Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի սիրված հեքիաթներից մեկը` «Քաջ Նազար»-ը, հետաքրքիր մոտեցմամբ ու մեկնաբանությամբ ներկայացվելու է Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Առաջնախաղերը նախատեսվում են փետրվարի 28-29-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Քաջ Նազար»-ի բեմադրիչ Կարեն Ներսիսյանն ասաց, որ այժմ ներկայացումը վերջնական տեսքի բերելու գործընթացում է: «Մեծագույն հաճույքով ենք փորձերին մասնակցում և՛ ես, և՛ դերասանները: Իրապես երջանկություն է աշխատել թումանյանական նյութի հետ: Ներկայացումը շատ ուրախ է, տոնական: Երբ նոր էինք սկսել փորձերը, մտածում էինք ներկայացումը փոքրիկների՞ համար է լինելու, թե՞ մեծահասակների: Եկանք այն եզրակացության, որ «Քաջ Նազար»-ն այնքան էլ հեքիաթ չէ. դա շատ լուրջ փիլիսոփայական ասք է: Երբեմն բեմադրություն անելիս ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչն է կարելի, ինչը ոչ: Իսկ Թումանյանն ասում է`արա ինչ ուզում ես` երգիր, պարիր, սիրիր»,- պատմեց Կարեն Ներսիսյանը:
Նրա խոսքով`ներկայացումը սիրո խոստովանություն է Թումանյանին և թատրոնին:
Անդրադառնալով բեմանկարիչ և հագուստների մոդելավորող Անդրեյ Զապորոժսկուն՝ Ներսիսյանը շեշտեց, որ ռուսական տարբեր թատրոններում Անդրեյի հետ մի շարք ներկայացումներ են բեմադրել:
Անդրեյ Զապորոժսկին օգոստոսին է եղել Հայաստանում և հաճույքով է աշխատում մեր երկրում: «Բոլորը միմյանց հասկացել են: Հիմա փորձերն անում ենք դեկորացիաներով, զգեստներով: Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսել էինք»,- ասաց բեմանկարիչը:
«Քաջ Նազար»-ից բացի, Ռուսական թատրոնն առաջիկայում թատերասերների դատին կհանձնի «Վարշավյան մեղեդի»-ն, որի ռեժիսորը Դիանա Բաբայանն է, Ներսիսյանն աշխատելու է Չեխովի «Բալի այգի» ներկայացման վրա, իսկ փոքր բեմում Մանվել Խաչատրյանը բեմադրելու է Դոստոևսկու «Խեղճ մարդիկ»-ը:
Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաշալի է համարում այն, որ թատրոններն ունեն հովանավորներ, աջակիցներ, բայց վերջին շրջանում ռուսական թատրոնում բեմադրված բոլոր ներկայացումները իրականացվել են սեփական ուժերով և հնարավորություններով:
Խոսելով հյուրախաղերի մասին`Մխիթարյանն ասաց, որ արտերկրի ելույթներից զատ կարևոր են շրջագայությունները Հայաստանում: Թատրոնը հանդես է գալու Գյումրիում, Սյունիքի մարզում և այլուր: Այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում:
Ռուսական թատրոնը «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ մասնակցելու է Սարանսկի թատերական փառատոնին, իսկ հոկտեմբերին «Օնեգին» բեմադրությամբ հանդես կգա Մինսկի «Բելայա Վեժա» թատերական փառատոնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում