Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի 70-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը (Բեռլինալե) փետրվարի 20-ին Գերմանիայի մայրաքաղաքում բացվում Է կանադացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆալարդոյի «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ: Պաշտոնական արարողությունը կանցկացվի Պոտսդամի հրապարակում գտնվող Թատրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փառատոն կայցելեն, մասնավորապես, Ջոննի Դեփը, Հելեն Միրենը, Ուիլեմ Դեֆոն: Բացի այդ, Բեռլին կժամանի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ժյուրիի նախագահն Է բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Այրոնսը, որը հայտնի Է «Լոլիտա» (1997 թ.), «Ֆրանսիացի լեյտենանտի կինը» (1981 թ.) եւ բազմաթիվ այլ կինոնկարներում խաղացած դերերով:
Այս տարի կինոփառատոնը կղեկավարի միանգամից երկու մարդ՝ իտալացի կինոքննադատ Կառլո Շատրիանը եւ Նիդեռլանդների ներկայացուցչուհի Մարիթ Ռիսենբեյքը: Մինչեւ անցյալ տարի Բեռլինալեի տնօրենը 2001 թվականից ի վեր անփոփոխ եղել Է գերմանացի Դիթեր Քոսլիկը: Կինոփառատոնի կազմակերպիչներն այս տարի շատ ուշադիր հետեւում են նոր կորոնավիրուսի տարածման առնչությամբ իրադրության զարգացմանը:
Չինաստանի պատվիրակություններից մեկը, որը պետք Է առաջին անգամ ժամաներ Բեռլինալե, չեղարկել Է իր մասնակցությունը: ՉԺՀ-ից հայտարարված 280 մասնակիցներից Գերմանիայի մայրաքաղաք չի ժամանի շուրջ 120 հոգի: Ընդամենը մրցութային ծրագրում ներառվել Է 18 ֆիլմ, այդ թվում՝ Սալլի Փոթերի «Չընտրված ճանապարհներ» դրաման՝ գլխավոր դերերում Խավիեր Բարդեմի, Սալմա Հայեքի եւ Լորա Լինի մասնակցությամբ, ամերիկացի ռեժիսոր Աբել Ֆերարայի «Սիբիր» ֆիլմը՝ Ուիլեմ Դեֆոյի մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում