Նոր ծրագրեր, նոր խնդիրներ, նոր տնօրեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը: Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերականգնել նրան տնօրենի պաշտոնում, ինչից զրկվել էր մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ:
Թատրոնում Օրբելյանի վերադարձի լուրը ոմանք ուրախությամբ են ընդունել, ոմանք՝ ոչ, արձագանքները տարբեր են, ինչը, ըստ Օրբելյանի, բնական է: Նախարարության հետ Օրբելյանի 2017-ին կնքած աշխատանքային պայմանագիրը (որի համաձայն ստանձնել է օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը) ավարտվում է այս տարվա օգոստոսին: Ժամանակն այնքան էլ շատ չէ, այնպես որ, ընդգծում է՝ պետք է աշխատել, ընթացիկ ներկայացումներ անել, բեմադրել նոր ներկայացումներ, վայելել օպերան, բալետը, երաժշտությունը: Մաեստրոն հույս ունի, որ այն, ինչ առաջիկայում ծրագրելու են, կկարողանան իրականացնել: Ցավով նշեց, որ բոլոր այն պայմանավորվածությունները, հյուրախաղերը, որ ունեին նախորդ տարվա ապրիլից, հայտնի պատճառներով ստիպված էին չեղարկել, հետաձգել. «Ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը իր վրա էր վերցրել ուղևորության ճանապարհածախսը, իսկ նոր կառավարությունը հրաժարվեց վճարել ճանապարհածախսի համար, երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, հյուրախաղերը չեղարկե՞մ, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միևնույնն է»: Նախարարությունն իր վերաբերմունքը թատրոնի հանդեպ հստակ ցույց է տվել, իսկ թե հիմա ինչ վերաբերմունքի են արժանանալու, պարզ կլինի ղեկավարության հետ նախատեսվող հանդիպումից հետո: Որպեսզի պարզ լինի ստեղծված պատկերը, Օրբելյանը մատնանշեց օպերային թատրոնում բեմադրած ներկայացումները, որոնց իրականացմանը պետությունը ոչ մի մասնակցություն չի ունեցել՝ «Մանոն», «Չիպոլինո»:
Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը բեմադրում են ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով: Վերջին անգամ պետութունից աջակցություն են ստացել 2016-ին «Դիմակահանդես» ներկայացման համար, բայց գումարը չի բավականացրել, և Օրբելյանն է ստիպված եղել հոգ տանել, որ ներկայացումը կայանա: «Ինչպես Վիլեն Շմավոնիչն էր ասում ամենուր՝ եթե չլիներ Օրբելյանը, ներկայացումը չէր լինի»,- ընդգծեց օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Տեղեկացրեց, որ չեն ստանում գումար նաև թատրոնի տանիքի վերանորոգման համար. անձրևների և ձյան տեղումների ժամանակ տանիքը կաթում է: Այնինչ, որքան ուշ լուծվի խնդիրը, այնքան շատ կլինեն ծախսերը: Օդափոխման երկու համակարգերը կա՛մ վատ են աշխատում, կա՛մ ընդհանրապես չեն աշխատում, որի պատճառով էլ ամռանը՝ շոգ եղանակին, թատրոնը չի կարողանում աշխատել: Կոնստանտին Օրբելյանը հույս ունի, որ այս խնդիրները կքննարկվեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ հանդիպման ժամանակ ու որոշակի լուծում կստանան:
Կվերադառնա՞ն արդյոք թատրոնի հովանավորները: Պետք է նոր բանակցություններ տարվեն, կայունություն լինի: Բայց նոր ու բնականոն զարգացումներ են սպասվում: Ինչպես արդեն նշեցինք, օգոստոսին կանցկացվի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Նոր տնօրենն ընտրվում է երեք տարով: «Կշարունակի՞ Օրբելյանը աշխատել որպես գեղարվեստական ղեկավար» հարցին ի պատասխան Օրբելյանն ասաց, որ գեղարվեստական ղեկավարին ընտրում է տնօրենը, հարցն այն է, թե ով է լինելու տնօրենը:
Այն, ինչ հստակ է, սպասվող լիաշունչ աշխատանքն է: Մաեստրոն անդրադարձավ նաև օպերային փառատոնի լինել-չլինելու հարցին:
«Երևանի առաջին միջազգային օպերային փառատոնը» մեկնարկել է ապրիլի 27-ին, նվիրված էր Գեղամ Գրիգորյանին: Հրավիրվել էին Հասմիկ Գրիգորյանը, Բարբարա Ֆրիտոլին, Գեորգի Գագնիձեն: Կոնստանտին Օրբելյանը նպատակ է ունեցել փառատոնն իրականացնելու նաև 2019-ին, բայց չի հասցրել, գուցե այս տարի փորձեն իրականացնել, որովհետև շատ կուզեր, որ այդ փառատոնը ավանդական դառնար:
Ավանդական հին ներկայացումները նոր լուծումներով բեմադրելու հարցն էլ քննարկվեց: Մաեստրոյի բնորոշմամբ՝ հնարավոր չէ կրկնել ամեն հինը: Ասում է՝ «Մանոնը» բեմադրեցին վառ ու հետաքրքիր լուծումներով, հայտարարել են մրցույթ «Անուշի» նոր բեմադրության համար, բնական է, որ «Անուշը» Գլենդելում չեն ցուցադրելու, բայց փաստն այն է, որ դա հնարավոր է վերականգնել բոլորովին այլ ձևով, ոչ թե զգեստները փոխել, այլ, օրինակ, կիրառել եռաչափ անիմացիա, վառ, դինամիկ, հետաքրքիր ներկայացում բեմադրել: Իրեն հարցրել են՝ երբ են «Անուշը» ԱՄՆ-ում ներկայացնելու: «Մեր ունեցած բեմադրությամբ չենք կարող ներկայանալ ԱՄՆ-ում, բայց նոր մի բան անելու դեպքում հնարավոր է»- պարզաբանեց մաեստրոն:- Արդեն լսումներ են եղել, 5-6 առաջարկ ենք ստացել, դեռ ոչ ոքի չենք ընտրել, բոլորի արածը շատ մոտ էր նրան, ինչ արդեն ունենք: Մարդիկ մի քիչ վախենում եմ դուրս գալուց ավանդականի շրջանակից»:
Սերժ Ավետիքյանի «Անուշը», որ տարիներ առաջ ներկայացվեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, աղմուկ ու դժգոհություն առաջացրեց: Օրբելյանն ընդգծում է ՝ «Անուշի» նոր մեկնաբանությունը պետք է արվի ամենաբարձր մակարդակով՝ դեկորացիան, հագուստը, կատարումը պետք է գեղեցիկ ու ճաշակով լինեն, և իհարկե, այդ ամենի համար գումար է պետք: Շատ է ցանկանում, որ այս տարի բեմադրվի «Անուշը»: «Հոբելյանական տարին անցավ, բայց «Անուշը» մնում է, մենք պարտավոր ենք դա անել»,- եզրահանգեց Օրբելյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում