Բաքվում ռազմական զորահանդեսը հիասթափեցրել է բնակիչներին եւ հյուրերին
Նմանատիպ
Ադրբեջանի զինված ուժերի օրվա առթիվ հունիսի 26-ին Բաքվի «Ազադլըգ» հրապարակում 5 հազարից ավելի անձնակազմի մասնակցությամբ զինվորական շքերթ եւ զորահանդես է տեղի ունեցել: Նրանք ներկայացրել են Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեսակի զորքերի սպառազինությունն ու տեխնիկան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, տասնյակ հազարավոր բաքվեցիներ եւ քաղաքի հյուրեր, ովքեր դուրս էին եկել փողոց դիտելու զինվորական շքերթը, հուսախաբ են եղել: Դրա պատճառն այն է, որ ոստիկանությունն ու քաղաքացիական հագուստով անձինք ամբողջությամբ փակել են ոչ միյան «Ազադլըգ» հրապարակը, այլ նաեւ ծովափնյա այգի տանող բոլոր փողոցներն ու մուտքերը, որով պետք է անցնեին զորքերն ու տեխնիկան:
«Փաստորեն, շարքային քաղաքացիները զրկվել են շքերթը դիտելու հնարավորությունից: Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունը գործել է կոպիտ եւ անքաղաքավարի’ հրելով քաղաքացիներին, որոնցից շատերը եղել են երեխաների հետ: Ոստիկանները լուրջ դժվարություններ են ստեղծել նաեւ լրագրողների համար’ արգելելով նկարահանումներ կատարել եւ անտեսել գործունեության համար նորմալ պայմաններ ստեղծելու վերջիններիս պահանջները: Ոստիկաններից մեկը փողոցում սկանդալ է սարքել, մեղադրելով «Թուրան»-ի թղթակցին հակապետական գործունեության մեջ եւ սպառնալով նրան ձերբակալու թյամբ: Այդ տոնից ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ այն կազմակերպվել է ոչ թե ժողովրդի, այլ այն վերնախավի համար, որը շքերթին հետեւել է տրիբունաներից», – նշել է «Թուրանը»’ հարցնելով, թե «շքերթը հիմա ժողովրդի, թե՞ վերնախավի համար էր»:
Զորահանդեսում, որը տեւել է 50 րոպե, 19 րոպեանոց ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա ելույթը նախորդներից ոչնչով չի տարբերվել. միեւնույն ծեծված խոսքերը Ադրբեջանի «առավելությունների», ներկայիս Հայաստանի’ «ադրբեջանական հողերի վրա ստեղծվելու», «ադրբեջանական դրոշի’ շուտով Ղարաբաղի վրա ծածանվելու», «Ադրբեջանի նման զարգացող ոչ մի երկիր չլինելու» եւ այլ ցնդաբանությունների մասին: Ուշագրավ է, որ սեփական բարբաջանքից հոգնած Ալիեւը ելույթի 11-րդ րոպեին նայել է ժամացույցին, քանի որ նա ստիպված էր խոսել եւս 8 րոպ? ?: Ալիեւի խոսքի գլխավոր իմաստն այն է եղել, որ նա հույս է հայտնել, որ «Ադրբեջանի ռազմական հզորության եւ տնտեսական ներուժի աճն ու Հայաստանի հետագա աղքատացումն ու տարածաշրջանային գործընթացներից մեկուսացումը թույլ կտան լուծել ղարաբաղյան խնդիրը եւ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում