Ներկայացվել են Ալ. Հարությունյանի կամերային ստեղծագործությունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեց Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին։ Հիշեցնենք‚ որ փառատոնը նվիրված է անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։
Համերգային ծրագրում Ալ. Հարությունյանի կամերային գործերը կատարեցին Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ)‚ Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր)‚ Արաքս Պողոսյանը (ջութակ)‚ Էրիկ Մանուկյանը (ջութակ)‚ Ավետիք Ղազարյանը (կլարնետ)‚ Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր)‚ Արմեն Պուչինյանը (դաշնամուր)‚ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր)։
Ուշագրավ է‚ որ ստեղծագործությունները ներկայացնողների թվում էին նաև ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի մասնակիցները։
Ալեքսանդր Հարությունյանն ընդգծված հետաքրքրություն ուներ կամերային ժանրերի հանդեպ: Կոմպոզիտորի ստեղծագործության հուզական, խոհական, դրամատիկ երանգները տեղ են գտել նրա կամերային գործերում։
Ջութակահար Արաքս Պողոսյանը նշում է‚ որ Հարությունյանի սիմֆոնիկ գործերը բազմից հնչեցրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում‚ սակայն հեղինակի կամերային ստեղծագործություններից կատարում է առաջին անգամ։ Ջութակահարուհին նկատում է‚ որ մեծագույն սիրով և բավականությամբ է նվագում այդ գործերը։ Նա նաև հատուկ ընդգծում է այն փաստը‚ որ համերգային երեկոյի ընթացքում ելույթ են ունենալու երիտասարդ երաժիշտներ։ Դա թույլ կտա‚ որպեսզի վերջիններս առնչվեն հայ կոմպոզիտորների արվեստի հետ‚ նրանց գործերը ներառեն իրեն երկացանկում և դրանք հետագայում ներկայացնեն տարբեր բեմերում։
Հիշեցնենք‚ որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդրի լայն շրջանակներում‚ հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը‚ տեսագրումը‚ նոտաների թվայնացում և պահպանումը։ Փառատոնի համերգային երեկոներին հանդես են գալիս մենակատարներ Հայաստանից և արտասահմանից՝ իրենց երկացանկում ընդգրկելով հայ հեղինակների գործեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում