Դեռ երկար ժամանակ Հայաստանում ինչքը ոգուց «հարգի» կմնա, ցավոք…

Դեռ երկար ժամանակ Հայաստանում ինչքը ոգուց «հարգի» կմնա, ցավոք…

Քաղաքականության թեմայով, ինչպես նկատել եք, վերջերս պասիվ եմ։ Մի օր կգրեմ՝ թե ինչու։ Բայց ցանկացա մի հարցի շուրջ արտահայտվել։

ՖԲ լրահոսում արդեն մի քանի գրառում տեսա, որտեղ տարբեր «էքսպերտներ» փորձում են հիմնավորել, որ ՍԴ թեմայով հանրաքվեին «Այո» հավաքելու հավանականությունը ցածր է։

Ուզում եմ ասել, որ էդպես կլիներ, եթե Հայաստանում քաղաքական պրոցես լիներ և մասսայի ընդհանուր IQ-ն հատակապատաճեղքային տափակափայտից համեմատաբար բարձր լիներ։

Բայց, ընկերներ, երբ տեսնում ենք, որ «այո-ոչ»-ի թեմայով կատաղի ֆեյսբուքամարտերն ընթանում են, երբ նույնիսկ դեռ չկա էսպես կոչված «Նոր Սահմանադրության» առաջարկվող փաստաթուղթը, այսինքն մարդիկ կողմ կամ դեմ են արտահայտվում մի բանի, որի բովանդակությանը գործնականում ծանոթ չեն, և նույնիսկ եթե էնտեղ գրված լինի «սիրելի հպարտ ժողովուրդ, մենք ուզում ենք փաստել, որ դուք էշ եք», ապա դա չի խանգարում, որ կռիվ տան հանուն «Այո»-ի, ապա կարող եք համոզվել, որ Հայաստանում շատ վաղուց գոյություն չունի քաղաքական պրոցես (վկա՝ ընդունված բազմաթիվ նմանօրինակ նախագծեր)։

Էստեղ կռիվ է ազդեցությունների (առաջ դրանց ասում էին կլան կամ այլ բան):

Ավելի պատկերավոր ասեմ՝ հաղթում է նա, ով ձեռք է բերում ազդեցություն ազդեցություն ունեցող շրջանակների վրա։

Հենց դա է պատճառը, որ իշխանությունը գործնականում միշտ ունի «մեծամասնության աջակցությունը»: Ոչ թե այն պատճառով, որ մեծամասնությունը կիսում է իրենց գաղափարները, այլ այն պատճառով, որ ազդեցություն ունի մեծամասնության վրա ազդեցություն ունեցող խմբերի նկատմամբ։

Այդ մեծամասնությունը տարբեր քաղաքներում, մարզերում ու շրջաններում տարբեր են, և նրանց վրա ազդեցություն ունեցողներն էլ՝ տարբեր են։

Այն ուժը, որը ձեռք է բերում ազդեցություն վերջիններիս նկատմամբ՝ ապահովում է իր վերարտադրությունը։ Կարող եք այստեղից հետևություն անել, թե 90-ականներից սկսած որ ուժն է շարունակում պահպանել իր ազդեցությունը՝ անկախ երևացող դեմքերից։

Միամիտ են նրանք, ովքեր կարծում են թե ազդեցություն չունեցողների միջոցով կարող են ռեալ փոփոխություններ մտցնել։ Դա նույնիսկ գործող իշխանությունը չի կարող անել։ Նրանք էլ են եկել իշխանության հենց շնորհիվ ազդեցություն ունեցողների ցանկության (ոչինչ, որ իշխանության մեջ եղած մի շարք ընկերներ նույնիսկ դեռ չեն էլ գիտակցում կամ պատկերացնում սա, ժամանակի ընթացքում կհամոզվեն):

Նաև մի փոքրիկ սպռավըչկա.

Այսպես կոչված «քրեական ենթամշակույթի դեմ պայքարն» էլ պետք է դիտել այս համատեքստում, քանի որ, սորոսական շրջանակների համեմատությամբ սա թերևս այն քիչ ուժերից է, որի ազդեցությունն անհամեմատ մեծ է։ (Նաև դա է պատճառը, որ այդ թեմայով հատկապես շահագրգռված են սորոսական շրջանակները, ազդեցության մոնոպոլիա են ցանկանում):

Ու բնավ կապ չունի, թե այդ պայքարն ինչ լոզունգերով են փաթեթավորում։ Էստեղ ազդեցության համար մղվող դասական կռիվ է։ Եւ խնդիրն այդ ուժին վերահսկողության տակ վերցնելն է, ոչ թե հանուն գաղափարի կռիվը։

Ցավոք, բայց «ազգային դաշտ» ընդհանուր անվամբ ներկայացվող շրջանակները անհամեմատ ավելի փոքր ազդեցություն ունեն երկրում տիրող պրոցեսներում։ Դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։

Օբյեկտիվ պատճառներից է այն, որ տարիներ շարունակ պետական և այլ աջակցության բացակայության պայմաններում շատ դժվար է ստեղծել ազդեցիկ լծակներ և մրցակցել սորոսական կամ քրեական ազդեցության դաշտերի հետ։ Իսկ պետական աջակցությունը չի լինի, քանի դեռ իշխող ուժը մեծամասնական առումով ազգային չէ ( ամեն ինչ ու ամենինչամետ է, բացի հայ ու հայամետ լինելուց)։

Սուբյեկտիվ գործոններից էլ կարելի է նշել մասնատվածությունը և էլի մի քանի բան, որ էստեղ չեմ նշի։

Մի խոսքով, հարգելի «էքսպերտներ», ասել կուզեմ, որ սահմանադրության (և ընդհանրապես այլ) թեմայով իշխանության ուզածն, ամենայն հավանականությամբ տեղի կունենա, քանի որ իշխանությունն ազդեցություն ունի լոկալ մակարդակում ազդեցություն ունեցողների վրա։ Իսկ նրանք, նույնիսկ եթե դեմ են, ստիպված են լինելու ներգրավել իրենց ռեսուրսները՝ «Այո»-ն ապահովելու համար։ Եւ կրկին ընդգծեմ, միամտություն է, թե այդ մեքենայի դեմ կարող են պայքարել ազդեցություն չունեցող դերակատարների միջոցով։

Կռիվ տվողի դոմինանտությունն առնվազն չպիտի պակաս լինի հակառակ թևի ազդեցության 2/3-ից (դա կարող է լինել փողի, ուժի, վախի, սիրո և այլ՝ ցանկացած հնարավոր ազդեցության տեսքով՝ անհատական և կոլեկտիվ):

Դա բնական է, քանի որ կենդանի օրգանիզմը բնազդի մակարդակում տեսակի պահպանման խնդիր է լուծում, և էլեմենտար պաշտպանվածության և ապահովության զգացում է փնտրում։ Դա է պատճառը, որ մեծ մասսան կլանում է փոքր դոմինանտությամբ առանձնյակներին։ Մասսայի մեջ նրանք իրենց ուժեղ ու ապահովված են զգում։ Իսկ ապահովության զգացողության բացակայությունը կխանգարի զանգված գեներացնելուն։

Էնպես որ, մտածեք այս ուղղությամբ։ Դեռ երկար ժամանակ գաղափարների մասշտաբային կռիվ չի լինի Հայաստանում։

Դեռ երկար ժամանակ Հայաստանում ինչքը ոգուց «հարգի» կմնա, ցավոք…

Հ.Գ.
Լավ եմ անում բզում եմ։ Բզում եմ, որ քնից զարթնեք…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում