Հայկական կինոժառանգությունը ներկայացվելու է ամերիկյան հանդիսատեսին

Հայկական կինոժառանգությունը ներկայացվելու է ամերիկյան հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Այս տարի Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես, առանձին տաղավարով կներկայացվի Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում, որն անցկացվելու է փետրվարի 20-27-ը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Դեռ 2019 թվականին, երբ ես այցելեցի Բեռլինի կինոշուկա, ականատես եղա մի փաստի, որ Հայաստանից բազմաթիվ կինոգործիչներ էին ներկա և հարթակ չունեին, որտեղ կարողանային իրենց ժամադրություններն ու հանդիպումները կազմակերպել, լիարժեք աշխատանք իրականացնել: Այդ պահից սկսած՝ նպատակ դրեցի անպայման 2020 թվականին ունենանք այդ հնարավորությունը»,- նշեց նա։

Շ. Միրզախանյանը տեղեկացրեց, որ Կինոկենտրոնը սկսել է պատրաստել իր նոր լոգոն և Բեռլինի տաղավարում կներկայանա նոր լոգոյով։

Նա նշեց, որ մասնակցում են ոչ թե Բեռլինի փառատոնին, այլ կինոշուկային, որին բոլոր պրոդյուսերներն իրենք են ներկայացնում իրենց պրոեկտները. «Ընդամենը որպես պետական օղակ ապահովել ենք այդ հարթակը՝ վարձակալվել է տարածք, դիզայն է արվել, կատալոգ է տպվել, բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի արտադրողները, պրոդյուսերներն իրենք գնան ու ներկայացնեն իրենց արտադրանքը։

Շ.Միրզախանյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարի 28-ից մարտի 14-ը ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի ազգային պատկերասրահը, համագործակցելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ կազմակերպել է «Հայկական ոդիսական» խորագրով փառատոն, որը վերաբերում է հայ մշակույթին, երաժշտությանը և կինոյին։

«Հայկական կինոժառանգությունն ենք ներկայացնելու ամերիկյան հանդիսատեսին։ Լինելու են մեծ թվով հյուրեր, մեր դեսպանությունն այդտեղ մեծ աշխատանք է տարել, հրավիրվել են տարբեր դեսպանատներից ներկայացուցիչներ»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը։

Վաշինգտոնում ցուցադրվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հակոբ Հովնաթանյան», Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմերը։

Հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել «Զանգեզուրը», Շ. Միրզախանյանը պատասխանեց, որ ամերիկյան կողմի ընտրություն է. «Իրենք նախապես ուզում էին «Պեպո»-ն, մենք էլ էին ուզում «Պեպո»-ն, սակայն կան որոշ խնդիրներ, չէինք հասցնի վերականգնված տարբերակը ներկայացնել, իսկ ժապավենով չէինք ուզում ներկայացնել, վատ որակի է»։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանն ասաց, որ ընտրությունը կապված է Արամ Խաչատրյանի երաժշտության հետ. ««Պեպո»-ն էր ընտրվել, որպես առաջին ֆիլմ, որի համար երաժշտություն էր գրել Արամ Խաչատրյանը, «Զանգեզուրը» երկրորդ ընտրությունն էր, երաժշտությունն էլի Արամ Խաչատրյանն է գրել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում