«Բոլոր սլավոնական ժողովուրդների մեջ ամենահերոսականը սերբերն են»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ Irates.am: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Սերբիայի պետականության օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսությունը: Հնչեցին Սերբիայի և Հայաստանի հիմները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանը. «Այստեղ ներկա են սերբեր և հայեր, որոնք եկել են նշելու Սերբիայի Հանրապետության օրը: Հայաստանը Սերբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1994-ին, երբ Սերբիան դեռ Հարավսլավիայի միութենական հանրապետության կազմում էր: Սակայն մեր բարեկամությունը, իրականում, մոտ 800 տարվա պատմություն ունի: 11-րդ դարում սերբ եպիսկոպոս սուրբ Սավան առաքելության նպատակով այցելում է արևելքի քրիստոնյա երկրներ և Սերբիա է վերադառնում Հայաստանով: Կիլիկյան Հայաստանում տեսնելով մեր մշակութային արժեքները` վանքեր, հուշարձաններ, որոշում է Կիլիկիայի հայ շինարարներից մեկին ՝ Դանիելին, հրավիրել Սերբիա, որպեսզի վերջինս մասնակցի հուշարձանների կառուցմանը: Մեզ կապում են նույն ճակատագիրը, անցած ճանապարհը, ընդհանուր թշնամուց կրած տառապանքները: Սերբերը շատ լավ գիտեն , թե ինչ է նշանակում 1915 թ. ցեղասպանություն, իսկ հայերը` սերբերից խլված Կոսովո»:
Հյուպատոսը նշեց, որ Սերբիա մուտք գործելու համար այլևս մուտքի արտոնագրեր հարկավոր չեն:
2019-ի դեկտեմբերին Հայաստանում պաշտոնապես բացվել է Սերբիայի Հանրապետության դեսպանատունը: ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչն ասաց, որ 1804-ի այս օրը (փետրվարի 15) սերբ ժողովուրդն արեց իր ընտրությունը՝ դեմ գնալով Օսմանյան կայսրությանը և ընդունելով իր նոր սահմանադրությունը. «Ես հպարտ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Կարծում եմ, որ մեր բարեկամությունն ավելի կամրանա: Ավելորդ չէ հիշել, որ 1915-ից սկսած շատ հայեր իրենց հանգրվանն են գտել Սերբիայում: Ավելացնեմ նաև, որ դեսպանատունը լինելու է Վազգեն Սարգսյան 10 հասցեում»:
Միջոցառման ընթացքում հնչեցին սերբական բանաստեղծություններ հայերեն թարգմանությամբ, ինչպես նաև սերբ գրողների ստեղծագործությունները` նվիրված ՝ Հայաստանին: Ասմունքեցին Գայանե Սամվելյանը, Աիդա Ասատուրյանը:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ասաց, որ իր համար ուղեցույց է Հովհաննես Թումանյանը: Սերբական էպոսի իր թարգմանությանը կից հոդվածում Թումանյանը նշել է, որ բոլոր սլավոնական ժողովուրդների մեջ ամենահերոսականը սերբերն են:
Երաժշտության տեսաբան Ալինա Փահլևանյանն էլ հավելեց, որ սերբ և հայ ժողովրդների երաժշտական մտածողությունը շատ նման է, մեղեդիների զգալի մասը մինոր ձայնակարգում է: Վերջում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի սերբ ուսանողներից մեկը հրաշալի հայերենով ներկայացրեց Սերբիայի ազատագրման պատմությունը:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում