Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախարարները քննարկում են Կարս-Ախալքալաք երկաթուղու հարցը
Նմանատիպ
Թուրքիայի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարներ Բինալի Յըլդըրըմը եւ Զիյա Մամեդովը, Վրաստանի էկոնոմիկայի եւ զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին ժամանել են Կարս’ քննարկելու Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, հունիսի 27-28-ին տեղի ունենալիք հանդիպումների ժամանակ երեք երկրների նախարարները պետք է վերջնականապես հստակեցնեն առկա խնդիրները եւ լուծումներ գտնեն 2008 թ. սկսված, բայց տարբեր պատճառներով բազմիցս հետաձգված այդ երկաթուղային ճանապարհի շինարարությունն ավարտին հասցնելու համար:
Ենթադրվում է, որ նախարարները պետք է մասնակցեն Կարսի Մեզրա գյուղի մոտ առաջին երկաթուղային գծերը տեղադրելու հանդիսավոր արարողությանը:
Թուրքիայի կողմից շրջափակված Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհի առկայության պայմաներում Կարս-Ախալքալաք երկաթուղին, որի 180 կմ ընդհանուր երկարության 103 կմ հատվածը գտնվում է Թուրքիայի տարածքում, իսկ 77 կմ-ը’ Վրաստանում, կառուցվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ’ նպատակ հետապնդելով շարունակել Հայաստանի շրջափակումը: Տնտեսական հիմնավորումից զուրկ և քաղաքական նպատակ հետապնդող այդ երկաթուղու շինարարության համար նախագծով նախատեսված էր 600 մլն դոլար: Սակայն Ադրբեջանն արդեն 770 մլն դոլար արտոնյալ վարկ է հատկացրել Թբիլիսիին միայն Վրաստանով անցնո ղ հատվածի համար, իսկ երկաթուղու վրա ընդհանուր առմամբ մինչ այժմ 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում