Անթույլատրելի գործընթացներ են ընթանում. Տ.Աբրահամյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Past.am: «Փաստի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Փաստ-Պարո՛ն Աբրահամյան, որոշ շրջանակներ փորձում են Պաշտպանության բանակում հերթական ցավալի դեպքերն օգտագործելով՝ կրկին սրել «հայաստանցի-արցախցի» թեման ու այդպիսով նոր բաժանումներ ստեղծել։ Ի՞նչ գործընթաց է սա՝ մասնավորապես նկարագրվածի վտանգավորության տեսանկյունից։
Տ. Աբրահամյան-Անթույլատրելի գործընթացներ են ընթանում: Նկատելի է երկու հիմնական սպառնալիք՝ «հայաստանցի-արցախցի» կեղծ օրակարգի առաջ մղում և զինված ուժերի, զինվորականների (հատկապես սպայական կազմի) դեմ արշավ: Փորձում են հասարակական հնչեղություն ունեցող տարբեր միջադեպերը, գործընթացները փաթեթավորել մեր պետականության համար մեծ վտանգ ներկայացնող թեզերով: Ցավալիորեն պետք է նշեմ, որ հաճախ այդ թեզերը լայնորեն տիրաժավորում են հատկապես սոցիալական ցանցերում, և հանրության մի մասը դրանք որպես իրականություն է ընդունում՝ իր հնարավոր բոլոր հետևանքներով:
Սա անվտանգության լուրջ սպառնալիք է, որի ուղղությամբ պետական ինստիտուտները լուրջ աշխատանք ունեն անելու:
Փաստ-Բացի նշվածներից, փորձեր են արվում նույն ցավալի դեպքերին քաղաքական ենթատեքստ տալ՝ խնդիրը մատուցելով անգամ որպես Հայաստանի իշխանությունների դեմ գործընթացի։ Ընդհանրապես, ի՞նչ սահմաններ են հատվում, ինչպե՞ս պետք է կանգնեցնել այս ամենը՝ հաշվի առնելով նշված դրսևորումների անթույլատրելիության աստիճանը։
Տ.Աբրահամյան-Այն, որ վաղուց կարմիր գծեր են հատվել, երևի որևէ մեկի համար նորություն չէ: Բոլոր առումներով անթույլատրելի եմ համարում գործընթացը քաղաքական կամ մեկ այլ լույսի ներքո ներկայացնելը և առաջ մղելը:
Այն, որ մի շարք ուղղություններում անելիքներ ունենք, դա անհերքելի է, սակայն իրադարձությունները տարբեր դիտանկյունից շահարկման առարկա դարձնելը, մարդկային ողբերգությունները տարբեր գործընթացներում ցանկալի ուղղությամբ ներկայացնելը ոչ միայն բարոյականության հետ կապված հարցեր են առաջացնում, այլև չափազանց խոցելի են դարձնում մեր անվտանգությունը։
Փաստ-Իսկ ո՞ր դեպքերում է հնարավոր չեզոքացնել նման տրամադրություններ տարածելու և դրանցով որոշակի ազդեցություն ունենալու վերոնշյալ շրջանակների ցանկությունը։
Տ.Աբրահամյան-Առկա ռիսկերի չեզոքացումը երեք հիմնական մակարդակ է ենթադրում՝ քաղաքական, իրավական և տեղեկատվական: Առաջին՝ քաղաքական կուրս և քաղաքական հայտարարություններ, որոնք պետք է զսպեն հանրության շրջանում անվտանգության սպառնալիք պարունակող զարգացումները. այստեղ, բնականաբար, առաջնայինը պետական քաղաքականության ուղղություններն են:
Երկրորդ՝ իրավական մակարդակ, որը ենթադրում է իրավական հակազդեցությունը առկա սպառնալիքներին՝ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում: Երրորդը տեղեկատվական դաշտում իրականացվող գործողություններն են, որոնք առկա սպառնալիքները պետք է պահեն կառավարելի մակարդակում և նվազագույնի հասցնեն դրանց ազդեցությունը հանրության տարբեր խմբերի նկատմամբ:
Փաստ-Նկարագրված խնդիրների համատեքստում, առհասարակ, ի՞նչ պետք է գիտակցի մեր հասարակությունը, ի՞նչ հանգամանքներ ու արժեքներ պետք է հաշվի առնել՝ բանակում տեղի ունեցող ցանկացած երևույթ մեկնաբանելուց կամ որևէ խնդրի անդրադառնալուց առաջ։
Տ.Աբրահամյան-Զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների վրա մեծ թվով գործոններ են ազդում: Շատ ժամանակ մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ քաղաքական մակարդակում դրանք քննարկվում են խիստ հատվածական, հաշվի չեն առնվում դրանց բոլոր բաղադրիչները, ըստ այդմ՝ ո՛չ դիսկուրսն է ստացվում, ո՛չ ճիշտ դիագնոզը: Սա, բնականաբար, դրանց պատճառների վերացման առումով խնդիրներ է առաջացնելու։ Արդյունքում ունենում ենք հատվածական, կարճաժամկետ արդյունք, որին ստիպված ենք լինելու կարճ ժամանակ հետո կրկին անդրադառնալ:
Փաստ-Վերջում՝ Արցախում սպասվելիք ընտրությունների մասին։ Կան հրապարակումներ, որ նախընտրական գործընթացները բարդ փուլում են, չեն բացառվում նաև լարված իրավիճակները։ Այս առումով ինչպիսի՞ն է իրավիճակը։
Տ.Աբրահամյան-Ասել, որ նախընտրական գործընթացները բարդ փուլում են՝ կլինի չափազանցված: Լարվածություններ, նախընտրական կրքեր, իհարկե, բացառելի չեն. երկու համապետական ընտրություններ են՝ Արցախի համար խոշոր իրադարձություններ:
Մյուս կողմից՝ չավարտված պատերազմ, անորոշ հայտարարություններ և գործընթացներ: Որքան էլ մարդիկ հոգնեն ցանկացած իրադարձությունում պատերազմի վտանգի գործոնի քննարկումից, ուզենք-չուզենք, դրա ազդեցությունը գործընթացների վրա չենք կարող բացառել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում