Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Trert.am: Սա ինչ երկիր է, որ ես ներդնեմ, անընդհատ ասֆալտին խփել, պատին խփել, անհիմն մարդկանց ձերբակալել, մարդկանց չեն էլ ասում՝ ինչու են ձերբակալել, այս հարցերը պետք է լուծել: Այս մասին այսօր «Պրեսինգ» հաղորդաշարին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ներդրումներին: Նա նշեց, որ Հայաստանում ներդրում չէր անի, և այս երկրում նույնիսկ որոշված չէ ինչ է ներդրումը:
«Կա թալանված բան, կոնկրետ մարդուն դատեք, այս ինչ տոնայնությունն է, մարդ կա կյանքը, առողջություն է դրել, մարդ կա, եթե չլիներ կառավարության էդ շենքում, այսօր Հայաստանը չէր լինելու: Ես սկզբում ուզում էի օգնել Փաշինյանի կառավարությանը, ես Փաշինյանին լավ եմ ճանաչում, մտածում էի, որ կարող ուզենան երկրում լավ բան անել, բայց չէ, այդպիսի բան չկա»,– ասաց նա: Նախկին վարչապետն ասաց, որ այս երկու տարվա մեջ չի կարող մի հարց ասել, որ ներդրողի համար լուծել են:
«Թող Սերժ Թանկյանը գա ներդրում անի և այստեղ երկու օր ապրի: Ի դեպ, նա շատ հետաքրքիր, օրիգինալ տղա է, ես հիշում եմ, որ 2015թ. եկել, նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին էր պաշտպանում: Սրանք կիսասորոսական մոտեցումներ ունեցող մարդիկ են»,- ասաց նա:
Տնտեսագետն ասաց, որ Հայաստանը ներդրում արտահանող երկիր է, Հայաստանը ֆինանսավորող երկիր է: «Պարզապես, իրականում փորձ է արվում դեմագոգիկ արժեքները մատուցել, որպես իրականություն»,-հավելեց նա:
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներդրումների հետ կապելու փորձերին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանը կապ չունեն ներդրումների հետ, քանի որ ներդրողի համար կապ չունի, թե ով է Սահմանադրական դատարանի նախագահը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարություն չկա և ոլորտը բարձիթողի վիճակում է: «Գյուղատնտեսության նախարարությունը փակելով՝ կառավարության մտքինն այն էր, որ գյուղատնտեսությամբ զբաղվող չկա, գնացեք ոնց կուզեք յոլա գնացեք: Իրենք երեք տոկոս անկում են ցույց տվել անցած տարի, հնարավոր է անկումը շատ ավելի շատ է»,-ասաց նա:
Ըստ նրա՝ մասնավոր հատվածի մեծ մասի աշխատավարձը հիսուն տոկոսից ավելի իջեցրել են, և հատկապես, էլիտայի և նախարարների աշխատավարձն է աճել: Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատողների պարգևավճարիների մասին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, թե ինչ տարբերություն կաշառք ես վերցնում, թե՞ պարգևավճար:
Նա ասաց, որ երբ մարդուն 15 ամսվա պարգևավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն: «Ստացվում է իրենք իրենցից մոգոնել են բացատրություն, և ասում եմ՝ Ատոմ ջան այսինչ նախարարը կմոտենա, գումարը կտաս՝ գնա, սա՛, գանձագողություն չէ, ի՞նչ է»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ նա ասաց, թե ինչով է դա ավելի լավ նախկինում գործող համակարգից: «Կամ ինչու պետք է վարչապետի կինը, օգտագործելով վարչապետի անունը, ֆինանսական ֆոնդ ունենա, դա տեղով կոռուպցիա է, և եթե վարչապետը ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ՝ թող սկսի այդ ֆոնդերից: Դա արտաբյուջետային ֆոնդ է, որին ես դեմ եմ, դա հենց այնպես բարեգործական չէ, քանի որ վարչապետի կինը պաշտոնյա է»,– ասաց նա:
Բագրատյանը նշեց, որ կառավարությունը տնտեսական աճն ավելի է գրել: «Ամեն տարի աճ են գրել, բացառությամբ Բագրատյանի կամ առաջին կառավարության՝ Տեր-Պետրոսյանի օրոք: Այն ժամանակ այդպիսի բաներ չի եղել, մարդիկ նույնիսկ պատժվել են՝ աճը չափազանցնելու համար: Հետո տեսել ենք, թե ոնց տակից դուրս գանք, այսքան որ աճում ենք, Վրաստանը պետք է վաղուց հետ ընկած լիներ: Սա ահավոր հանցագործություն է, սա թող հաղորդում լինի դատախազության համար, հաղորդում լինի վիճվարչության պետի, որ 23 տարի այս հանցագործությունն արել է, այս ահավոր հանցագործության համար, այս երկրում պետք է պատժվե՞ն»,- ասաց նա և նշեց, որ այդ գործով Համաշխարհային բանկին նամակ է գրել և հորդորել է դիմել վիճակագրական կոմիտե: Ըստ նրա ինստիտուցիոնալ կոռուպցիա է ներկայումս իրականացվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում