Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27–ին շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կոլեկտիվին:
«Հարգելի բարեկամներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ մեր հանրապետական թերթի բոլոր ընթերցողներին հիշարժան հոբելյանի՝ հիմնադրման 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Ստեղծման օրից «Ազատ Արցախը» միշտ եղել է իր ժողովրդի կողքին, արտահայտել նրա հոգսերն ու ձգտումները եւ ամենածանր պահերին դարձել նրա խոսափողը: Հատուկ կուզենայի նշել թերթի առանցքային դերակատարությունը մեր ազգային-ազատագրական նորօրյա պայքարում: Դա յուրօրինակ հերոսություն էր եւ սխրանք, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի:
Անցնելով երկար ճանապարհ’ թերթն այսօր էլ շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում: Վստահ եմ, որ զարգացնելով տասնամյակների ընթացքում կուտակված հարուստ փորձն ու ավանդույթները, «Ազատ Արցախն» այսուհետ էլ հավատարիմ կմնա իր հիմնական նպատակին’ ծառայել հարազատ ժողովրդին ու հայրենի երկրին, պատմել մարդկանց առօրյա կյանքի եւ հուզող խնդիրների մասին, ներկայացնել ու պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ’ աշխատանքում եւ անձնական կյանքում:»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում