Ավետիք Իսահակյան. Մեղքի և զղջման երգեր
Նմանատիպ
I
Արևի ոսկին ծով-մազերիդ մեջ,
Գարունը ծաղկած` այտերիդ վրա,
Ժպտուն աստղերը` աչերումդ անշեջ:
Վարդի ճոխ բուրմունք շրթունքիդ ցայտուն,
Թավիշ դեղձերը վառ կրծքիդ վրա,
Աշխույժ թռչնի պես` սիրտդ թռվռուն:
Դո՛ւ, անուշաբույր, կախարդիչ մարմին,
Դո՛ւ, պուրպուր գինի` շքեղ, դյութական,
Թո՛ղ քեզնով հարբիմ ու գիրկդ մեռնիմ.-
Վայելքը անմահ կմնա միայն…
II
Բարվոք է գուցե, թեկո՛ւզ և իրավ
Զսպել կրքերը, տիրել կըրքերին.
Սակայն ավելի գեղեցիկ է, լա՛վ,-
Ազա՜տ, սանձարձա՜կ թողնել կըրքերին:
Արա՛, ի՛նչ կուզես, ի՛նչ որ կարող ես,
Պարտքն ու բարին սո՛ւտ են ու պատիր.-
Սիրի՛ր այն, ինչ որ կյանք է տալիս քեզ.
Ինչ որ վիշտ ու մահ – հեռացի՛ր, ատի՛ր:
Կյանքից դուրս չըկա՛ ոչ մի դըրություն.
Ոչի՛նչ էիր դուն, ոչի՛նչ պիտ դառնաս.-
– Կընոջով, երգով, գինով արբի՛ր դուն,
Արբի՛ր, որ մահն ու աշխարհը մոռնաս…
III
Ա՜խ, երազ-սիրո հոգիս ծարավոտ`
Ծըծեցի սակայն շրթունքը մեղքի.
Հոգիս տենչացող գեղեցկին անսուտ,
Բայց թաթախվեցի գարշ ճահճում կյանքի:
Չըգտա մի տեղ անմարմին մի կին,
Սերըս կորցրի պագշոտ գրկի մեջ.
Ինչ որ ունեի – և վսեմ, անգին,
Ողջը աղտոտվեց անհուն կրքի մեջ…
IV
Բարձր լեռների արծիվը մեկ-մեկ
Ագահ ագռավից ցածր կըթռնի,
Սակայն դաշտերի ագռավը երբեք
Հզոր թռիչքին նրա, չի հասնի:
Ինչքան թաթախվիմ գարշ ճահճում կյանքի,
Հոգիս չի զարթնի վսեմ երազից.
Չի կորճում մթնում շողն արեգակի,
Բարձունքն ես գիտեմ, կըճախրեմ նորից:
V
Ջինջ ծովակի մեջ կա մի լուռ կղզի,
Մենավոր, անդորր ժայռեղեն մի գահ,
Ուր քաղցր է հնչում ղողանջը զանգի,
Եվ փռվում մեղսոտ աշխարհի վրա:
Եվ լուռ կղզու մեջ կա նվիրական
Հինավուրց քարայր, մի վեհ սրբազան.
Այնտեղ պիտ գնամ, լամ, քավեմ, ողբամ
Հոգիս մեղավոր և բազմաչարչար:
Եվ պիտի ծեծեմ կուրծքս քարերին,
Եվ պիտի հեծեմ ցնորքս անբիծ,
Եվ պիտի գտնեմ սերը երկնային,
Որ հոգիս այրե և մաքրե նորից…
1907թ.
Թիֆլիս