Վահան Տերյանի գրքերի տարբեր տարիների հրատարակությունները ներկայացվեցին մեկ ցուցահանդեսում

Վահան Տերյանի գրքերի տարբեր տարիների հրատարակությունները ներկայացվեցին մեկ ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Տերյանի բանաստեղծական արվեստը» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացված են հեղինակի գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, ամսագրեր, ալբոմային հրատարակություններ, մամուլի անդրադարձները Տերյանին: Եզակի նմուշներից է «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն` Տերյանի ինքնագրով: Գիրքը պահվում է գրադարանի Անձեռնամխելի գրականության բաժնում:

«Տերյան մշակութային կենտրոն»-ի նախագահ Առուշան Հակոբյանը ցուցադրությանը ներկայացրել էր Վահան Տերյանի անձնական թաշկինակը և նրա ձեռագրերից մեկը:

«Ձեռագիրն ինձ նվիրել է Տերյանի դստեր` Նվարդ Տերյանի դասընկերուհի, մտերմուհի Նինան: Հիշում եմ` Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հանդես եկա հիմնական զեկույցով, որը Նինային շատ դուր եկավ: Զեկույցի մի օրինակը նվիրեցի նրան: Նինան շատ հուզված ասաց, որ իր մոտ է Տերյանի ձեռագիրը` «Աշխարհից ես չեմ տրտնջում» բանաստեղծությունը: Հաջորդ օրը Նինան ձեռագիրն ինձ հանձնեց»,-պատմեց Հակոբյանը:

Անդրադառնալով թաշկինակին, որի վրա գրված է «ԿԵՑՑԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» և մի քանի տարբեր ձևավորումներով դրոշ է պատկերված` Հակոբյանը նշեց, որ այն 2009 թվականի հունվարի 29-ին իրեն է հանձնել թարգմանիչ Գևորգ Էմինի որդին`Արտաշես Էմինը: «Թաշկինակը պետք է պահվեր ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծվելիք թանգարանում: Թանգարանը չստեղծվեց, և թաշկինակը մնաց ինձ մոտ»,-ներկայացրեց Առուշան Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում