Ագահ վանականը
Նմանատիպ
Պատմում են, որ մեծ մենաստաններից մեկում մի ծայրագույն վարդապետ էր ապրում՝ Պախոմի անունով: Ժողովուրդը նրան սիրում էր բարության համար, իսկ վանական եղբայրները հակակրում էին: «Ագահ վանական» էին անվանում: Եվ իսկապես՝ փարաջաները հասարակներից չէին, մեքենան զիլ էր: Խուցն էլ լի էր ունևոր ծխականների նվիրած բազմաթիվ գրքերով, սրբապատկերներով, զանազան հուշանվերներով և այլ նվերներով:
Վանքի մենակյացները, հատկապես նոր ձեռնադրվածները, հաճախ էին գայթակղվում նման շքեղությամբ: Նման ունեցվածքն ինչ-որ չէր համապատասխանում հին անապատական խստակյացների խրատներին: Հատկապես հայր Գերասիմն էր սաստիկ վշտանում «անառակ եղբոր» համար.
– Ախր, սա ինչի՞ նման է: Վանականությանը հարիր չէ:
Գերասիմն ինքը խիստ էր կենցաղում: Նրա խուցն ապշեցնում էր իր պարզությամբ ու աղքատությամբ: Եվ իր հոգեզավակներից ևս նույնն էր պահանջում՝ հաճախակի ակնարկելով վերջին ժամանակների մոտ լինելու մասին: Իսկ մի անգամ նույնիսկ վանահորը դիմած պատվիրակությունը գլխավորեց, թե՝ չենք ուզում Պախոմիի կողքին ապրել:
Վանահայրը միայն ձեռքերը տարածեց. «Իսկ ես ի՞նչ կարող եմ անել: Եվ ուխտավորներն էլ նրան շատ են սիրում»: Եվ եղբայրներին հիշեցնելով եղբայրասիրության ու համբերության մասին, խորհուրդ տվեց ավելի մեծ եռանդով աղոթել Պախոմիի համար:
Իրականում հայր Պախոմին ագահ չէր: Թեև կշռադատությամբ, բայց պատրաստակամորեն կիսվում էր իր ունեցվածքով: «Ախր այսպես նա բոլորին իր պես կդարձնի»,- չէր հանդարտվում հայր Գերասիմը: Եվ աղոթում էր աղետից ազատվելու համար: Բայց սրտի ցավը չէր մեղմանում: Նա նույնիսկ երկու շաբաթով արձակուրդ գնաց, «որպեսզի աչքերը դա չտեսնեն»…
Աստված լսեց նրա աղոթքներն ու մենաստանի ազատումը եկավ Պախոմիից: Նա մի ոչ մեծ մենաստանի վանահայր նշանակվեց: Վանահայրն իր մոտ կանչեց հայր Պախոմիին և ասաց.
– Ահա, հա՛յր, թեմից կարգադրություն է եկել: Սրբազանի օրհնությամբ գլխավորելու ես վերականգնվող Սվյատո-Նիկոլսկի մենաստանը: Քիչ-քիչ հավաքվիր, բայց շատ մի ձգձգիր: Ինքդ գիտես, չարժե ղեկավարությանը բարկացնել: Այնպես որ՝ շնորհավորում եմ քեզ: Երկու միաբանների վերցրու, թող օգնեն ունեցվածքդ փաթեթավորել ու մեքենան բարձել: Ճանապարհը մոտ չէ, բայց բեռնատար կտրամադրենք քեզ: Քո մեքենայով չես կարողանա ամենը տանել: Եվ… ներիր ինձ, մեղավորիս, եթե ինչ-որ բան այնպես չի եղել: Եվ բոլոր եղբայրների համար էլ եմ խնդրում՝ ներիր: Երբեմն մեղադրում էինք քեզ…
Հենց հայր Պախոմին դուրս եկավ վանահոր մոտից, անմիջապես Գերասիմը եկավ:
– Ի՞նչ է, Պախոմին մեկնո՞ւմ է: Ազնվորեն կասեմ քեզ, հա՛յր՝ փա՜ռք Աստծո:
– Դրա համա՞ր ես եկել, ինչ է: Միգուցե՞, ուզում ես օգնել իրերը հավաքել:
– Այդ անպետք իրերին դիպչելն անգամ գարշելի է… Ո՛չ, իհարկե, դրա համար չեմ եկել: Խնդիրս հետևյալն է. հա՛յր, օրհնությունդ տուր հինգ օրով բացակայելու:
– Այ քեզ բա՜ն: Ախր նոր ես արձակուրդից վերադարձել:
– Բանն էլ հենց այդ է: Հյուրընկալվել էի ճեմարանական ընկերոջս՝ հայր Վասիլիի մոտ: Եվ տերողորմյաս այնտեղ՝ վանքում եմ մոռացել: Ափսոս է, որ կորչի:
– Դու ինչ է, ճանապարհին գլուխդ վնասե՞լ ես: Ահա՛ իմ տերողորմյան վերցրու և որքան ուզում ես աղոթիր:
– Այն տերողորմյան առանձնահատուկ է: Ժամանակին երջանկահիշատակ հայր Հովելն է օրհնել դրանք: Ի՜նչ ճգնավոր ծեր էր: Եվ այդ տերողորմյան…
– Ես Հովել ծերի վաստակը չեմ նսեմացնում, ինքդ գիտես,- ընդհատեց նրան վանահայրը,- բայց ինչպե՞ս թույլ տամ, որ գնաս: Ախր արձակուրդից հետո քեզ և՛ պատարագների ժամկետացուցակում ենք ներառել, և՛ տարբեր հնազանդությունների նշանակել: Համա՜ թե գլխացավանք դարձաք իմ գլխին, մեկը բավական չէր, հիմա էլ մյուսն է հրաշագործում…
Ուղիղ երկու ժամ վանահայրն ու թեմակալի օգնականը տանջվում էին՝ մտածելով, թե ինչպես հայր Գերասիմին ամենուր փոխարինեն: Եվ հենց վանահայրը որոշեց հանգստանալ, կրկին հայր Պախոմին հայտնվեց: Կանգնել է շեմին, ուսապարկը թիկունքին, ճամփորդական պայուսակը ոտքերի մոտ.
– Ահա, հա՛յր, եկա մնաս բարով ասելու: Եղբայրներին արդեն հրաժեշտ տվել եմ, երեկոյան գնացքով պիտի մեկնեմ մինչև Կրասնոուգոլսկ:
– Իսկ իրե՞րդ:
– Ինչ ունեմ, ինձ հետ է,- ժպտաց Պախոմին,- իսկ մնացածն արդեն բաժանել եմ: Գրքերը վանքի գրադարանին եմ տվել: Փարաջաները՝ եղբայրներին: Սրբապատկերների մի մասը՝ եղբայրներին, մյուսը՝ հոգեզավակներին: Մի խոսքով՝ գլուխ կհանեն…
– Իսկ մեքենա՞ն:
– Այ դա՛ խնդիր է… Այնտեղ այդ գեղեցիկ մեքենան ինչի՞ս է պետք: Իսկ եթե կարիք լինի՝ Աստված կուղարկի, ինչպես որ սա ուղարկեց: Ինչպես և մյուս բաները: Հենց հիմա այն մեկ ուրիշի անունով ձևակերպել իհարկե չի ստացվի: Բայց հայր Նիկիֆորը լիազորագիր ունի, թող ինքն էլ վարի: Իսկ դու օրհնությունդ կտա՞ս, որպեսզի նա ինձ երկաթուղային կայարան տանի: Թե չէ ավտոբուսները վատ են աշխատում, հանկարծ գնացքից չուշանամ…
– Օրհնում եմ:
– Իսկ մեքենայի համար մի՛ անհանգստացիր,- շարունակեց Պախոմին,- հյուր կգամ ձեզ և կվերաձևակերպեմ: Ուզում ես՝ քո անունով, ուզում ես՝ վանքի հաշվեկշռին…
– Հայր Գերասիմի անունով,- փորձեց կատակել վանահայրը,- վերջերս նա անընդհատ ինչ-որ տեղ է մեկնում…
– Թեկուզ Գերասիմի անունով: Ինչո՞ւ ոչ: Կարծես վատ չի վարում… Հա, մի բան էլ: Մի խնդրանք ունեմ, եթե հնարավոր է… Խուցն իհարկե ազատում եմ: Այն տաք է, առանց միջանցիկ քամիների: Իսկ հայր Վարսոնոֆին վատառողջ է, հաճախ է մրսածություն ունենում: Մտածի՛ր, միգուցե նրան իմ խուցը տեղափոխե՞ս:
– Կմտածեմ…
Չգիտես ինչու վանահայրը ցանկացավ լաց լինել: Սակայն զսպեց իրեն՝ Պախոմիին չշփոթեցնելու համար: Միայն խոնարհվեցին միմյանց, հարազատ եղբայրների պես գրկախառնվեցին և հրաժեշտ տվեցին:
Կայարանի ճանապարհին ղեկին նստած հայր Նիկիֆորը այնուամենայնիվ հարցրեց հայր Պախոմիին.
– Հա՛յր, բայց չէ՞ որ այդ բոլոր իրերը, որ բաժանեցիք, Ձեր հոգեզավակներն ի սրտե էին նվիրել: Նրանք Ձեզ սիրում են, այդ պատճառով էլ նվիրում են որպես հիշատակ: Ափսոս չէ՞ այդ հիշատակից բաժանվել:
– Իսկ ես ոչ մի լավ բան չեմ մոռացել: Չէ՞ որ նրանց ընծաներից յուրաքանչյուրն ասես Աստծուն ընծայված զոհ լինի: Հենց այդ պատճառով, որ ի սրտե է: Ահա իմ սիրտն էլ իմ բարերարներին չի մոռանա: Երբե՛ք: Ոչ ոքի՛: Հիշո՞ւմ ես, երբ աբեղա ձեռնադրվեցի, Ստեփան Իլյիչի կրտսեր դուստրը՝ Անյուտկան, տիկնիկ նվիրեց: Իսկ ես վերցրի, չէ՞ որ նա իր ամենասիրելի խաղալիքը զոհաբերեց: Եվ չես հավատա՝ պահեցի այն: Միայն մեկ շաբաթ առաջ բաժանվեցի նրանից:
– Եվ ի՞նչ արեցիք:
– Ես էլ Անյուտկայի դստերը նվիրեցի,- ժպտաց հայր Պախոմին,- Անյուտկան նույնիսկ արտասվեց հուզմունքից, երբ իր տիկնիկին տեսավ…
Չգիտես ինչու հայր Նիկիֆորը երկար ժամանակ չէր կարողանում կայարանից մեկնել: Կանգնել ու նայում էր Պախոմիին տանող գնացքի հետևից, մինչև լույսերը կորան մթության մեջ:
Հ.Գ.- Իսկ հայր Գերասիմն այդպես էլ չմեկնեց իր տերողորմյայի ետևից: Մտափոխվեց:
Վանահայր Վալերիան (Գոլովչենկո)
Ռուսերենից թարգմանեց էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում