Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանի Կում քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացած երկու իրանցիները չեն հաղորդակցվել Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստանից եկած մարդկանց հետ: Այս մասին հայտնել է Իրանի Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցով ազգային հանձնաժողովի անդամ Մասուդ Մարդանին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել: Նրանք երկուսն էլ իրանցիներ, Կումի բնակիչներ են եղել:
«Առողջապահության նախարարությունում ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրման հարցով հանձնաժողովն այժմ պարզում է Կումում վարակվածներին կորոնավիրուսի փոխանցման ճանապարհը»,– ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ հիվանդությունը նրանց է փոխանցվել քաղաքի զբոսաշրջիկներից մեկից, որը Իրան է եկել հարևան պետություններից մեկից: Մարդանին նշել է, որ այնուամենայնիվ իրենք չեն կարող հաստատել վարակի փոխանցման վայրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի մասին տեղեկությունը: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանք մեկուսացվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում