Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրաքը փակել է Իրանի հետ պետական սահմանը` զգուշանալով նոր` COVID-2019 կորոնավիրուսի տարածումից: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Իրաքի պաշտոնյաներն այս որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի պատճառով մահվան 2 դեպքի մասին:
Իրաքի առողջապահության նախարարությունն այսպիսի միջոցառումների ներդրման անհրաժեշտությունը բացատրել է «երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորափոխադրումներով, որը կրոնական ուխտագնացության ժամանակ հասնում է մի քանի միլիոն մարդու, ինչպես նաև ուղևորներին զննելու և կարանտինային պայմաններում պահելու ընթացակարգեր ներառող կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու դժվարություններով»:
Միևնույն ժամանակ, իշխանությունները սահմանը չեն փակում Իրանից վերադարձող իրաքցիների համար, սակայն վերադառնալուն պես նրանք պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն:
Իրաքյան ավիաընկերությունները նույնպես դադարեցրել են չվերթները դեպի Իրան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացի է մահացել: Այս դեպքից հետո Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում