Փրկությունը յոթ կնիքով կնքված չէ
Նմանատիպ
Սու՛րբ եղեք, քանզի Սուրբ եմ ես:
Ղևտ.11;44
Այս խոսքերը մարդկանց աչքից հեռացնում են Աստծուն և թողնում աննվաճելի բարձունքի վրա. ա՛յն մարդկանց աչքից, ովքեր մտադիր էլ չեն որևէ քայլով նվազեցնելու այդ հեռավորությունը:
Մարդկանց համար ավելի հարմար է ո՛չ թե բարձրանալ առ Աստված, այլ Աստծուն իջեցնել իրենց մակարդակին. դա նրանց համար Աստծուն հասնելու ամենահարմար տարբերակն է եղել միշտ: Աստված եկավ բոլորին փրկելու համար, և բոլորին էլ կփրկի. բոլոր` փրկվելու ցանկություն և մեղքից ազատվելու կամք ունեցողներին: Այսինքն, Աստծո արքայության դռները կբացվեն փրկվելու նվազագույն ցանկություն ունեցողների առջև. ցանկություն, որ ստիպում է անել քայլեր, որ տանում են դեպի փրկություն: Աստված փրկում է առանց ջանքեր, ինքնակտտանքներ և զրկանքներ պահանջելու. Նա արդեն ջանացել է, չարչարվել ու զրկվել քո փոխարեն, Նա արդեն տոկացել է, հաղթել ու հարություն է առել քեզ համար: Քեզ մնում է միայն դրական պատասխանել Նրա մի հարցին` հավատու՞մ ես:
Աստված շատ փոքր բան է պահանջում, ավելի ճիշտ` Նա նույնիսկ չի պահանջում, այլ ընդամենը առաջարկում է ընդունել քեզ համար պատրաստած լավագույն ապագան:
Աստծո անսահման մարդասիրության մասին վկայում է Նրա Խոսքը, որ փաստում է. փրկությունը յոթ կնիքով կնքված չէ և կտրվի բոլոր նրանց, ովքեր կընդունեն այն, երբ անձնապես ճանաչեն Փրկչին և իրապես գիտակցեն իրենց հոգու փրկության անհրաժեշտությունը: Աստծո անսուտ Խոսքը վկայում է. «Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա, ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա: Եվ ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու` իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի» (Մատթ.10;41-42): Փրկությունը նրանցն է, ովքեր այն ընդունում են. Աստված երբեք չի բռնանում մարդու ինքնիշխան կամքի վրա: Բայց խնդիրն այն է նրանում, որ մարդը այդ փրկությունը վերցնելու համար պետք է մոտենա Աստծուն, անցնի ճանապարհ, ձգտի սրբության, և նվազագույնը, որ մարդը պետք է անի սրբությանը հասնելու համար, իր ուժերի ներած առավելագույն չափով դրան ձգտելն է: Եթե մարդու համար սրբությունը օտար ու ատելի է, ոչ միայն ինքը չի ձգտի սրբանալ, այլև չի ընդունի նրանց, ովքեր ձգտում են: Հիսուս ասում է. «Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ.8;31-32): Իսկ ո՞րն է Հիսուսի ուսուցումը մարդկության ծագումից ի վեր մինչև մեր օրերը, եթե ոչ. «Սու՛րբ եղեք, քանզի Սու՛րբ եմ ես» (Ա Պետ.1; 16-17): Աշխարհը հմտորեն քողարկում է մարդու սրբանալու կամ գոնե սրբությանը ձգտելու կարևորությունը բացահայտող միակ ճշմարտությունը: Ճշմարտությունը մեկն է, քանզի այն ոչ թե մարդկային, այլ աստվածային կատեգորիա է, այն կարծիք չէ, որ ասենք` որքան մարդ, այնքան ճշմարտություն, այնինչ աշխարհը կարողացավ մարդուն համոզել, որ ճշմարտությունը կարելի է ամեն տեղ գտնել, աշխարհը քարոզում է. «Պետք չէ կաղապարվել, թող ոչ ոք ձեզ չխաբի, չպարտադրի իր քարացած հայացքները, աշխարհը փոխվում է, ժամանակները այլ են, 21-րդ դարում ենք ապրում….»։ Իսկ արդեն Աստծուց ապահով հեռավորության վրա տանելուց հետո անպաշտպան մարդուն ասում է. «Դու ես քո ճակատագրի տերը»` դրանով նրան վերջնական շփոթության մատնելով: Դա արվում է այնպես համակողմանիորեն, հետևողականորեն և մասնագիտորեն, որ գրեթե բոլորը համոզված են, որ փոփոխականը հաստատունից ավելի վստահելի է, որ մարդը աշխարհից հեռանալու կամ փախչելու պատճառներ չունի, արդյունքում ամեն ոք «բնավորվում» է աշխարհի պատրող կապանքներում և պատվում կեղծ ապահովության կպչուն ոստայնով:
Աշխարհը ասում է, թե փրկությանը դեռ պետք է արժանանալ` դրանով իսկ անհնարին դարձնելով այն, այնինչ փրկությունը պետք է ընդամենը ընդունել, քանզի Աստված Իր Որդու Տվչությամբ արդեն իսկ մարդուն արժանի համարեց և դարձրեց: Նա մարդուն տվել է փրկվելու մեն միակ միջոց, բայց այնքան շատ հնարավորություններ, որ շատերի կողմից այդպես էլ աննկատ են մնում: Ընդունել Տիրոջ ծառաներին և պատվել ըստ արժանվույն միայն նրա համար, որ նրանք Տիրոջն են. որքան հեշտ է Աստծո բարեհաճությանը արժանանալ: Արդարին ընդունողը կարդարանա, մարգարեին ընդունողը մարգարե կհամարվի, աշակերտին մի բաժակ ջուր տվողը անվարձահատույց չի մնա: Բայց ո՞վ է այսօր ընդհանրապես մտահոգ Աստծուն ճանաչելու կամ ընդունելու անհրաժեշտությամբ: Մարդիկ աշխարհային թելերով կապված խամաճիկներ են, իսկ մարդկային կյանքը` պարտադրված ներկայացում, որ միշտ չի ծափերով ընդունվում:
Ճշմարտությունը ազատում է նրանց, ովքեր ձգտում են նվազագույն սրբությանը. ընդունում են այդ ճշմարտությունը:
Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում