Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի, որը կոչվում է «Ռեքվիեմ UIA 752 թռիչքի»։ Այս մասին տեղեկանում ենք իրանական Irna գործակալությունից։
Նախագծի շուրջ համագործակցել են Ռազմիկ Օհանյանը, Յարտա Յարանը, Էհսան Բեյրղդարը, Ալիռեզա Ռադը, Շահու Զանդին, Նասեր Իզադին, ինչպես նաև Բարդիա Սադր Նուրին:
Մեկնաբանելով արվեստի գործի ստեղծումը՝ Ճգնավորյանը խոստովանել է, որ պատահածի վերաբերյալ իր խորը վիշտը շատ արագ արվեստի գործի վերածելը «հրաշք էր»։
Լորիս Ճգնավորյանը, ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 13-ին Իրանի Բորուջերդ քաղաքում։
1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։
Որպես իր սերնդի առաջատար դիրիժորներից մեկը, նա ղեկավարել է միջազգային նվագախմբեր ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Կոպենհագենում, Իրանում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Թայլանդում, Հոնկոնգում, Հարավային Աֆրիկայում և Դանիայում:
Հիշեցնենք, որ ուկրաինական ինքնաթիռը, որում գտնվում էին 176 ուղևորներ, պատահաբար խոցվեց Իրանի ՀՕՊ համակարգերի կողմից՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների լարման արդյունքում, որն առաջացել էր Իրանի գեներալ Ղասեմ Սոեյմանիի սպանությունից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում