Կոմիտաս. Բուսաբարև

Կոմիտաս. Բուսաբարև

Սնունդը՝ ծառին

Ծառի՛կ, ծառի՛կ,
Շունչդ անառիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս՝
Անջուր անլուր,
Քո բուռ ու կուռ,
Դալարում ես
Դեպի երկին փռելով,
Ու ճյուղերդ ջրելո՞վ։

Ծառն՝ արմատին

Բունի՜կ-բունիկ՝
Կաթնետունիկ.
Ի՞նչ ու ինչպե՞ս
Քո երակներ
Լուսո ակեր
Պալարում ես
Եռուն-եռուն կրակելով,
Հեռուն-հեռուն ճրագելո՞վ։

Բունը՝ բարին

Բարի՛կ–բարիկ՝
Շունչ-պարարիկ.
Ի՞նչ ու ինչպե՞ս
Տնիկ-տնիկ
Բազմածնիկ
Գալարում ես
Ոգի-ոգի նվագելով,
Պահիկ-պահիկ հավաքելո՞վ:

Բարը՝ ծաղկին

Ծաղի՜կ-տիրուն՝
Երկրի՛ սիրուն.
Էդ ի՞նչ ու ինչ
Թերթիկ ունես՝
Կարմիր-ձուն ես.
Ու լարում ես.
Բոլոր-մոլոր եռ թշերով,
Ոլորվելով սեր նշերո՞վ։

Ծաղիկը՛ տերևին

Տերե՜վ-տերև,
Գլխավերև,
Էդ ի՞նչ ու ինչ
Առակ-առակ՝
Կանաչ-կարագ
Նկարում ես.
Քու մատիկներ հեղուն-բեղուն
Ու պատիկներ հղուն-մեղո՞ւն:

Բոլորն՝ իրար

Միանալո՜վ
Հիանալով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում