Թուրքիայում ԱՄՆ դեսպանը մոմ է վառել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում
Նմանատիպ
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիկարդոնեն Թուրքիայի հարավ և հարավ-արևելք կատարած շրջագայության ընթացքում այցելել է Դիարբեքիր և մոմ վառել հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Խոսելով Դիարբեքիր կատարած իր այցելության մասին’ Ռիկարդոնեն նշել է, որ քաղաքն ամեն ինչ ունի զբոսաշրջային կենտրոնի վերածվելու համար: Միաժամանակ նա իր գոհունակությունն է հայտնել այս տարածքներում բախումների դադարեցման կապակցությամբ և հույս հայտնել, որ խաղաղությունը դեռ երկար ժամանակ կպահպանվի:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի’ Թուրքիայի հարավ և հարավ-արևելք կատարած այցելությունների շրջանակներում Ռիկարդոնեն ավելի վաղ եղել էր նաև Վանա լճի Աղթամար կղզում, այցելել էր Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որտեղից հեռացել էր խոր տպավորություններ ստացած: Այցելության վերջում Վանի նահանգապետը նրան էր նվիրել Աղթամարի հայկական եկեղեցիով պատկեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում