Հայտնի հայ նկարիչներն ի աջակցություն Չինաստանի ստեղծել են միասնական կտավ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Հայ նկարիչները ստեղծել են միասնական կտավ՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը նախաձեռնել է Նանկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նկարիչ Գագիկ Ավետիսյանը Հայաստանի նկարիչների միության օժանդակությամբ:
Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը:
Զոհրաբ Մնացականյանը վստահություն հայտնեց, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները շատ մոտ ապագայում թույլ կտան հաղթահարել ստեղծված իրավիճակը և բնականոն հուն վերադարձնել կյանքը:
«Այս միջոցառման նպատակն է մեր զորակցությունը և քաջալերանքը հայտնել բարեկամ Չինաստանին և չին ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում` այս անգամ մշակութային արտահայտմամբ: Մեր ժողովուրդների միջև մշակույթի տարբեր ճյուղերի և տարաբնույթ միջոցառումների միջոցով փոխադարձ կապերը եղել են շարունակական և վերընթաց: Մենք առանձնահատուկ սրտացավության ենք հետևում վարակի այս բռնկմանը, որն արդեն իսկ բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Հիացմունքի է արժանի այս մարտահրավերներին դիմակայող չին ժողովրդի վճռականությունը»,- ընդգծեց Մնացականյանը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և նշեց, որ այս միջոցառումը արտահայտում է Հայաստանի աջակցությունը չին ժողովրդին:
« Շեշտել, որ այս համաճարակը հանկարծակի էր բռնկվել և դրան պատրաստ չէինք, բայց Չինաստանի կառավարությունը Սի Ցզինպինի գլխավորությամբ լուրջ քայլեր է ձեռնարկել և երկրի յուրաքանչյուր հատվածում խստիվ վերահսկվում է և ձեռնարկվում են քայլեր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ղեկավարությունը ի դեմս նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, հայտնել են իրենց կարեկցանքը չին ժողովրդին և Չինաստանի ղեկավարությանը, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերել և առաջարկել»,- ասաց Թիան Էրլունը:
Նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Գագիկ Ավետիսյանի, Արա Հակոբյանի և այլ նկարիչների ստեղծած միասնական կտավը կհանձնեն Հայաստանում Չինաստանի դեսպանությանը, որից հետո այն կուղարկվի Չինաստանի Ուհան քաղաք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում