Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի ընտրություններում
Նմանատիպ
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ’ ընտրված Նյու Ջերսիից) աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններում: Կոնգրեսականը միացել էր Ժամկոչյանին աջակցող Մերիլենդի հայ համայնքի հարյուրավոր անդամներին հունիսի 17-ին կազմակերպված նախընտրական դրամահավաքի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի գրասենյակից, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հայ համայնքի ընտրողներն աջակցում են Ժամկոչյանի քարոզարշավին’ ամրապնդելու վերջինիս դիրքերը տեղական և պետական կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում ծրագրերի իրականացման գործընթացում’ սկսած առողջապահությունից և կրթությունից, մինչև շրջակա միջավայրի պահպանություն և տնտեսություն:
Կոնգրեսական Փալոնեն անդրադարձել է Ժամկոչյանի հետ առողջապահական ոլորտում ունեցած իր երկար ու արդյունավետ աշխատանքային փորձին: «Նա (Ժամկոչյան) մեծ հարգանք վայելող անձնավորություն է և հիվանդների իրավունքների հզոր պաշտպան, նա անընդհատ աշխատում է ոչ առևտրային ոլորտում’ պաշտպանելով հասարակության ամենախոցելի հատվածի առողջապահական իրավունքները: Որպես էներգետիկայի և առեւտրի պալատի առողջապահության ենթահանձնաժողովի անդամ’ կարող եմ ասել, որ Հրանտը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև Մերիլենդի բնակիչների համար որակյալ և մատչելի առողջապահական ծառայություն ապահովելու ճշմարիտ պաշտպան է»,- նշել է կոնգրեսականը:
Հրանտ Ժամկոչյանը երկրորդ անգամ է ներկայացնում իր թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններին: Ժամկոչյանը սերում է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքից: Հայրը ազգությամբ հայ է, մայրը’ ամերիկուհի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում