլ որպեսզի երևա Աստծո զորությունը և հանդիմանության ենթարկվի նրանց հավատքը, քանի որ Տերը հանեց նրանց եգիպտացիների երկրից, սակայն նրանք փորձում էին Աստծուն և ասում՝ «մի՞թե Աստված կարող է սեղան պատրաստել անապատի մեջ»: Թեպետ Տերը առաքեց մանանան և ջուր բխեցրեց ժայռից, սակայն անգամ այդժամ չհավատացին: Իսկ Քրիստոս հավիտենական կյանքի համար եկավ. «Ես եկա,- ասում է,- որպեսզի կյանք ունենաք» (Հմմտ. Հովհ. Ե 40), «Ես եմ երկնքից իջաց կենաց հացը, և ով ուտի այս հացից, մահ չի տեսնի հավիտյան» (Հմմտ. Հովհ. Զ 59): Աշխարհին կյանք շնորհելու համար եկավ Տերը և Իր կենդանի մարմինը տվեց՝ որպես կերակուր, և Իր սուրբ արյունը՝ որպես ըմպելիք, որով էլ կապեց սատանային և ավերեց դժոխքը: Տեսնո՞ւմ ես, սիրելի՛ս, մարդկանց հանդեպ ունեցած Աստծո անչափ սերը: Երկնային հրեշտակներն անգամ զարմանում են մարդկանց նկատմամբ Աստծո ունեցած այդ սիրո համար: Ուստի եթե Նա այսչափ սիրեց մեզ, մենք էլ պարտավոր ենք Նրա սերը տնկել մեր սրտերում և լինել ողորմած, որպեսզի ինքներս էլ ողորմություն գտնենք ահավոր և սոսկալի օրը: Ամենևին մերժենք ագահությունն ու ամենայն չարիքի արմատ արծաթասիրությունը, որով շատերը սովոր են մեծամեծ չարիքներ գործել, ինչպես որ արեց մատնիչ Հուդան և նրա նման շատերը: Չէ՞ որ ագահությունն ինքնին կռապաշտություն է, քանի որ ագահն էլ հանապազ բարկացնում է Աստծուն, և այդպիսիք հեռացած են հավատքից: Այս ամենի համար աղաչում եմ ձեզ, փախե՛ք ագահությունից և հուսացե՛ք ողորմած Աստծուն, քանի որ Քրիստոսին հավատացողների համար աշխարհն այս լի է ինչքերով, իսկ անհավատների համար ոչ մի գրոշ անգամ չկա: Իսկ Աստծուն հավատացողները այս աշխարհի բարիքներից չպիտի վայելեն, այլ, քանի որ Քրիստոս է նրանց հույսը, Նրա հետ էլ պիտի վայելեն այն անանց բարիքները, որոնք «աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ. Աստված այն պատրաստեց իր սիրելիների համար» (Ա Կորնթ. Բ 9): Իսկ անհավատներն ու անողորմները պիտի ժառանգեն հավիտենական տանջանքը ու տարտարոսի անշեջ հուրը, անքուն որդերն ու աչքերի լալը, ատամների կրճտումն ու նմանատիպ այլ բաներ: Ուստի աղաչում եմ ամենքիդ, որ քնի մեջ չմնաք: Կամենո՞ւմ ես տեսնել Քրիստոսին՝ Աստծո Որդուն. Նա հանապազ կանգնած է քո դռան առաջ և կամենում է բժշկել ու Իր ողորմությունը շնորհել քեզ: Քրիստոս հանապազ վաճառում է հավիտենական կյանքը և մի փոքրիկ պատճառ է խնդրում քեզնից, որպեսզի Իր մեծամեծ բարիքները շնորհի քեզ:
Եվ արդ, մի՞թե համեմատելի է անանց բարությունը անցավորի հետ: Չէ՞ որ դու անցավորով ես ողորմում, իսկ Աստված՝ ոչ այդ կերպ. Նա անանց գանձերով է փառավորում քեզ: Դու երկու գրոշ պղինձ ես տալիս աղքատին, իսկ Քրիստոս քեզ է շնորհում Արքայությունն ու Անմահությունը: Դու մի բաժակ սառը ջուր ես տալիս ծարավյալին՝ առանց որևէ ծախս անելու, իսկ Քրիստոս բազմապատկում է քո երկնավոր վարձքը և արբեցնում է քեզ անմահական ջրով: Դու մի հնացած հանդերձ ես տալիս աղքատին, իսկ Քրիստոս լուսեղեն պատմուճանով է զարդարում քեզ և պսակում է Իր իսկ ձեռքով, քանի որ Աստված շա՜տ է սիրում ողորմած մարդուն: Ի՛նքդ տես, թե ինչպե՜ս է քո ողորմածության համար պատվում քեզ, որ Իր իսկ ձեռքով պսակում է քեզ ու չի գարշում քո աղտեղությունից: Եթե ողորմություն ես տալիս աղքատին, որը կաղ կամ կույր է, համարիր, թե Քրիստոսին ես տալիս և ոչ մարդու. Աստծու՛ն փոխ տուր և փոխարենը Աստծուց էլ կստանաս: Մի՛ մեծամտացիր տալու ժամանակ, որպեսզի քո չնչին տվածի դիմաց մեծամեծ բարիքների արժանանաս:
Բարի է ողորմությունը, քանի որ հալեցնում է մեղքերի սառնամանիքը և սրբում է հոգու աղտերը, կանգնեցնում է Քրիստոսի աջ կողմում ու արժանի է դարձնում աստվածային օրհնություններին: Հայտնի է, որ առանց ողորմության դժվար է Արքայություն մուտք գործելը: Անգամ կուսությամբ և աղոթական կյանքով ապրող մեկի համար ամեն ինչ խոտան է առանց սիրո և ողորմության: Չէ՞ որ հինգ կույսերը, որ բազում առաքինություններով էին օժտված, բայց ոչ ողորմության յուղով, դասվեցին պոռնիկների ու չարագործների հետ և փակվեց նրանց առաջ ողորմության դուռը: Եվ ասվում է, թե «եկել բախում էին ու ասում՝ «Տե՛ր, Տե՛ր, բացի՛ր և մեր առաջ Քո դուռը», սակայն Նա ներսից պատասխանում է ու ասում՝ «չեմ ճանաչում ձեզ և ձեր կուսությունն անպիտան է ինձ»:
Տեսնո՞ւմ ես, ինչ մեծ աղետի է հանգեցնում տարակուսանքը: Արդ, ի միտ առ, ո՛վ մարդ, և ողորմությու՛ն արա՝ սարսռելով Տիրոջ նույն այս խոսքերից: Լույսի պատճառ է ողորմությունը, և ովքեր գործում են այն, լուսավորվում են, ինչպես Արևը: Եվ ինչպես Արեգակի սաստիկ ջերմությունից լուսավորվում է ամեն բան և հալում է սառույցը, նույնպես և ողորմությամբ հալվում է մեղքերի սառնամանիքը: Ողորմությունը նաև հնարավորություն է տալիս լսելու այն երանավետ խոսքը, որն ասում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք Երկնքի արքայությունը, որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի և բանտի մեջ, ու ինձ այցի եկաք» (Հմմտ. Մատթ. ԻԵ 36): Տեսնո՞ւմ ես Աստծո մեծ սերն ու գութը, ըստ որի այն, ինչ աղքատի հանդեպ գործեցին, Աստված Իրենը համարեց և չասաց, թե «աղքատներին տվիք կամ կերակրեցիք, այլ ոչ թե Ինձ»:
Արդ, եթե այսպիսի զորություն ունի ողորմությունը, ապա հանապազ ձեր ձեռքերը պարզե՛ք աղքատներին: Եվ ոչ այնպես, ինչպես կեղծավորներն են անում: Նրանք մոլեգնոտ փառասիրության պատճառով կորցնում են իրենց վարձքը, քանի որ ի ցույց մարդկանց են անում, իսկ այդպիսի մեկը չպիտի վարձ ընդունի Աստծուց, որովհետև ապականում է իր տուրքը, հպարտացնում իր անձն ու բարկացնում Աստծուն: Այդ պատճառով էլ Աստված պիտի արհամարհի նրանց, քանի որ Տերը արհամարհում է կեղծավոր մարդուն և ցրիվ է տալիս մարդկանց հաճելի լինել կամեցողների ոսկորներն իսկ: Չէ՞ որ դևերն էլ, որդերի և ոջիլների նման եռում ու խաղում են կեղծավորների աղոթքներում. դևերը՝ կաքավում, իսկ դիվապետները ծափ են զարկում: Այս պատճառով էլ մենք պարտավոր ենք փախչել այսպիսի սնափառությունից և չմեծամտանալ ողորմություն տալիս, որպեսզի, ինչպես ցողից բույսերն են զվարճանում, նույնպես և ողորմությունից պայծառանան մեր հոգիները: Այս մասին Փրկիչն ասում է. «Երանի՜ ողորմածներին, քանի որ նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. Ե 7): Իսկ Դավիթ մարգարեն ասում է. «Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմ Խ 2), քանի որ ոչ թե աղքատին ես տալիս, այլ Քրիստոսին, որը անսահման բարիքներ շնորհեց քեզ՝ թե՛ այժմյան և թե՛ հանդերձյալ կյանքի համար: Տեռատես կինը մերձեցավ Քրիստոսին և ցամաքեց նրա արյան աղբյուրը. նույնպես և ողորմություն տալիս ցամաքում և գոսանում է մեղքերի պտուղը:
Մի՛ հապաղիր ողորմություն տալ, որպեսզի փրկվես գեհենից, քանի որ եթե կույսերին արգելվեց հարսանյաց խնջույքին մասնակցել յուղի պակասության պատճառով, դու ի՞նչ պիտի անես, դո՛ւ, որ թավալված ես բազում աղտեղությունների՝ որկրամոլության, պագշոտ պոռնկության մեջ և, ապականելով սուրբ ամուսնությունը, Քրիստոսի անդամներն ես առնում ու պոռնիկի անդամներ դարձնում: Ոմանք Սոդոմի և Գոմորի ախտով են ախտանում, ոմանք՝ Կայենի նախանձով ու ոխակալությամբ, որով սպանեց Աբելին: Ոմանք էլ չեն տեսնում իրենց մեղքերի գերանն ու հանդգնում են այլոց աչքի շյուղը հանել, ապականում են իրենց անձերը բամբասանքով: Եվ արդ, տե՛ս սատանայի չարությունը. ինչպե՞ս է գողանում մեզ և մենք գլխի էլ չենք ընկնում: Այդ պատճառով չարիքները եկան ու պատեցին մեզ և մեր ազգը գերեվարեցին: «Չունենք մենք օգնական ու ապավեն և ոչ ոք չկա մեր թիկունքում, մեր վաստակը օտարներն են ուտում մեր իսկ աչքի առաջ: Ոտքի կոխան եղանք մենք բոլոր ազգերի կողմից, և այս ամենը եղավ մեր մեղքերի պատճառով»:
Եվ արդ, աղաչում եմ ձեզ, սիրելինե՛րս, այս կերպ մի՛ շարժվեք, որպեսզի Աստված չբարկանա մեզ վրա, այլ սիրե՛ք միմյանց: Լսե՛ք Փրկչին, որ ասում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ. ԺԳ 34): Երբ պակասում է սերը, ցնծում է սատանան, քանի որ որտեղ սերն է, այնտեղ չկա նախանձ, չկա ատելություն, չկա չարություն, հպարտություն ու հակառակություն և ոչ էլ սրանց նման որևէ բան: Իսկ սիրո պակասից բուսնում է չար որոմը, այսինքն՝ բամբասանքը, ատելությունը, երկպառակությունը, ոխակալությունը, չարիքն ու նախանձը, չարակնությունը, նենգությունը, սպանությունը, չարախոսությունը, սուտ երդումը, սուտ խոսելը, չար պատուհասները խնդությամբ ընդունելը, չարություն և ո՛չ բարություն սիրելը: Այս ամենը սիրո պակասից է լինում, իսկ ատելությունը ոխակալություն է ծնում, և ոխակալությունը՝ սպանություն:
Արդ, աղաչում եմ, բևեռե՛ք ձեր սրտերում եղբայրների նկատմամբ սերը և հոժար կամքով ողորմա՛ծ եղեք ձեր ընկերոջ հանդեպ: Քանի որ մարդ ինչ սերմանում է, այն էլ կհնձի: Կախված այն բանից, բարի կլինի թե չար մեր սերմանած ողորմությունը, ըստ այդմ էլ պիտի հնձենք հավիտենական Կյանքը: Լսի՛ր Տեր Հիսուսին, որ ասում է. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ, երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին և կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների Արքայությունը, և քո վարձը կստանաս Աստծուց» (Հմմտ. Ղուկ. ԺԴ 12-14): Նաև ամենևին մի՛ փորձիր Աստծուն և մի՛ քննիր անքննելին, անհույս մի՛ եղիր, այլ հավատա՛, մի՛ ցանկացիր անցավորը և մի՛ նայիր մարմնավորին, քանի որ սուտ և ունայն է այս կյանքը: Ուստի, սիրելի՛ս, ապավինի՛ր Աստծո ողորմությանը և Նրա գթասիրտ սիրուն, որով երկինքն ու երկիրը մի եղան, որով սատանան կապվեց և կապվածներն արձակվեցին, որով մարդկության առաջ բացվեց մինչ այդ փակ եղող Դրախտը: Այդ սիրով ընդունեցինք ճշմարիտ լույսը՝ Քրիստոսին, ուստի չկործանվենք անհուսությամբ, քանի որ որտեղ Քրիստոս է բնակվում, այնտեղ է Լույսը: Եվ քանի որ հարություն են առնելու և՛ արդարները, և՛ մեղավորները, դո՛ւ էլ փութա փարատել մեղքերիդ անօրենությունները, որպեսզի Քրիստոսի հետ լույսի մեջ բնակվես: Դու կարող ես տեսնել Քրիստոսին աղքատների ու կարոտյալների միջոցով. կերակրի՛ր քաղցածներին, հագեցրո՛ւ ծարավյալին, հագցրո՛ւ մերկին, ընդունի՛ր օտարին, հիվանդին այցի՛ գնա, մխիթարի՛ր տրտմածներին և այնժամ Քրիստոսի հետ կհանգչես Լույսի մեջ ու կլսես օրհնության ձայնը: Մի՛ նմանվիր հերձվածողներին և մի՛ գնա նրանց հետքերով, քանի որ նրանք չունեն հարության հույսը և ասում են, թե «չկա մեռելների հարություն», և ոմանք էլ՝ թե «մարդկանց փտած և ապականված ոսկորները ինչպե՞ս կարող են հառնել»: Իսկ նրանցից ոմանք ասում են, թե դատաստան չի լինելու և խցում են իրենց ականջները, որպեսզի չլսեն Աստծո Որդու ձայնը, որ ասում է. «Ամենքդ, որ ննջում եք գերեզմաններում, դու՛րս եկեք» (Հմմտ. Հովհ. Ե 28):
Արդ, փախի՛ր այդպիսիններից, քանի որ այդպիսիք սատանայի բնակարան են և դժոխքի հավիտենական հրին են մատնվելու: Լսի՛ր Փրկչին, որ ասում է. «Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ ինձ հավատում է, խավարում չմնա» (Հովհ. ԺԲ 46): Մենք ճշմարիտ Լույսն ունենք, և ինչպես որ Լույս է Ինքը, նույնպես և իրեն հավատացողներին է լույս դարձնում: Եվ քանի որ ճշմարիտ Լույսը մեր մեջ է, փախչե՛նք խավարային գործերից և բոլոր կողմերից ամրացնենք մեր անձերը հավատով, սիրով, հույսով, համբերատարությամբ, վստահե՛նք ողորմած Աստծուն, որ մարդասեր է և բարեգութ, Դատավոր արդար, բայց և անհիշաչար, քանի որ մեղավորներին շնորհեց Երկինք բարձրանալ՝ և՛ մաքսավորներին, և՛ ավազակներին, և՛ մարդասպաններին, և՛ պոռնիկներին և և՛ հայհոյողներին: Մաքսավորից ավետարանիչ դարձրեց, սրբացրեց պոռնիկին, արդարացրեց մեղավորներին, ավազակին Իր հետ Դրախտ տարավ և մարտիրոսների պատվին արժանացրեց նրան, ով Իր կողն էր խոցել: Այս ամենը արեց, որպեսզի իմանաս, որ եթե անգամ բյուր չարիքներով լցված լինես, բայց հետո ապաշխարես ու զղջաս, առավել ևս կբարձրանաս ու արժանավոր կդառնաս Աստծո սիրուն:
Արդ, զորացի՛ր Քրիստոսի ողորմությամբ և հանապազ Նրա՛ն ապավինիր, քանի որ անեզր է Նրա ողորմությունը և անպատմելի՝ Նրա մարդասիրությունը: Եվ եթե Նա այսպես սիրեց մեզ, մենք էլ պարտավոր ենք Նրան սիրել և պահել Նրա պատվիրանները: Եվ որչա՜փ պիտի սիրենք Նրան, որպեսզի այդպիսով ինքներս մեզ արժանի դարձնենք՝ ճաշակելու Աստծո Որդու սուրբ Մարմինն ու Արյունը: Եվ, հեռու վանելով մեզնից ոխակալությունը, պիտի սիրենք նաև մեր ընկերոջը, քանի որ ամեն ինչից մեծ է սերը և գլուխն է Աստծո պատվիրանի: Իսկ ոխակալությունը ապականում է ամեն բան և կորստյան է մատնում աղոթող հոգուն: Սակայն դո՛ւ, սիրելի՛ս, փարատի՛ր քո սիրտը ոխակալությունից և սիրի՛ր քո ընկերոջը իբրև քո անձը և համարձակությա՛մբ հաղորդվիր Քրիստոսի ճշմարիտ Մարմնին և Արյանը: Զորությո՛ւն խնդրիր Աստծուց և մաքրի՛ր քո անձը ամեն տեսակի մեղքից: Ողորմած և գթած է Տերը, երկայնամիտ ու բազումողորմ և ցավում է մարդկանց չարիքների համար. միայն թե դարձի՛ր դեպի Նա և Նա կդառնա դեպի քեզ: Աղաչի՛ր Աստծուն և Նա թողություն պիտի շնորհի քեզ: Աղտեղի խորհուրդներով մի՛ լցրու սիրտդ, քանի որ այդպիսի մեկը չի կարող տեսնել Աստծուն և ոչ էլ ողորմություն խնդրել Նրանից, քանի որ սուրբ է Աստված և սրբերի մեջ է բնակվում:
Ուրեմն փախի՛ր աղտեղի խորհուրդներից և մեղքի ամեն տեսակ պղծությունից ու սուրբ մտքով, մաքուր սրտով, բարի խորհրդով և անկեղծ աղոթքով ողորմությո՛ւն խնդրիր Բարձրյալից, թողությո՛ւն խնդրիր Քրիստոս Հիսուսից, քանի որ մեծ է մարդկանց հանդեպ տածած Աստծո սերն ու անչափ է Նրա մարդասիրությունը, և Նրան վայելում է փառք, իշխանություն և պատիվ այժմ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Գրաբարից արևելահայերենի փոխադրեց
Գևորգ ուրկ. Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում