Խոնարհ խոստովանություն Քրիստոսին
Նմանատիպ
– Հա՛յր, աղոթքին ինչպե՞ս պետք է պատրաստվել:
– Այնպես, ինչպես Սուրբ Հաղորդությանն ենք պատրաստվում: Այնտեղ աստվածային հաղորդակցում է, այստեղ՝ աստվածային շփում: Երբ Հաղորդություն ենք ստանում՝ Քրիստոսին ենք ընդունում մեր մեջ, գալիս է աստվածային շնորհը: Աղոթքի մեջ մշտապես շփվում ենք Քրիստոսի հետ և այլ կերպ ենք շնորհն ընդունում: Մի՞թե դա քիչ է: Հաղորդության ժամանակ հաղորդակից ենք լինում Քրիստոսի Մարմնին ու Արյանը, աղոթքի ժամանակ շփվում ենք Աստծու հետ: Ինչպես նախքան Հաղորդությունն է անհրաժեշտ խոստովանության գնալ խոստովանահոր մոտ, այնպես էլ աղոթքն սկսելուց առաջ անհրաժեշտ է խոնարհությամբ Քրիստոսին խոստովանել. «Տե՛ր Աստված, ես չնչին մարդ եմ… Չարժե, որ ինձնով զբաղվես, սակայն խնդրում եմ, օգնի՛ր ինձ»: Այդպես գալիս է աստվածային օրհնությունն ու Աստծու հետ շփման ճանապարհը բացվում է:
Եթե մարդը չի զղջում և խոնարհաբար չի խոստովանում Աստծուն, ապա անպատրաստ է մնում: Պատնեշ է առաջանում, որը խոչընդոտում է Աստծու հետ նրա շփմանը: Դուռը փակ է մնում, և հոգին խաղաղություն չի գտնում: Սակայն եթե նա ասի. «Մեղա՜, Տե՛ր Աստված», ապա պատնեշը խորտակվում է կամ, ավելի լավ է ասել, Աստված բացում է դուռն, ու մարդն ընդունում է աստվածային շփման օրհնությունը:
– Հա՛յր, «Սանդուղք»-ում կարդացել եմ, որ աղոթքի համար պետք է այնպիսի հագուստ հագնես, որը մարդ հագնում է, երբ պատրաստվում է թագավորին ներկայանալ: Այդ ի՞նչ հագուստ է:
– Պետք է քեզ խոնարհեցնես Աստծու առաջ և խոնարհաբար ներում հայցես հանցանքներիդ համար: Ասա. «Մեղավոր եմ, Տե՛ր Աստված, անշնորհակալի մեկն եմ, վշտացրել եմ Քեզ: Ների՛ր ինձ»: Սակայն դա ներքին վշտով ասա, ոչ արտաքին: Դա է այն հագուստը, որը պետք է հագնել՝ Աստծու հետ զրուցելիս: Իսկ եթե դա չկա, ապա կարծես Աստծուն ասես. «Ինչպե՞ս են գործերդ: Ի՞նչ նորություն կա»: Եթե մենք պետք է ներողություն խնդրենք մարդուց, որի դեմ մեղանչել ենք, ապա առավել ևս պետք է ներում հայցենք Աստծուց մեր ամենօրյա հանցանքների համար:
– Դա նշանակում է, հա՛յր, որ պետք է մտածել այն մեղքերի մասին, որ ամեն օր գործո՞ւմ եմ:
– Նախ Աստծուց ներում հայցիր այն մեղքերի համար, որ օրվա ընթացքում ես գործել և արդեն հետո մտածիր մեղավորությանդ մասին ընդհանրապես: Այդպիսով խոնարհվում ես և հետո միայն սկսում խնդրանքներդ ասել: Ես աղոթքը հետևյալ խոսքերով եմ սկսում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ. 18:13): Մի քանի անգամ կրկնում եմ շշուկով և հետո սկսում՝ աղոթել: Մի անգամ Աստծուն խնդրեցի ինձ աղոթել սովորեցնել: Եվ տեսիլքում մի տասնյոթամյա տղայի տեսա, որն աղոթում էր: Նա ինձ ամբողջովին ջախջախեց. այնպես էր լալիս ու աղոթում, որ ես ապշած ու ցնցված էի: Նա խոստովանությունից սկսեց. «Ես ապերախտ, անուղղելի…» Հետո ասում էր. «Տե՛ր Աստված, այս վիճակում գտնվելով՝ ինքս ի՞նչ կարող եմ անել, եթե Դու ինձ չօգնես»: Եվ այնուհետև իր խնդրանքներն էր ասում:
– Հա՛յր, աղոթելիս հաճախ մտածում եմ մեղքերիս մասին, ուստի չեմ կարողանում կենտրոնանալ:
– Արդեն ասացինք, որ նախքան աղոթքը սկսելն է պետք քննել քեզ ու խոստովանել մեղքերդ, այլ ոչ թե դրա ընթացքում: Այլապես արդեն ոչ թե ինքնաքննադատություն է ստացվում, այլ բանսարկուի հետ զրույց: Աղոքից առաջ պետք է մտածել, թե ինչն այն չէ մեզնում, ուղղել մեր միտքն այդ ուղղությամբ, կարգավորել նշանոցն ու… կրա՛կ:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում