Սլովենիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Սլովենիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ:
Այս պահի դրությամբ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 20-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան և Սլովենիան:
Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը:
Նիդերլանդները խորհրդարանի մակարդակով ևս վավերացրել է ՀԸԳՀ-ն, սակայն վերջնական վավերացման համար վավերագիրը պետք է ստորագրվի թագավորի կողմից։»,- ասված է գրառման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում