Վկայաբանություն սուրբ Սարգիս Զորավարի և նրա որդու՝ Մարտիրոսի
Նմանատիպ
Քրիստոսի մեծ վկա սուրբ Սարգիսը Գամիրքից էր, ազգությամբ՝ հռոմեացի: Նա իր քաջասիրտ արիության համար մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից Կապադովկիայի փառավոր իշխան ու կառավարիչ էր կարգվել: Սուրբ Սարգիսը, որ աչքի էր ընկնում իր քրիստոնեական բարեպաշտությամբ, կործանում էր չաստվածների մեհյաններն ու եկեղեցիներ էր կառուցում, խորտակում էր կուռքերի զոհարաններն ու տերունական Խաչն էր կանգնեցնում: Նա առավել բազմաքանակ էր դարձնում քահանաների ու Քրիստոսին ծառայողների դասը, ողորմություն էր տալիս և իր ունեցվածքից առատապես բաշխում էր աղքատներին ու կարիքավորներին: Սակայն բարեպաշտ Կոստանդիանոս կայսեր և նրա որդիների թագավորելուց հետո գահ է բարձրանում մեծն Կոստանդիանոսի եղբորորդի Հուլիանոս Ուրացողը, և այս պիղծ գահակալի թագավորության ժամանակ Քրիստոս երևում է սուրբ Սարգսին ու ասում նրան. «Ժամանակն է, Սարգի՛ս, որ ելնես քո երկրից ու ժողովրդից, ինչպես նախկինում Աբրահամը, և գնաս ա՛յն երկիրը, որը Ես քեզ ցույց կտամ»:
Եվ սուրբը, իր անշարժ ու շարժական ողջ հարստությունը բաշխելով աղքատներին, վերցնում է մորից որբացած իր որդի Մարտիրոսին ու գնում դեպի Արևելք՝ հայոց Տիրան արքայի մոտ: Սակայն Տիրանը սուրբ Սարգսին ապաստանելու վայր չի հատկացնում՝ վախենալով, որ գուցե այդ պատճառով Հուլիանոսն ավերի հայոց երկիրը: Ուստի սուրբ Սարգիսը գնում է Խորասան՝ պարսից Շապուհ արքայի մոտ, ում դեմ մեծ զորքով պատրաստվում էր պատերազմ մղել նույն Հուլիանոս կայսրը, որի զորքի թիվը երեք հարյուր վաթսուն հինգ հազար էր: Հուլիանոսը իր զորքում եղող քրիստոնյա զորականներին հրամայում է հետ դառնալ, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, չաստվածները չբարկանային իր վրա: Մինչդեռ մնացյալ զորքի կազմի մեջ էին մտնում անգամ վաճառականներն ու բեռնակիրները՝ թվով քառասուն չորս հազար հոգի, մինչև իսկ որոնց, բացառությամբ կերակուր պատրաստողների ու մատուցողների, Հուլիանոսը կարգադրել էր զենք վերցնել ու կռվել: Իսկ ինչ վերաբերում է սուրբ Խաչափայտի նշանին, որը մինչ այդ, ընդունված սովորության համաձայն, տանում էին զորքի առջևից, ապա Հուլիանոսը կարգադրում է, որ այն հետ չդարձնեն, այլ շարունակեն նույն սովորությունը, այն պատճառաբանությամբ, որ, ինչպես ինքն է ասում, «ո՞վ գիտի, գուցե իրենք պարտվեն պարսից զորքի կողմից, և այդժամ կրած պարտությունը կվերագրվի Խաչյալին ու Նրա Խաչափայտին»:
Այսպիսով Հուլիանոսը, Տիզբոն հասնելով, ավերեց այն, և Շապուհը այնտեղից ելավ ու գնաց Խորասան: Այստեղ էլ, տեսնելով Սարգսին, Շապուհը շատ ուրախացավ ու մեծարեց նրան՝ բարձր պատվի արժանացնելով: Եվ բազում զորքի զորագլուխ կարգելով սրբին՝ ուղարկեց նրան Տաճկաստանի կողմերը՝ Հուլիանոսի զորքերից այդ տարածքները պաշտպանելու նպատակով: Իսկ սուրբ Սարգիսը խոհեմագույն իմաստությամբ քարոզում էր Քրիստոսին՝ ամբողջ զորքը Քրիստոսի հավատին դարձնելով: Այդպիսով պարսից զորքը միաբանվեց սուրբ Սարգիս զորավարի քարոզած բարի հավատի միջոցով ու դուրս եկավ հույների զորքի դեմ:
Սուրբ Սարգսի որդի սուրբ Մարտիրոսը, որ գտնվում էր Խորասանում, Շապուհ արքայի հրամանով ու իր սեփական կամքով մեկնեց հոր մոտ՝ տեսնելու նրան ու իմանալու զորքի վիճակի մասին: Սակայն երբ նա հասավ Տիգրիս գետին, գերի ընկավ թշնամու ձեռքը, ինչի մասին էլ իմանալով՝ սուրբ Սարգիսը պահքով ու աղոթքով ապավինեց Աստծուն: Հինգ օր շարունակ պահք պահելուց հետո նա Պատարագ մատուցեց և խոյերի ու զվարակների մսով էլ կերակրեց բազում աղքատների ու կարոտյալների: Այնչափ աղոթեց սուրբ զորավարը, մինչև որ իր որդուն գերողներն իրենք բերեցին ու հորը հանձնեցին Մարտիրոսին՝ խոստովանելով, որ պատանուն գերելուց հետո մահն էր իր թևերը փռել իրենց բանակի վրա:
Իսկ Շապուհն էլ հաշտություն խնդրելու նպատակով մի պատվիրակ ուղարկեց Հուլիանոսի մոտ՝ խոստանալով, որ եթե կայսրը երես դարձնի իրենից, ինքը պատրաստ է հնազանդ լինել և հարկեր վճարել նրան: Սակայն Հուլիանոսը իր հպարտ սրտի պատճառով չլսեց նրա խոսքը, ուստի Շապուհն էլ ժողովեց իր զորքն ու Տիգրիս գետի ափին ճակատամարտի դուրս եկավ Հուլիանոսի դեմ: Այդ ընթացքում Շապուհի պատգամաբերները գնում-գալիս էին հակառակորդի ճամբար՝ խաղաղություն առաջարկելով, սակայն Հուլիանոսը անդրդվելի էր մնում:
Այդժամ հանկարծակիորեն մի աներևույթ նետ գալիս ու խոցում է Հուլիանոսին, ու նրա պիղծ մարմնից դուրս են թափվում աղիներն, ու արյունը շաղ է գալիս նրա շուրջը: Եվ նա իր արյան մեջ ձեռքերը թաթախելով՝ ասում է. «Հաղթեցի՛ր, Գալիլեացի՜, հաղթեցի՛ր. Քո Աստվածությունը առավել զորեղ էր իմ թագավորությունից»: Այս ասելով՝ անօրենը մահանում է: Հռոմեացի զորապետերը նրա փոխարեն թագավոր են կարգում նույն Կոստանդիանոսի տոհմից սերող Հովիանոսին, որն էլ հաշտության դաշինք է կնքում Շապուհի հետ ու վերադառնում իր երկիրը:
Իսկ Շապուհը, որի զորքն արդեն սովի վտանգին էր մատնված, մեծ ուրախությամբ վերադառնում է Խորասան ու Մազնդարան քաղաքում զոհեր մատուցում իր երկրպագած տասներկու կուռքերին: Այդ ժամանակ ոմանք, Շապուհի մոտ գնալով, սկսում են չարախոսել Սարգսի՝ ասելով, թե նա իր ենթակայության տակ եղող պարսից ողջ զորքը քրիստոնեական հավատի է դարձրել և իբր կամենում է ապստամբել Շապուհի դեմ: Շապուհն էլ իր մոտ է կանչում Սարգսին, մեծարում նրան՝ ասելով՝ «բարի եկար, քա՛ջդ Սարգիս»,- և ապա սկսում գովել նրան ու շնորհակալ լինել նրա ցուցաբերած քաջության համար:
Այնուհետ, սակայն, պարսից շահն ասում է. «Սարգի՛ս, պատվականդ բոլոր զորագլուխներից, մոտեցի՛ր ու զո՛հ մատուցիր աստվածներին»: Սարգիսը պատասխանում է. «Քո պաշտած աստվածներից ո՞ր մեկին զոհ մատուցեմ, արքա՛, հրի՞ն, թե՞ արեգակին, և կամ գուցե տասներկու պատկերների՞ն: Կամ թե գուցե օձերին, առյուծներին և կամ որևէ մարդո՞ւ նկատի ունես դու: Մի՞թե չես ամաչում՝ դրանց աստվածներ կոչելիս: Ես միայն մեկ Աստծու եմ հավատում՝ երկնքի ու երկրի Արարչին, Իրեն էակից Բանին, ում միջոցով ստեղծեց ամեն բան, և Հորն ու Որդուն փառակից ամենազոր Հոգուն, որ կենդանացնում ու զարդարում է ամենայն ինչ, որ ստեղծվել է»: Այս լսելով՝ Շապուհը սրտմտում է ու ասում. «Անմիտ մի՛ եղիր, ո՜վ Սարգիս, մոտեցի՛ր և զո՛հ մատուցիր չաստվածներին, որոնք հաղթություն շնորհեցին մեզ մեր թշնամիների դեմ պայքարում ու ամոթով հետ դարձրին նրանց այնտեղ, որտեղից եկել էին»: Սարգիսն ասում է. «Մեր թշնամիների կրած ամոթից առավել մեծ ամոթ է արարվածներին Արարիչ կոչելը ու կուռքերի ուրվականային պատկերներին չաստվածներ համարելը»,- և ապա սկսում անարգել կուռքերին ու կռապաշտներին:
Սա բարկացնում է Շապուհին, որը սկսում է մեծ սպառնալիքներով խոսել սրբի հետ, սակայն անկարող է լինում վերջինիս համոզելու: Մինչև իսկ շահի աղերսներն ու մեծամեծ խոստումները ի զորու չեղան Սարգսին Քրիստոսի հավատքից հետ դարձնելու: Այդ ամենը լսելով՝ սուրբը, ընդհակառակը, ասում է նրան. «Այն ամենը, ինչին դու հրամայում ես ինձ երկրպագել, ո՛վ արքա, այսինքն՝ հուրը և արեգակը, այդ ամենը Աստծու ստեղծագործություններն են միայն, որ տրված են մարդկանց՝ աշխարհի սպասավորության ու վայելչության համար: Իսկ այն կուռքերը, որոնց կամենում ես, որ ես զոհ մատուցեմ, ընդհամենը ճարտար ձեռքերի գործ են՝ պատկերները արարվածների և ո՛չ Արարչի»: Այս ասելով՝ Սարգիսը արիաբար հարձակվում է կուռքերի վրա ու թագավորի, նրա բոլոր պաշտոնյաների և ամբողջ ժողովրդի առաջ իր գավազանով կործանում դրանց պատկերները: Այս տեսնելով՝ թագավորն ու ամբոխը, բարկությամբ լցված, հարձակվում են սուրբ Սարգսի վրա, բռնում նրան ու քարշ տալիս ողջ երկրով մեկ՝ փայտերով ու քարերով, ոտքերով ու բռունցքներով հարվածելով սրբին: Ամբոխի այս հախուռն հարձակման պատճառով պատանի Մարտիրոսը, ոտնակոխ լինելով, բարի ու սուրբ մահվամբ գնաց դեպի Քրիստոս՝ գործով հավատարիմ մնալով իր անվանը: Երբ սուրբ Սարգիսը տեսավ իր որդի Մարտիրոսի մահը, գոհությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված:
Իսկ սուրբ Սարգսին շատ տանջանքների ենթարկելուց հետո շղթայելով՝ բանտ նետեցին ու առանց հաց ու ջրի յոթ օր շարունակ թողեցին այնտեղ՝ հույս ունենալով, որ գոնե այդքանից հետո նա կուրանա Քրիստոսին: Բանտից հանելուց հետո էլ աղերսանքներով ու սպառնալիքներով ջանացին տարհամոզել նրան, սակայն ապարդյուն, ուստի և արքան հրամայեց գլխատել սրբին: Երբ տարվում էր կառափնարան, սուրբը աղոթեց Աստծուն ու ասաց. «Քրիստո՜ս, Տե՛ր և Աստվա՛ծ իմ, բոլոր նրանք, ովքեր իրենց նեղության ժամանակ հիշեն իմ անունն ու ուխտով և Պատարագով կատարեն իմ նահատակության հիշատակը, ինչ որ խնդրեն Քեզնից իմ անվամբ, Տեր Աստվա՛ծ մեր, Դու լսի՛ր, ողորմի՛ր ու կատարի՛ր նրանց խնդրանքները»: Այդ ժամանակ մի ձայն լսվես երկնքից, որն ասում էր. «Կշնորհե՛մ Ես քեզ այն, ինչ խնդրում ես Ինձնից, և կկատարեմ քո բոլոր խնդրանքները, այժմ դու արի՛ ու վայելի՛ր քեզ համար պատրաստված բարիքները»: Այս ամենից հետո դահիճը կտրեց սրբի գլուխը և որոշ ժամանակ պայծառ լույսով ողողվեց նրա մարմինը, ինչը տեսնելով՝ պարսից զորականներից տասնչորսը հավատացին Քրիստոսին: Նրանց ևս գլխատեցին, իսկ որոշ երկյուղած անձինք էլ ի մի ժողովեցին նահատակյալների աճյունները:
Իսկ ահա սուրբ Սարգսի վախճանը տեղի էր ունեցել պարսից տիրապետության տակ գտնվող մի գողտրիկ վայրում՝ Դաղման քաղաքի մերձակաքում: Հավատացյալները, վերցնելով սուրբ Սարգսի մարմինը, տարան ու ամփոփեցին այն Համիան քաղաքում, իսկ արդեն հայոց մեծ վարդապետ սուրբ Մեսրոպը, վերցնելով սուրբ Սարգսի աճյունը, տարավ ու պատվով ամփոփեց այն Կարբիում և ի հիշատակ սրբի այդ վայրում մի հռչակավոր վանք կառուցեց, որը որ գոյություն ունի մինչև օրս: Նաև, սուրբ Սարգսի աճյունից վերցնելով նրա ատամներից մեկը, տարավ ու հանգչեցրեց այն վրաց աշխարհում՝ Գագ կոչվող վայրում: Նա սրբի ատամը զետեղեց փայտյա մի խաչի մեջ և օրհնելով այդ խաչը՝ կանգնեցրեց Գագ կոչված բլրի գագաթին, ինչի պատճառով էլ այն միչև օրս էլ կոչվում է Գագի սուրբ Սարգիս և մեծամեծ հրաշքներ է գործում:
Եվ քանի որ ոչ թե Դեկոսը կամ որևէ ուրիշ չար թագավոր, այլ ինքը՝ բանսարկուն՝ ամենքից չարը և մարդկային բնության անհաշտ թշնամին է, որ ոտնձգությունների է դիմում մեր բնության դեմ ու քանի որ ոչ մի հուր այնպես չի խորովում մարմինը, ինչպես մեղքերի աղտեղությունը՝ հոգին, և կամ ոչ մի բոց առավել չի այրում եղեգն այնպես, ինչպես ցանկություններն են այրում մեր միտքը, ուրեմն, հիշատակյալ այս սրբերի հետ մենք ևս մի կողմ թողնենք աշխարհային խաբկանքներն ու մարտնչե՛նք մեր աստվածաստեղծ բնությունը տագնապեցնող մարմնի ցանկությունների դեմ ի փառս մեր Աստծու՝ Քրիստոսի, ով օրհնյալ է հավիտյանս հավիտենից: Ամեն:
«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում