Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ոչ թե առևտրային գործարք էր, այլ քաղաքական. Ա. Սեդրակյան

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ոչ թե առևտրային գործարք էր, այլ քաղաքական, որը խախտում է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կետերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեպքում Հայաստանը ըմբոստանալու իրավունք չէր ունենա, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները այլ են։ «Երբ Ռուսաստաnը նավթ, գազ կամ ոչխար վաճառեր, դա կլիներ առեւտրային գործարք, սակայն սա քաղաքական գործարք է, ինչը հակասում է մեր բոլոր պայմանագրերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սեդրակյանը։

Խոսելով Եվրամիությանը կամ Եվրասիական դաշինքին Հայաստանի անդամակցության մասին՝ Սեդրակյանը նշեց, որ «և՛, և՛» քաղաքականությունը կարող է լինել կործանարար Հայաստանի համար, քանի որ միջազգային օրակարգը մեզ ակնհայտ ցույց է տալիս, որ երկու համակարգերը բոլորովին տարբեր են իրարից։ «Եվրամիությունը ինովացիոն, տեխնոլոգիական կառույց է, մինչդեռ Եվրասիական միությունը նման է դոնոր կառույցի, որը գազ և նավթ է մատակարարում մատակարարում Եվրամիությանը։ Երկու կառույցներին էլ անդամակցելը կբերի ոչ թե համագործակցության, այլ սուվերեն խզման»,- ասաց Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահը՝ հավելելով, որ ընտրությունը պետք է լինի մտածված և հաշվարկված։ Անուշ Սեդրակյանը համոզմունք հայտնեց, որ այս անգամ ևս Հայաստանը նախապատվությունը կտա ռուսական իմպերիալիստական քաղաքականությանը։

Հունիսի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հայաստանը իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա։ «Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»,-ասել է ՀՀ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում